40 տարեկանում կյանքը դեռ նոր է սկսվում. ահա թե ինչու

Մենք սովոր ենք 40 տարեկանը համարել կյանքի շրջադարձային տարիք։ Մինչդեռ շատերը հենց այդ տարիքում են առաջին անգամ իսկապես հասկանում, թե ինչ են ուզում կյանքից։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Մենք սովոր ենք 40 տարեկանը համարել կյանքի շրջադարձային տարիք։ Մինչդեռ շատերը հենց այդ տարիքում են առաջին անգամ իսկապես հասկանում, թե ինչ են ուզում կյանքից։

20 տարեկանում թվում է, թե առջևում մի ամբողջ կյանք կա, բայց միևնույն ժամանակ ուզում ես ամեն ինչ հասցնել։ 30 տարեկանում մտածում ես, որ արդեն կողմնորոշվելու ժամանակն է։ Պետք է աշխատանք գտնել, հարաբերություններ կառուցել, բնակարան գնել, երեխաներ ունենալ, լավ մասնագետ դառնալ, կյանքում ինչ-որ բանի հասնել։

Telegram

Միացեք մեզ Telegram-ում
Նոր հոդվածներ, թեստեր և հետաքրքիր բացահայտումներ։

Միանալ ալիքին →

Իսկ 40 տարեկանում հանկարծ հասկանում ես մի տարօրինակ բան. այդ նպատակներից շատերը քո սեփական ցանկությունները չէին։ Պարզապես հասարակության մեջ ընդունված էր, որ հենց դրանց պետք է ձգտեիր։

Եվ ահա, անցած ճանապարհիդ հետ նայելով, առաջին անգամ ինքդ քեզ հարց ես տալիս՝ իսկ ինձ դո՞ւր է գալիս այն կյանքը, որով ապրում եմ։

Պատասխանը միշտ չէ, որ հաճելի է։ Բայց հենց այս հարցը կարող է դառնալ ոչ թե ճգնաժամի, այլ կյանքի մի նոր ու անչափ հետաքրքիր շրջանի սկիզբ։

40 տարեկանում մենք դադարում ենք ուրիշների ակնկալիքները շփոթել մեր երազանքների հետ

Երիտասարդ տարիներին հաճախ ընտրում ենք ոչ թե այն, ինչ իսկապես ուզում ենք, այլ այն, ինչ ճիշտ է համարվում։ Փորձում ենք դուր գալ շրջապատին, վախենում ենք սխալվել, չենք ուզում հիասթափեցնել ծնողներին, սիրելի մարդկանց, ղեկավարներին։ Երբեմն նույնիսկ երազում ենք ինչ-որ բանի մասին միայն այն պատճառով, որ բոլորն են դրան ձգտում։

40 տարեկանին մոտ շատերը սկսում են հասկանալ, որ այլևս չեն ուզում իրենց կյանքի տարիները վատնել այնպիսի բաների վրա, որոնք իրենց համար իրական արժեք չունեն։

Սա չի նշանակում, որ պետք է ամուսնալուծվել, աշխատանքից դուրս գալ, տեղափոխվել այլ երկիր կամ մի օր տոմս գնել ու հեռանալ՝ առանց վերադառնալու մտադրության։ Երբեմն փոփոխությունները շատ ավելի աննկատ են լինում։ Մարդը սկսում է սովորել այն, ինչի մասին երազել է քսան տարի առաջ։ Վերջ է դնում այն հարաբերություններին, որոնցում իրեն վատ է զգում։ Նոր մասնագիտություն է փնտրում։ Կրկին սկսում է ստեղծագործել։ Կամ պարզապես վերջապես իրեն թույլ է տալիս հանգստանալ՝ առանց դրա համար մեղավոր զգալու։

Եվ դա նույնպես կարող է մեծ շրջադարձ լինել մարդու կյանքում։

Մենք զրոյից չենք սկսում. մեր թիկունքում տարիների փորձ կա

Տարիքի մասին մեր պատկերացումներում մի անարդար բան կա։ Երիտասարդությունը ներկայացնում ենք որպես հնարավորությունների շրջան, իսկ հասուն տարիքը, չգիտես ինչու, կապում ենք սահմանափակումների հետ։

Բայց 40 տարեկան մարդը նույն 20 տարեկան երիտասարդը չէ, որի դեմքին պարզապես ավելի շատ կնճիռներ են հայտնվել։ Նա արդեն գիտի, թե ինչ է հիասթափությունը, որքան ծանր կարող են լինել կորուստները, ինչպես են մարդիկ սխալվում, ինչպես կարող են փլուզվել բոլոր ծրագրերը։ Եվ, որ ամենակարևորն է, գիտի, որ այդ ամենից հետո էլ կյանքը շարունակվում է։

Իհարկե, տարիների փորձը միշտ չէ, որ մարդուն ավելի իմաստուն է դարձնում։ Երբեմն անցած ճանապարհից հոգնածություն, վախեր ու կասկածներ են մնում։ Բայց հենց այդ փորձն էլ կարող է օգնել հետագայում ավելի մտածված ու կշռադատված որոշումներ կայացնել։

40 տարեկանում կարելի է սկսել այն աշխատանքը, որին նախկինում չէիր համարձակվում անցնել։ Կարելի է նոր բան սովորել՝ առանց մյուսներից լավը լինելու ձգտման։ Կարելի է սիրահարվել՝ առանց մտածելու, որ այդ հարաբերությունները երջանիկ լինելու միակ հնարավորությունն են։ Կարելի է հոգ տանել սեփական մարմնի մասին ոչ թե գեղեցկության ընդունված չափանիշներին համապատասխանելու, այլ պարզապես լավ զգալու համար։

Ոչ թե այն պատճառով, որ 40 տարեկանում ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, այլ որովհետև արդեն ավելի լավ ես հասկանում, թե ինչի համար արժե ջանք գործադրել։

Կյանքի ամենահետաքրքիր իրադարձությունները կարող են դեռ առջևում լինել

Հասարակության մեջ վաղուց արմատացած մի պատկերացում կա. հաջողակ մարդը որոշակի տարիքում պետք է արդեն որոշակի նվաճումներ ունենա։ Իսկ եթե չունի, ուրեմն ուշացել է։

Սակայն կյանքը հազվադեպ է ընթանում նախապես գծված ճանապարհով։ Մեկը 40 տարեկանում փոխում է մասնագիտությունը, մյուսը՝ 45-ում առաջին անգամ ծնող է դառնում, մեկ ուրիշը 50 տարեկանում սեփական բիզնեսն է հիմնում, իսկ ոմանք էլ միայն 60 տարեկանում են հասկանում, որ վաղուց են ցանկացել գրքեր գրել։ Կան նաև մարդիկ, որոնք ամենևին էլ մեծ նվաճումների չեն ձգտում և առաջին անգամ կարողանում են երջանկություն գտնել սովորական, առօրյա կյանքում։

Եվ այս ամենի մեջ ոչ մի սխալ բան չկա։

Գուցե հասուն տարիքի գլխավոր առավելությունն այն չէ, որ ամեն հարցում ավելի համարձակ ենք դառնում։ Պարզապես այլևս չենք մտածում, թե մեր յուրաքանչյուր որոշումից է կախված՝ կյանքում հաջողել ենք, թե ոչ։

Չստացվե՞ց։ Կարելի է այլ կերպ փորձել։

Դուր չեկա՞վ։ Կարելի է հրաժարվել։

Չգիտե՞ս, թե ինչ ես ուզում։ Պարտադիր չէ հենց հիմա գտնել այդ հարցի պատասխանը։

Իսկ ի՞նչ, եթե կյանքի լավագույն տարիները դեռ առջևում են

Իհարկե, 40 տարեկանում չեն անհետանում հոգնածությունը, ֆինանսական դժվարությունները, ընտանեկան հոգսերը, առողջական խնդիրներն ու վաղվա օրվա հանդեպ անհանգստությունը։ Եվ ազնիվ չէր լինի ասել, որ այս տարիքից հետո ամեն ինչ անպայման ավելի լավ է լինելու։ Բայց 40 տարեկանը ո՛չ դատավճիռ է, ո՛չ էլ այն տարիքը, որից հետո ինչ-որ բան անելու համար արդեն ուշ է։

Առջևում դեռ կարող են լինել տասնամյակներ՝ լի նոր ծանոթություններով, բացահայտումներով, մասնագիտական ձեռքբերումներով, ճանապարհորդություններով, սիրով, ընկերությամբ ու անսպասելի իրադարձություններով։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ այդ տարիներն ապրել այն համոզմունքով, թե կյանքի ամենակարևոր պահերն արդեն անցյալում են կամ անվերադարձ կորցրել ես դրանք ապրելու հնարավորությունը։

Գուցե կյանքն իսկապես սկսվում է 40 տարեկանում։ Ոչ թե այն իմաստով, որ մինչ այդ չենք ապրել, այլ որովհետև այս տարիքում հնարավորություն ենք ստանում մեր կյանքի մնացած տարիներն ապրել այնպես, ինչպես ինքներս ենք ցանկանում, այլ ոչ թե պարզապես շարունակել ապրել այնպես, ինչպես սովորել ենք։

Եվ սա, թերևս, շատ ավելի հետաքրքիր է, քան պարզապես ամեն ինչ նորից սկսելը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
40 տարեկանում կյանքը դեռ նոր է սկսվում. ահա թե ինչու
Մի քանի հետաքրքիր փաստեր։ Իսկ դուք գիտե՞ք, որ…
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց