Դեղին գույնի նշանակությունը շատ ավելի բազմազան է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Դեղինը արևի, ամռան, ջերմության և Վան Գոգի հանրահայտ կտավների գույնն է։ Այն ուրախության ու լավատեսության խորհրդանիշ է։ Բայց բավական է, որ դեղինը հայտնվի ճանապարհային նշանի վրա, և այն արդեն վտանգի մասին է նախազգուշացնում։
Ինչո՞ւ է նույն գույնն այդքան տարբեր զգացողություններ առաջացնում։ Ի՞նչ է նշանակում դեղինը հոգեբանության մեջ, ինչպե՞ս են այն ընկալում տարբեր մշակույթներում, և ինչպե՞ս կարելի է օգտագործել հագուստի ու տան ձևավորման մեջ։
Դեղին գույնի բարձր նոտան
Դեղինը Վինսենթ վան Գոգի սիրելի գույնն էր։ Այն առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում նրա ստեղծագործություններում։ Նկարչի համար դեղինը հարավի արևի ու ջերմության մարմնավորումն էր։ Նա սիրում էր այդ գույնի բոլոր երանգները՝ նուրբ կիտրոնագույնից մինչև ոսկեգույն ու ծղոտագույն։
Ֆրանսիայի Առլ քաղաքում աշխատելու տարիներին Վան Գոգը եղբորը՝ Թեոյին, գրում էր, որ ցանկանում է իր կտավներում հասնել յուրահատուկ «դեղինի բարձր նոտայի»։
Եվ դա նրան հաջողվեց։ Դեղինը գերիշխում է Վան Գոգի բազմաթիվ նկարներում։ Նկարիչն այդ գույնն այնքան էր սիրում, որ նույնիսկ Առլում գտնվող իր տան ճակատային մասը դեղին էր ներկել։ Իսկ ննջասենյակում դրված հանրահայտ դեղին մահճակալը հետագայում հայտնվեց նրա «Ննջասենյակ Առլում» կտավում։
Նկարիչ Էմիլ Բեռնարն էլ հիշում էր, որ Վինսենթն այնքան էր սիրում դեղինը, որ ցանկանում էր այն տեսնել ոչ միայն նկարներում, այլև մարդկանց սրտերում։
Սակայն Վան Գոգի կտավներում դեղինը միշտ չէ, որ միայն ուրախություն ու արևի լույս է խորհրդանշում։
Վերցնենք, օրինակ, նրա հանրահայտ «Արևածաղիկներ» նկարաշարը։ Այստեղ ծաղիկները կյանքի տարբեր փուլերում են։ Մի քանիսը նոր են ծաղկել, մյուսներն արդեն սկսում են թառամել։ Վառ դեղին երանգների մեջ այս տարբերությունն ավելի ցայտուն է երևում և ակամա հիշեցնում, թե որքան արագ է անցնում ժամանակը։
Այսպիսով, Վան Գոգի նկարներում կյանքի հանդեպ սերն ու խանդավառությունը միահյուսվում են ծերանալու և կյանքի անցողիկության մասին մտորումներին։ Իսկ դեղինը դառնում է շատ ավելի խոր իմաստ ունեցող գույն, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Ինչպես է փոխվել դեղին գույնի նշանակությունը
Ֆրանսիացի պատմաբան Միշել Պաստուրոն իր «Դեղին. մի գույնի պատմություն» գրքում պատմում է, որ հին աշխարհում դեղինը գրեթե սրբազան գույն էր համարվում։ Այն խորհրդանշում էր լույսը, ջերմությունը, հարստությունն ու բարեկեցությունը։ Հին Հունաստանում և Հռոմում դեղինն օգտագործում էին նաև կրոնական ծիսակատարությունների ժամանակ։
Հին Չինաստանում դեղինն առանձնահատուկ կարգավիճակ ուներ. այն կայսեր գույնն էր, և դրա օգտագործումը հատուկ արտոնություն էր համարվում։ Իսկ Հնդկաստանում դեղինը մինչ օրս կապվում է մաքրության, գիտելիքի ու բարեկեցության հետ և կարևոր տեղ ունի տարբեր ծեսերում։
Օրինակ՝ հնդկական հարսանիքներից առաջ անցկացվում է հալդի կոչվող արարողությունը։ Այդ ընթացքում հարսի և փեսայի մաշկին քրքումից պատրաստված հատուկ մածուկ են քսում։
Միջնադարյան Եվրոպայում, սակայն, դեղինի նկատմամբ վերաբերմունքը սկսեց փոխվել։ Եթե ոսկեգույնը նախկինի պես հարստության խորհրդանիշ էր, ապա սովորական դեղինն աստիճանաբար սկսեց կապվել դավաճանության, հիվանդությունների և օտարության հետ։
Պատահական չէ, որ քրիստոնեական նկարներում Հուդային հաճախ դեղին հագուստով էին պատկերում։ Իսկ Իսպանիայում հերետիկոսության մեջ մեղադրվողներին ստիպում էին դեղին ապաշխարական հանդերձանք կրել։ Դա նրանց դատապարտված լինելու և հանրային խայտառակության նշանն էր։
20-րդ դարում դեղինը ստացավ ևս մեկ ողբերգական նշանակություն։ Նացիստական Գերմանիայում հրեաներին ստիպում էին կրել Դավթի դեղին աստղը։ Այդ նշանով նրանց առանձնացնում էին հասարակության մյուս անդամներից և ենթարկում հալածանքների։
Այսօր էլ դեղինի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Այն շարունակում է հիշեցնել արևի, ջերմության ու լավատեսության մասին, բայց որոշ դեպքերում նաև վտանգի ազդանշան է։
Դեղինը շատ նկատելի գույն է, նույնիսկ երբ լուսավորությունը կամ տեսանելիությունը վատն են։ Հենց այդ պատճառով էլ այն լայնորեն օգտագործվում է նախազգուշացնող ճանապարհային նշաններում, գծանշումներում և հատուկ ազդանշանային հագուստում։ Նպատակը պարզ է՝ հնարավորինս արագ գրավել մարդու ուշադրությունը։
Դեղին գույնը հոգեբանության մեջ
Հոգեբանության մեջ դեղինը հաճախ կապվում է ուրախության, աշխուժության և էներգիայի հետ։ Այս կապը նկատվել է նաև շվեյցարացի գիտնականների հետազոտություններում, որոնց մասնակցել է ավելի քան 42 հազար մարդ՝ աշխարհի 64 երկրից։
Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Եթե որևէ գույն մարդկանց մոտ զուգորդվում է որոշակի զգացմունքի հետ, դա դեռ չի նշանակում, որ այն անպայման առաջացնում է այդ զգացմունքը։
Պարզ ասած՝ դեղինը կարող է մեզ ուրախություն հիշեցնել, բայց միայն այդ գույնին նայելով՝ մենք պարտադիր չէ, որ ավելի ուրախ դառնանք։
Համացանցում հաճախ կարելի է հանդիպել թեստերի, որոնք խոստանում են բացահայտել մարդու բնավորությունը՝ ելնելով նրա սիրելի գույնից։ Սակայն գիտական հետազոտությունները բավարար հիմքեր չեն տալիս նման հստակ եզրակացությունների համար։ Մարդու գունային նախասիրությունները դեռ ոչինչ չեն ասում նրա ամբողջական հոգեբանական նկարագրի մասին։
Այնուամենայնիվ, տարածված պատկերացումներում դեղինը հաճախ կապում են հետաքրքրասիրության, լավատեսության և ստեղծագործական մտածողության հետ։
Համարվում է, որ դեղին սիրող մարդիկ բաց են նորությունների համար, սիրում են բազմազանություն, հաճույքով են փորձարկումներ անում և չեն վախենում փոփոխություններից։
Նրանց հաճախ նկարագրում են նաև որպես շփվող, եռանդուն մարդկանց, որոնք ձգտում են իրենց առօրյան ավելի հետաքրքիր ու գունեղ դարձնել։
Իհարկե, սա ընդամենը տարածված պատկերացում է։ Մարդու բնավորությունը միայն նրա սիրելի գույնով որոշել հնարավոր չէ, և նման բնութագրերը գիտականորեն հաստատված չեն։
Դեղինը հագուստի և ինտերիերի մեջ
Դեղինն ինչպե՞ս օգտագործել հագուստի մեջ
Դեղին հագուստը դժվար է չնկատել։ Այն անմիջապես ուշադրություն է գրավում և նույնիսկ ամենապարզ հագուստին թարմություն ու աշխուժություն հաղորդում։
Հագեցած կիտրոնագույնն ու վառ արևային դեղինը կարող են հետաքրքիր դարձնել անգամ ամենասովորական համադրությունը։ Պատահական չէ, որ այս երանգները մեծ տեղ ունեն այսպես կոչված «դոֆամինային ոճում»։
Այս ոճի հիմքում վառ գույներից, արտահայտիչ նախշերից և անսովոր համադրություններից չվախենալու գաղափարն է։
Այն հատկապես գրավում է համարձակ մարդկանց, որոնք սիրում են փորձարկումներ անել իրենց արտաքինի հետ և չեն ցանկանում սահմանափակվել հագուստի ընդունված համադրություններով։
Դոֆամինային ոճը տարածված է նաև մանկական հագուստում։ Դեղինն ու մյուս վառ գույները, ինչպես նաև դրանց համարձակ համադրությունները, հակադրվում են այսպես կոչված «բեժ մայրիկների» նախընտրություններին։ Վերջիններս երեխաների համար հիմնականում ընտրում են հանգիստ, չեզոք երանգների հագուստ։
Իսկ եթե նախընտրում եք ավելի զուսպ ու նրբագեղ տեսք, արժե ուշադրություն դարձնել մանանեխագույնին, ավազագույնին և վանիլային երանգներին։
Դրանք հեշտությամբ համադրվում են բեժի, շագանակագույնի, մուգ կապույտի և սպիտակի հետ։ Այդ պատճառով էլ հիանալի տեղավորվում են ինչպես դասական զգեստապահարանում, այնպես էլ old money ոճում։
Այս ոճին բնորոշ են պարզ ձևվածքը, որակյալ գործվածքները և զուսպ գույները։ Նման հագուստ սովորաբար նախընտրում են այն կանայք ու տղամարդիկ, որոնք գնահատում են նրբագեղությունն ու զսպվածությունը և չեն փորձում ամեն գնով ուշադրություն գրավել։
Դեղինն ինտերիերի ձևավորման մեջ
Տան ձևավորման մեջ դեղինը կարող է լինել և՛ հիմնական գույն, և՛ պարզապես աչքի ընկնող շեշտադրում։
Այն կարելի է հանդիպել ինտերիերի տարբեր ոճերում, սակայն հատկապես բնորոշ է mid-century modern ուղղությանը, որը 2026 թվականին կրկին մեծ ժողովրդականություն է վայելում։
Այս ոճը ձևավորվել է 20-րդ դարի կեսերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դա լավատեսության, առաջընթացի հանդեպ հավատի և առօրյա կյանքն ավելի հարմարավետ դարձնելու ձգտման ժամանակաշրջան էր։
Հենց այդ տրամադրությունն էլ արտահայտվում էր ժամանակի ինտերիերում։
Մանանեխագույնն ու արևային դեղինը սենյակներին ջերմություն էին հաղորդում՝ ընդգծելով այդ տարիներին բնորոշ կենսուրախությունը։
Այս երանգները հատկապես գեղեցիկ են համադրվում ընկուզենու փայտի, կլորավուն ու սահուն գծերով կահույքի, երկրաչափական նախշերի և պարզ ձևավորմամբ լուսամփոփների հետ։
Ամփոփում
Այս ամենից կարելի է հասկանալ, որ դեղին գույնի նշանակությունը միշտ չէ, որ նույնն է։ Շատ բան կախված է մշակույթից, իրավիճակից և նրանից, թե ինչպես է տվյալ մարդն ընկալում այդ գույնը։
Առօրյայում դեղինը կարող է գեղեցիկ շեշտադրում դառնալ հագուստի կամ տան ձևավորման մեջ, ջերմություն հաղորդել շրջապատին և աշխուժացնել սովորական միջավայրը։
Այն կարող է անհոգության ու թեթևության զգացողություն ստեղծել, բայց որոշ իրավիճակներում նաև անհանգստություն առաջացնել կամ հիշեցնել, թե որքան արագ է անցնում կյանքը։
Դեղինի օգնությամբ կարելի է արտահայտել սեփական անհատականությունը և որոշակի տպավորություն թողնել շրջապատի վրա։
Բայց եթե Դուք պարզապես սիրում եք այս գույնը, պարտադիր չէ դրա մեջ թաքնված հոգեբանական իմաստ փնտրել։
Երբեմն ամեն ինչ շատ ավելի պարզ է. դեղինը պարզապես հաճելի է Ձեր աչքին և օգնում է ստեղծել այն տրամադրությունը, որը Ձեզ հոգեհարազատ է։








