fbpx

Սիրո իրական դեմքը

ՍերՈչ, այս անգամ ես չեմ բերի ինչ որ գիտնականի կամ գիտական հետազոտությունների արդյունքներ և ոչ էլ կցիտեմ որևէ հայտնի փիլիսոփայի: Այս անգամ ես կխոսեմ սիրուց, այնպիսին ինչպիսին ես իմ 35 տարվա կյանքի փորձով եմ հասկացել, այնպիսին ինչպես ես եմ այն զգացել իմ սեփական մաշկի վրա: Դուք կարող եք համաձայնվել մտքերիս հետ, կարող եք չհամաձայնվել: Ոչ մի միտում չունեմ որևէ մեկին հակառակում համոզելու, այլ ինչպես ասացի կկիսվեմ իմ պատկերացումներով սիրո մասին:

Եվ այսպես. սերը մարդուն ստիպում է հրաժարվել որոշ սկզբունքներից, հպարտությունից և նույնիսկ ինքնասիրությունից: Այն ոչ մի կերպ չի հանդուրժում եսասիրությունը: Սերը մարդուն կյանքի հանդեպ հետաքրքրություն է պարգևում, խտացնում և պայծառացնում է կյանքի գույները: Սերը մարդուն թևեր է տալիս և բարձրացնում դեպի երկինք՝ բարձր-բարձր: Երբ սերը դառնում է փոխադարձ՝ մարդու ճախրանքը երկարում է, նա ձեռք է բերում է՛լ ավելի շատ ինքնավստահություն: Թևերը նրան անընդհատ պահում են բարձրունքում: Եվ այդ ամենի հետևանքը հիմնականում երջանկությունն է:

անփոխադարձ սերԲայց երբ սերը պարզվում է անփոխադարձ այդժամ անհետանում են սիրո թևերն ու մարդը գահավիժում է ցած: Անկումն այդ շատ ցավոտ է և հղի բազմաթիվ կոտրվածքներով՝ լավագույն դեպքում սրտի, իսկ վատագույն դեպքում՝ կյանքի:

Անփոխադարձ սերը վարակի պես սկսում է ներթափանցել սրտից դեպի ուղեղ՝ ճանապարհին ոչնչացնելով բազմաթիվ նպատակներ, երազանքներ, պայծառ մտքեր: Եթե մարդուն հաջողվում է ուժ գտնել և շատ շուտ ձերբազատվել այդ սիրուց, ապա նա փրկված է: Իսկ եթե մարդը չի կարողանում ազատվել կամ ուշացնում է այդ սիրուց ազատումը, ապա այդ հիվանդությունը ներծծվելով արյան մեջ՝ երակներով տարածվում է ամբողջ մարմնով: Այն թունավորում է կյանքը: Եվ այդ մարդը արդեն դատապարտված է լուռ կրելու այդ հիվանդության ցավերից առաջացած տանջանքներն ամբողջ կյանքում:

Սերը երկու երես ունի՝ մեկը ժպտերես, պայծառ, կյանքով լի աչքերով, իսկ մյուսը՝ մռայլ, խավարած, անհույս և տառապած աչքերով: Իսկ թե ո՞ր դեմքին մենք կարժանանաք և թե ի՞նչպես՝ ես չգիտեմ: Ըստ երևույթին որոշողը կամ Աստված է կամ նախորոք որոշված է ճակատագրով՝ ես չգիտեմ:

© Արամ Հակոբյան (Արխանգելո) – «Խոհեր սիրո մասին»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag