Ձեզ ենք ուզում ներկայացնել աշխարհի ամենակարճ և հուզիչ պատմվածքներից 5-ը:
Ջեյմս Օրվիս «Պատուհան»
Այն բանից հետո, երբ Ռիտային դաժանորեն սպանեցին, Կարտերը նստած է պատուհանի մոտ:
Ոչ մի հեռուստացույց, ընթերցանություն կամ նամակագրություն: Նրա կյանքը այն է՝ ինչ երևում է վարագույրից այն կողմ:
Նա թքած ունի թե ով է կերակուր բերողը, ով է մուծում վարձերը. նա չի լքում սենյակը:
Նրա կյանքը՝ վազող ֆիզկուլտուրնիկներն են, տարվա եղանակի փոփոխություններն են, անցնող ավտոմեքենաներն են, Ռիտայի ուրվականն է:
Կարտերը չի հասկանում որ փափկեցված պատերով այդ հիվանդասենյակում պատուհաններ չկան:
Լարիսա Կիրկլենդ «Առաջարկություն»
Աստղազարդ գիշեր: Ամենահարմար ժամանակը: Ընթրիք մոմերի ներքո: Հարմարավետ փոքրիկ իտալական ռեստորան: Փոքրիկ, սև շրջազգեստ: Շքեզ մազեր, փայլփլող աչքեր, արծաթազարդ ծիծաղ: Միասին են արդեն երկու տարի: Հրաշալի ժամանակ: Իսկական սեր, լավագույն ընկեր և չկա էլ ոչ մեկ: Շոմպա՛յն: Առաջարկում եմ ձեռքս ու սիրտս: Մեկ ծնկի վրա: Մարդի՞կ են նայում, թո՛ղ նայեն: Հիասքանչ ադամանդե մատանի: Կարմրած այտեր, աննման ժպիտ:
Ինչպե՞ս ոչ:
Չարլզ Էնրայտ «Ուրվական»
Հենց դա պատահեց՝ ես շտապեցի տուն, որպեսզի կնոջս հայտնեմ այդ ցավալի լուրը: Բայց նա կարծես ինձ չէր էլ լսում: Նա ընդհանրապես ինձ չէր նկատում: Նա նայում էր ինձ վրա, սակայն հայացքն անցնում էր իմ միջով՝ կարծես թափանցիկ լինեի: Իրեն խմիչք լցրեց: Միացրեց հեռուստացույցը:
Այդ ժամանակ հնչես հեռախոսի զանգը: Նա մոտեցավ և վերցրեց լսափողը: Ես տեսա թե ինչպես այլայլվեց նրա դեմքը: Նա դառը-դառը լաց եղավ:
Էնդրյու Է. Հանթ «Շնորհակալություն»
Բրդե ծածկոցը, որը նրան նվիրել էր բարեգործական ֆոնդը, հարմարավետ գրկել էր նրա ուսը, իսկ կոշիկները, որոնք գտել էր այսօր աղբամանում, ամենևին չէին սեղմում:
Փողոցային լույսերը հաճելիորեն ջերմացնում էին նրա հոգին՝ սառը մթից հետո:
Նրա ծեր մեջքի տակ այգու նստարանի թեքությունը այնպես հարազատ էր թվում նրան:
«Շնորհակալ եմ Քեզ Տե՛ր Աստված, -մտածեց նա, -Կյանքը ուղղակի հրաշալի է»:
Բրայան Նյուել «Ի՞նչ է ուզում սատանան»
Երկու տղա կանգնած նայում էին թե ինչպես է սատանան հեռանում: Նրա հիպնոզացնող աչքերի փայլից դեռևս մթագնած էին տղաների գլուխները:
– Լսի՛ր, ի՞նչ էր նա քեզնից ուզում:
– Իմ հոգին, իսկ քեզնի՞ց:
– Ավտոմատ հեռախոսի համար մանրադրամ: Նրան պետք էր շտապ զանգահարել:
– Կուզե՞ս գնանք ինչ-որ բան ուտենք:
-Ուզում եմ, բայց դու դրամ չունես:
– Վախենալու ոչինչ չկա, ես շատ ունեմ: