Թվում է՝ անգործությունը և անվերջ հանգիստը պետք է մեզ երջանիկ դարձնեն։ Բայց ինչո՞ւ է իրականում հաճախ հակառակն ստացվում։ Պատկերացրեք՝ այլևս ստիպված չեք ամեն օր աշխատանքի գնալ, կենցաղային խնդիրներ լուծել և անընդհատ ինչ-որ տեղ շտապել։ Կարող եք ուշ նախաճաշել, հանդիպել ընկերների հետ, հանգիստ զբոսնել ու դիտել սիրելի սերիալները։ Թվում է՝ էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։ Սակայն որոշ ժամանակ անց նախկին հաճույքներն այլևս նույն ուրախությունը չեն պատճառում։ Սկսում եք ձանձրանալ, ամեն ինչի նկատմամբ անտարբերություն եք զգում, և ձեզ թվում է, թե օրերն իզուր են անցնում։ Ինչո՞ւ է այդպես։
Բանն այն է, որ հոգեկան բարեկեցության համար մարդուն անհրաժեշտ են ոչ միայն հանգիստն ու հաճելի տպավորությունները, այլև որոշակի դժվարություններ և դրանք հաղթահարելու հնարավորություններ։ Հենց դժվարություններն են օգնում մեզ զարգանալ, ուրախանալ սեփական ձեռքբերումներով ու գնահատել այն, ինչ ունենք։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։
Ինչո՞ւ ենք այդքան ուզում ոչինչ չանել
Ավելորդ ջանքերից խուսափելու ցանկությունը միանգամայն բնական է։ Մեր ուղեղն այնպես է աշխատում, որ հնարավորինս քիչ էներգիա ծախսի։ Այդ պատճառով էլ որևէ խնդիր լուծելիս մենք հաճախ ընտրում ենք ամենահեշտ ճանապարհը։
Հազարավոր տարիներ առաջ էներգիա խնայելն օգնում էր մարդուն գոյատևել։ Ուստի զարմանալի չէ, որ այսօր էլ երբեմն ուզում ենք դժվար գործը թողնել վաղվան, թերթել սոցցանցերի լրահոսը կամ պարզապես պառկել բազմոցին։
Սակայն ժամանակակից կյանքն այլ պահանջներ է ներկայացնում մարդուն։ Նոր մասնագիտություն յուրացնելու, հարաբերություններ կառուցելու, որևէ հետաքրքիր բան սովորելու կամ նպատակին հասնելու համար երբեմն ստիպված ենք հրաժարվել սովորական հարմարավետությունից և ջանքեր գործադրել։
Ինչո՞ւ առանց ջանք գործադրելու ստացած հաճույքներն արագ են ձանձրացնում
Հավանաբար նկատել եք, որ ծանր աշխատանքային շաբաթից հետո ընկերների հետ հանդիպումն առանձնահատուկ հաճույք է պատճառում։ Իսկ երկար սպասված հանգստյան օրը շատ ավելի հաճելի է անցնում, քան այն օրերը, երբ պարզապես անելիք չունեք։
Բանն այն է, որ հաճույքի զգացումը մեծապես կախված է հանգամանքներից։
Երբ երկար ժամանակ աշխատել եք կամ որևէ դժվարություն հաղթահարել, հանգիստն ավելի եք գնահատում, իսկ կատարած աշխատանքի արդյունքը գոհունակություն է պատճառում։ Մինչդեռ եթե զվարճանքները միշտ հասանելի են և դրանց համար որևէ ջանք գործադրելու կարիք չկա, դրանք աստիճանաբար կորցնում են իրենց գրավչությունը։
Հոգեբանության մեջ այս երևույթն անվանում են հեդոնիկ ադապտացիա։ Պարզ ասած՝ մարդն ընտելանում է այն ամենին, ինչ իրեն հաճույք է պատճառում, և նախկին ուրախությունը զգալու համար նոր տպավորությունների կարիք է ունենում։
Նույնը տեղի է ունենում նաև նյութական ձեռքբերումների դեպքում։ Օրինակ՝ երկար սպասված նոր հեռախոսը կամ ավտոմեքենան սկզբում մեծ ուրախություն են պատճառում, սակայն որոշ ժամանակ անց դառնում են առօրյայի սովորական մասը։
Ստացվում է, որ կարելի է անընդհատ նոր զվարճանքներ փնտրել, բայց այդպես էլ իսկապես երջանիկ չզգալ։
Ի՞նչ ջանքեր են մեզ ավելի երջանիկ դարձնում
Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անդադար աշխատել, ուժասպառ լինել և հրաժարվել հանգստից։ Կարևոր է տարբերել լարվածության երկու տեսակ։
Հյուծող լարվածություն
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մշտական սթրեսը, չափազանց շատ պարտականություններն ու լիարժեք հանգստի բացակայությունը սպառում են մարդու հոգեկան և ֆիզիկական ուժերը։ Նման լարվածությունից հնարավորինս պետք է խուսափել։
Զարգացնող լարվածություն
Բոլորովին այլ ազդեցություն ունեն այն դժվարությունները, որոնք հաղթահարում ենք նոր բան սովորելիս, նպատակին հասնելու ճանապարհին կամ սեփական վախերը հաղթահարելիս։ Սկզբում գուցե դժվար լինի, բայց երբ տեսնում ենք մեր ջանքերի արդյունքը, սկսում ենք ավելի շատ հավատալ սեփական ուժերին ու հպարտանալ մեր արածով։
Օրինակ՝ օտար լեզու սովորելը համբերություն է պահանջում, իսկ մտերիմ մարդու հետ անկեղծ զրույց սկսելը երբեմն անհանգստություն է առաջացնում։ Սակայն հենց նման իրավիճակներում ենք բացահայտում մեր հնարավորություններն ու ավելի լավ ճանաչում ինքներս մեզ։
Հոգեբանության մեջ կա նաև ինքնարդյունավետություն հասկացությունը։ Դա մարդու հավատն է սեփական կարողությունների նկատմամբ, համոզմունքը, որ ինքն ի վիճակի է հաղթահարել դժվարություններն ու հասնել իր նպատակներին։ Ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է հաղթահարել որևէ դժվարություն, այդ հավատը կարող է ավելի ամրապնդվել։
Ի՞նչ անել, երբ ոչինչ անել չեք ուզում
Եթե ցանկացած գործ ձեզ հոգնեցուցիչ է թվում, և հաճախ եք ցանկանում ամեն ինչ հետաձգել, փորձեք հետևել այս խորհուրդներին։
1. Սկսեք փոքր գործերից
Պետք չէ միանգամից մեծ նպատակներ դնել ձեր առջև։ Օրական տասը րոպե գիրք կարդալը, կարճ զբոսանքը կամ աշխատանքային թեկուզ մեկ առաջադրանք կատարելը նույնպես լավ արդյունք է։
Փոքր քայլերից սկսելով՝ աստիճանաբար կհաղթահարեք գործի անցնելու դժկամությունը։
2. Հանգիստը մի՛ դարձրեք խնդիրներից խուսափելու միջոց
Հանգիստն անհրաժեշտ է բոլորիս։ Բայց երբեմն հանգստանալու պատրվակով պարզապես հետաձգում ենք այն գործերը, որոնք դժվար կամ տհաճ են մեզ համար։
Փորձեք նախ ավարտել գոնե մեկ կարևոր գործ, ապա զբաղվել այն ամենով, ինչ սիրում եք։ Կնկատեք, որ այդպես հանգստանալն ավելի հաճելի է։
3. Հասկացեք, թե հանուն ինչի եք ջանքեր գործադրում
Մտածեք, թե ինչպիսի մարդ եք ցանկանում լինել մեկ տարի անց։ Ի՞նչ եք ուզում սովորել, ի՞նչ կցանկանայիք փոխել ձեր կյանքում։
Երբ հստակ գիտեք, թե ինչի համար եք որևէ բան անում, նպատակին հասնելու ճանապարհին հանդիպող դժվարություններն ավելի հեշտ եք հաղթահարում։
4. Գնահատեք սեփական ձեռքբերումները
Մենք հաճախ ավարտում ենք մի գործ և անմիջապես անցնում մյուսին՝ անգամ չմտածելով, թե ինչ ենք կարողացել անել։
Փորձեք ամեն երեկո հիշել գոնե մեկ գործ, որը, չնայած դժվարություններին, ձեզ հաջողվել է ավարտել։ Սովորեք գնահատել նաև փոքր հաջողությունները։ Դրանք օգնում են ավելի վստահ լինել սեփական ուժերի նկատմամբ։
5. Մի՛ մեղադրեք ինքներդ ձեզ անհաջողությունների համար
Եթե ինչ-որ բան չի ստացվել, դա դեռ չի նշանակում, որ դուք ընդունակ չեք դրան։
Փորձեք հասկանալ, թե ինչն է խանգարել հասնել նպատակին, անհրաժեշտության դեպքում փոխեք ձեր ծրագիրն ու կրկին փորձեք։
Ինքնաքննադատությունն օգտակար է միայն այն ժամանակ, երբ օգնում է ուղղել սխալներն ու առաջ շարժվել։
6. Ավելի շատ շփվեք գործունյա մարդկանց հետ
Մարդիկ, որոնք շարունակ սովորում են, զարգանում և չեն վախենում փոփոխություններից, կարող են ոգեշնչել նաև ձեզ։
Բացի այդ, միասին սպորտով զբաղվելը, որևէ բան սովորելը կամ ընդհանուր նախագծի վրա աշխատելը կարող են նույնիսկ դժվար գործերը հաճելի զբաղմունք դարձնել։
Մի կարևոր հանգամանք ևս
Պետք է կարողանալ տարբերել ժամանակ առ ժամանակ ոչինչ չանելու ցանկությունը երկարատև անտարբերությունից։ Եթե շաբաթներ շարունակ ոչինչ անել չեք ուզում, մշտապես հոգնած եք զգում և կորցրել եք հետաքրքրությունը նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ, պատճառը կարող է լինել ոչ թե ծուլությունը, այլ հոգեկան կամ ֆիզիկական առողջության հետ կապված որևէ խնդիր։
Հանգիստը, զվարճանքներն ու երբեմն պարզապես ոչինչ չանելու հնարավորությունն անհրաժեշտ են յուրաքանչյուրիս։ Սակայն լիարժեք կյանքը միայն հաճույքներից չի բաղկացած։
Մեզ համար կարևոր է զգալ, որ աճում ու զարգանում ենք, կարողանում ենք հաղթահարել դժվարություններն ու ինչ-որ բան փոխել մեր կյանքում։
Եվ թերևս հենց այդ պատճառով էլ հագեցած օրվանից հետո մի բաժակ սուրճն ավելի համեղ է թվում, իսկ ազատ երեկոն ավելի հաճելի է անցնում, երբ բոլոր գործերը ժամանակին ավարտել ենք։








