ChatGPT-ն հոգեբանական դիմանկար է կազմում յուրաքանչյուր օգտատիրոջ մասին․ ի՞նչ են պարզել գիտնականները

Թվային աշխարհում անհատականացված ծառայությունները վաղուց սովորական երևույթ են դարձել։ Սակայն չաթբոտերի հիշողության գործառույթը բոլորովին նոր մակարդակի է հասցրել մարդկանց մասին տեղեկությունների հավաքագրումը։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Չաթբոտերն աստիճանաբար իրենց օգտատերերի մասին մանրամասն «թվային դիմանկարներ» են կազմում։ Զրույցների ընթացքում նրանք տեղեկություններ են հավաքում մարդու մասին և դրանց հիման վրա ստեղծում նրա հոգեբանական դիմանկար: Այդ ամենը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ օգտատիրոջը և նրան համապատասխան պատասխաններ տալ։ Սակայն գիտնականները զգուշացնում են, որ այս հնարավորությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել անձնական կյանքի գաղտնիության համար։

✈
Mediamag-ը՝ Telegram-ում

Նոր թեստեր, հետաքրքիր փաստեր և ամենօրյա բացահայտումներ։

Միանալ ալիքին →

Նման եզրակացության է հանգել Գերմանիայի, Հնդկաստանի և Նիդեռլանդների գիտնականների միջազգային խումբը։ Հետազոտողները փորձել են պարզել, թե ChatGPT-ն ինչ տեղեկություններ է պահպանում օգտատերերի հետ զրույցներից և ինչպես է դրանց հիման վրա կազմում մարդկանց հոգեբանական դիմանկարները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են 2026 թվականի ACM Web Conference գիտաժողովում։

Մեր օրերում համացանցային ծառայությունները վաղուց են տեղեկություններ հավաքում օգտատերերի մասին։ Դրանց օգնությամբ նրանք որոշում են, թե ինչ գովազդ ցուցադրել կամ ինչ ապրանքներ ու ծառայություններ առաջարկել։ Սակայն չաթբոտերի դեպքում իրավիճակն այլ է։ Այստեղ արհեստական բանականությունն անձնական տեղեկությունները ստանում է հենց մարդուց՝ նրա հետ զրուցելիս։ Ընդ որում, մարդիկ հաճախ իրենք են պատմում իրենց կյանքի, հետաքրքրությունների ու խնդիրների մասին՝ չմտածելով, որ այդ տեղեկությունները կարող են պահպանվել։

ChatGPT-ն ստեղծում է օգտատերերի մանրամասն հոգեբանական դիմանկար. հետազոտողները ահազանգում են
ChatGPT-ն ստեղծում է օգտատերերի մանրամասն հոգեբանական դիմանկար. հետազոտողները ահազանգում են

Ի՞նչ է բացահայտել ChatGPT-ի հիշողության ուսումնասիրությունը

Գիտնականներն ուսումնասիրել են ChatGPT-ի 80 իրական օգտատերերի զրույցների արխիվները։ Այդ տվյալները հնարավոր է եղել ստանալ անձնական տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենսդրության շնորհիվ։ Այն մարդկանց իրավունք է տալիս ընկերություններից պահանջել իրենց մասին հավաքված տեղեկությունները։ Ուսումնասիրության արդյունքում գիտնականները հայտնաբերել են ChatGPT-ի հիշողության մեջ պահպանված 2050 գրառում, որոնք վերաբերում էին 65 օգտատիրոջ։

Պարզվել է, որ հիշողության մեջ պահպանված գրառումների 96%-ը ChatGPT-ն ստեղծել է ինքնուրույն՝ առանց օգտատերերի ուղղակի խնդրանքի։ Այլ կերպ ասած՝ մարդիկ հիմնականում չեն որոշել, թե իրենց մասին ինչ տեղեկություններ պետք է հիշի համակարգը։ Չաթբոտն ինքն է ընտրել, թե զրույցի որ մանրամասներն արժե պահպանել։

Ավելին՝ այդ գրառումներից շատերում բավականին անձնական տեղեկություններ են հայտնաբերվել։ Դրանց մոտ 28%-ը պարունակել է տվյալներ, որոնք պաշտպանվում են Եվրոպական միության տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգով (GDPR)։ Իսկ 52%-ում եղել են օգտատերերի հոգեբանական առանձնահատկությունների մանրամասն նկարագրություններ։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՎԵՐՈՎ

96%
Ինքնուրույն ստեղծված հիշողություններ
28%
GDPR-ով պաշտպանվող տվյալներ
52%
Հոգեբանական բնութագրերով գրառումներ

Տվյալները վերաբերում են հետազոտության ընթացքում ուսումնասիրված հիշողության գրառումներին։

«Նախկինում հարթակների նպատակը ձեզ գովազդ վաճառելն ու ձեր և գովազդատուի միջև միջնորդ լինելն էր։ Բայց հիմա դրանք անմիջապես շփվում են ձեզ հետ։ Իսկ արդյունավետ զրույց վարելու համար նրանց կարող է անհրաժեշտ լինել ձեր մասին ավելի շատ բան իմանալ»։

Աբհիշեկ Դաշ, հետազոտության գլխավոր հեղինակ

Հետազոտության ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն է, որ ChatGPT-ն երբեմն հիշում է ոչ միայն մարդու ասածը, այլև սեփական ենթադրությունները։ Օրինակ՝ օգտատերերից մեկը խնդրել է իրեն խորհուրդ տալ Nirvana-ին նման երաժշտական խմբեր։ Դրանից հետո ChatGPT-ն հիշողության մեջ գրանցել է, թե այդ մարդը սիրում է Nirvana խումբը։ Մինչդեռ օգտատերը նման բան չէր ասել։ Համակարգն ինքնուրույն էր նման եզրակացության եկել՝ հիմնվելով միայն նրա հարցման վրա։

Ինչո՞վ է օգտակար ChatGPT-ի հիշողությունը, և ի՞նչ վտանգներ կան

Հետազոտությունն ունի նաև որոշ սահմանափակումներ։ Բանն այն է, որ տվյալների հավաքագրումից հետո OpenAI-ն արդեն հասցրել է փոփոխել ChatGPT-ի հիշողության համակարգը։ 2026 թվականի հունվարին ընկերությունը ներկայացրել է դրա ավելի կատարելագործված տարբերակը, որը կարողանում է ամփոփել և պահպանել օգտատերերի մասին տեղեկությունները։ Բացի այդ, ցանկության դեպքում մարդիկ կարող են անջատել հիշողության գործառույթը և հրաժարվել իրենց մասին տեղեկությունների պահպանումից։

Գիտնականները, սակայն, չեն ժխտում, որ նման հնարավորությունը շատ դեպքերում իսկապես օգտակար է։ Օրինակ՝ եթե մարդն ամեն օր ChatGPT-ն օգտագործում է աշխատանքի համար, նա ստիպված չէ ամեն անգամ նորից ներկայացնել իր պաշտոնը, պարտականությունները կամ բացատրել, թե ինչպես է նախընտրում կազմել գործնական նամակները։ Չաթբոտն արդեն հիշում է այդ ամենը և կարողանում է ավելի հարմար պատասխաններ տալ։ Բայց կա նաև հակառակ կողմը. որքան շատ բան է համակարգն իմանում մարդու մասին, այնքան մեծանում է վտանգը, որ վերջինս չափազանց կախված կդառնա արհեստական բանականությունից։

Հետազոտության գլխավոր հեղինակը մտահոգիչ է համարում նաև մեկ այլ հանգամանք։ Նրա խոսքով՝ նման տեխնոլոգիաները կարող են նպաստել, որ մարդիկ անառողջ հուզական կապվածություն ձեռք բերեն չաթբոտերի նկատմամբ։ Արդեն հայտնի են այսպես կոչված «ԱԲ-փսիխոզի» դեպքեր, երբ ChatGPT-ի և նմանատիպ համակարգերի հետ երկարատև շփումն ուղեկցվել է մարդկանց մոտ իրականությանը չհամապատասխանող, զառանցական համոզմունքների ձևավորմամբ։

Երբ ChatGPT-ն դառնում է ընկեր, խորհրդատու և վստահելի զրուցակից

Դաշի կարծիքով՝ վտանգն ավելի է մեծանում, քանի որ մարդիկ գնալով ավելի հաճախ են չաթբոտերին վերաբերվում ոչ թե որպես սովորական գործիքների, այլ որպես զրուցակիցների, ընկերների, գործընկերների կամ նույնիսկ փորձագետների։ Նրանք արհեստական բանականության հետ քննարկում են իրենց անձնական խնդիրները, պատմում ապրումների մասին և խորհուրդներ հարցնում։ Արդյունքում չաթբոտն իմանում է այնպիսի մանրամասներ, որոնցով մարդը սովորաբար կկիսվեր միայն ամենամտերիմ մարդկանց հետ։

«Հենց այստեղ էլ առաջանում է անձնական կյանքի գաղտնիության նոր վտանգը. սահմանները պարզապես վերանում են։ Համակարգը միաժամանակ դառնում է ձեր խորհրդատուն, ընկերը, բժիշկն ու իրավաբանը։ Եվ արդյունքում տեղեկություններ է ունենում ձեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների մասին»։

Աբհիշեկ Դաշ

Դաշը զգուշացնում է նաև մեկ այլ հնարավոր վտանգի մասին։ Պատկերացրեք՝ արհեստական բանականությունն արդեն լավ գիտի, թե ինչ համոզմունքներ ու հայացքներ ունի մարդը։ Եթե դրան զուգահեռ այն մշտապես փորձի համաձայնել նրա հետ և հաստատել նրա կարծիքը՝ զրույցը շարունակելու համար, հետևանքները կարող են բավականին լուրջ լինել։

Հետազոտողի խոսքով՝ նման վարքագիծը կարող է խորացնել հասարակության քաղաքական պառակտումը, ամրապնդել մարդկանց նախապաշարմունքները և նպաստել կողմնակալ պատկերացումների տարածմանը։

Գիտական սկզբնաղբյուր

Abhisek Dash և համահեղինակներ, The Algorithmic Self-Portrait: Deconstructing Memory in ChatGPT, ACM Web Conference 2026։ Ծանոթանալ հետազոտությանը →

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
ChatGPT-ն հոգեբանական դիմանկար է կազմում յուրաքանչյուր օգտատիրոջ մասին․ ի՞նչ են պարզել գիտնականները
Բնական ըմպելիք, որն ակտիվացնում է նյութափոխանակությունը և բուժում խոցերը (տեսանյութ)
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց