Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ գույն են նախընտրում խելացի մարդիկ, և արդյոք սիրելի գույնը կարող է ինչ-որ բան հուշել մարդու մտավոր ունակությունների մասին։ Հենց գունային նախասիրություններն են ուսումնասիրել Եգիպտոսի Հելուանի համալսարանի գիտնականները։ Մենք հաճախ ենք լսում գույների հոգեբանության, դրանց ազդեցության և թաքնված իմաստների մասին։
Սակայն կա ևս մեկ հետաքրքիր տեսակետ. որոշ գույների նկատմամբ մեր նախասիրությունը կարող է վկայել նաև մտավոր ունակությունների մասին։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Ըստ որոշ հետազոտությունների՝ մեր սիրելի գույնը կարող է շատ բան հուշել մեր մտավոր կարողությունների մասին, գրում է Psychologies պարբերականը։
Մի շարք հոգեբանական հետազոտությունների համաձայն՝ կարմիր գույնը նախընտրող մարդիկ, օրինակ, ավելի շփվող ու համարձակ են և հաճախ գործում են պահի ազդեցության տակ։
Հենց այս առանձնահատկություններից ելնելով էլ ենթադրվում է, որ կարմիրն ավելի հաճախ ընտրում են մտավոր համեմատաբար ցածր ունակություններ ունեցող մարդիկ։ Իսկ սպիտակ գույնը, ընդհակառակը, սովորաբար կապում են պրոֆեսիոնալիզմի և կարգուկանոնի հետ։
Ի՞նչ են պատմում գույները մեր բնավորության մասին
Ինչո՞վ է դա պայմանավորված։ ScienceDirect գիտական հարթակում հրապարակված հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են, թե ինչպես են տարբերվում տարբեր մասնագիտություններ ընտրած մարդկանց գունային նախասիրությունները։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ստացած կրթությունն ու սոցիալական միջավայրն անմիջականորեն ազդում են մեր բնավորության, հետևաբար նաև մեր նախասիրությունների վրա։ Գույների ընտրությունը նույնպես բացառություն չէ։
Հետազոտությանը մասնակցել են գրաֆիկական դիզայն և տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնասիրող 80 ուսանողներ։ Գիտնականները նրանց խնդրել են նշել, թե ինչ գույներ են նախընտրում հագուստի և տան ներքին հարդարման մեջ։
Կապույտը՝ խելացի մարդկանց սիրելի գույնը
Ի՞նչ են պարզել գիտնականները։ Հետազոտության մասնակիցների 15%-ը հագուստի համար նախընտրել է կապույտ գույնը։ Այս գույնը սովորաբար կապում են հանգիստ, հավասարակշռված և վստահելի մարդկանց հետ։ Հենց այս հատկանիշներն էլ հիմք են տվել ենթադրելու, որ կապույտը խելացի մարդկանց ամենատարածված սիրելի գույնն է։
2015 թվականին հրապարակված հետազոտության տվյալների համաձայն՝ կապույտին հաջորդել են սպիտակն ու մանուշակագույնը՝ 14-ական տոկոսով, իսկ կարմիրը նախընտրել է մասնակիցների 11%-ը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ գիտնականները չեն չափել մասնակիցների ինտելեկտի գործակիցը (IQ)։
Չպետք է մոռանալ նաև, թե ինչի հետ ենք մենք սովորաբար կապում այս կամ այն գույնը։ Օրինակ՝ կարմիրը ոչ միայն սիրո և ռոմանտիկայի խորհրդանիշն է, այլև վտանգի, երբեմն նույնիսկ վախի։ Յուրաքանչյուր գույն յուրահատուկ նշանակություն ունի և տարբեր զգացողություններ է առաջացնում։
Նարնջագույնը, օրինակ, կապում են հաջողության և առատության, իսկ կանաչը՝ բնության, կյանքի և անվտանգության հետ։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր գույն իր խորհուրդն ունի։
Ինչպես տեսնում եք, գույների նկատմամբ մեր նախասիրությունների և բնավորության միջև որոշակի կապ կա։ Սակայն նույնը մտավոր ունակությունների մասին պնդելը դեռևս վաղ է։
Դեռ շատ ավելի խորքային հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե արդյոք կապույտն իսկապես խելացի մարդկանց սիրելի գույնն է։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս հետազոտությունը շատ բան է հուշում այն մասին, թե ինչպես ենք մենք ընկալում մարդկանց՝ իմանալով, թե ինչ գույներ են նրանք նախընտրում։ Համաձայն չե՞ք։








