Գիտնականները հայտնաբերել են դեպրեսիայի նոր տեսակ, որը կապված է մարդու կենսաբանական ժամացույցի խանգարման հետ։ Պարզվում է՝ քնի ռեժիմի փոփոխությունները կարող են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա, քան մինչ այժմ ենթադրվում էր։
Ինչպես գրում է New Scientist պարբերականը, այսպես կոչված ցիրկադային դեպրեսիա կարող է ունենալ դեպրեսիայով տառապող մարդկանց գրեթե մեկ քառորդը։ Դեպրեսիայի այս տեսակը սովորական հակադեպրեսանտներով դժվար է բուժվում։ Սակայն գիտնականները կարծում են, որ կարող են օգնել մելատոնինը և առօրյա որոշ սովորությունների փոփոխությունը։ Օրինակ՝ առավոտյան արևի լույսի ներքո զբոսնելը։
Ավստրալիայի Սիդնեյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ծանր և կրկնվող դեպրեսիա ունեցող ավելի քան 10 հազար մարդու տվյալները։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ՝ պատմելով իրենց քնի սովորությունների, ինքնազգացողության և այն մասին, թե ինչպես են դեպրեսիայի ախտանշանները փոխվում տարվա տարբեր եղանակներին։ Նրանք նաև թքի նմուշներ են հանձնել՝ ԴՆԹ-ի հետազոտության համար։
Պարզվել է, որ մասնակիցների 23%-ի մոտ առկա են ցիրկադային դեպրեսիային բնորոշ նշաններ։ Գիտնականներն առանձնացրել են վեց հիմնական հատկանիշ, որոնցից առնվազն երեքը նկատվել է այդ մարդկանց մոտ։
Ցիրկադային ռիթմերի խանգարման 6 նշանները
1
2
3
4
5
6
Հետազոտության հեղինակներից Էմիլիանա Տոնինին բացատրում է.
«Կարևոր չէ միայն այն, թե որքան ենք քնում։ Նույնքան կարևոր է, թե երբ ենք քնում և որքան կանոնավոր է մեր քունը»։
Գիտնականները նկատել են նաև մեկ այլ մտահոգիչ հանգամանք։ Ցիրկադային դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ հիվանդությունը սովորաբար ավելի ծանր ընթացք է ունենում։ Նրանց շրջանում ավելի հաճախ են առաջանում նաև ինքնասպանության մասին մտքեր։
Բացի այդ, այս մարդկանց մոտ դեպրեսիան ավելի վաղ տարիքում է սկսվում։ Եթե ցիրկադային դեպրեսիա ունեցող մասնակիցների առաջին ախտանշանները հայտնվել են միջինում 18 տարեկանում, ապա մյուսների դեպքում այդ տարիքը կազմել է 23։
Հետազոտության հեղինակներից Իեն Հիկին կարծում է, որ խնդրի պատճառներից մեկը կարող է լինել մեր այսօրվա ապրելակերպը։
Նրա խոսքով՝ մարդու կենսաբանական ժամացույցը ճիշտ աշխատելու համար ամեն առավոտ բնական լույսի կարիք ունի։ Հենց լույսն է օգնում օրգանիզմին պահպանել օրվա 24-ժամյա բնական ռիթմը։ Սակայն ժամանակակից մարդը երեկոյան և գիշերային ժամերին անընդհատ արհեստական լուսավորության ազդեցության տակ է։ Իսկ դա այն ժամանակահատվածն է, երբ բնական պայմաններում արդեն պետք է մութ լիներ։ Արդյունքում մեր ներքին ժամացույցի աշխատանքը կարող է խախտվել։
Հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ ցիրկադային դեպրեսիա ունեցող մարդիկ ավելի հաճախ են դժգոհել տարածված հակադեպրեսանտների ազդեցությունից։ Նրանց խոսքով՝ դեղամիջոցներն այնքան էլ արդյունավետ չեն եղել, փոխարենն ավելի շատ կողմնակի ազդեցություններ են առաջացրել։
Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կարող է կապված լինել դեղամիջոցների ազդեցության ձևի հետ։ Շատ հակադեպրեսանտներ ազդում են սերոտոնինի՝ նյարդային համակարգում ազդակների փոխանցմանը մասնակցող նյութի վրա։ Մինչդեռ ցիրկադային դեպրեսիայի դեպքում խնդիրը կարող է կապված լինել նաև օրգանիզմի կենսաբանական ռիթմերի խանգարման հետ։
Ինչպե՞ս կարելի է բուժել ցիրկադային դեպրեսիան
Գիտնականները պատրաստվում են նոր կլինիկական հետազոտություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք մելատոնինի ընդունումը կարող է օգնել ցիրկադային դեպրեսիա ունեցող մարդկանց։ Մելատոնինը հորմոն է, որն օգնում է օրգանիզմին կարգավորել քնելու և արթնանալու ժամանակը։ Հետազոտության ընթացքում նախատեսվում է օգտագործել դրա սինթետիկ տարբերակը։
Նախկին ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ ագոմելատին կոչվող հակադեպրեսանտը, որն ուղեղում գործում է մելատոնինի նման, կարող է բարելավել քունը և մեղմել դեպրեսիայի ախտանշանները։
Իեն Հիկին նաև խորհուրդ է տալիս երեկոյան՝ մութն ընկնելուց հետո, խուսափել առատ ուտելուց, ինտենսիվ ֆիզիկական վարժություններից և ուժեղ լուսավորությունից։
Նրա խոսքով՝ կենսաբանական ժամացույցի ճիշտ աշխատանքը կարևոր է ոչ միայն հոգեկան առողջության համար։ Քնի և արթնության բնական ռիթմի վերականգնումը կարող է նաև նպաստել օրգանիզմում բորբոքային գործընթացների նվազեցմանը և առողջ քաշի պահպանմանը։
Ավելի վաղ հոգեբույժներից մեկը հիշեցրել էր, որ դեպրեսիան միշտ չէ, որ արտահայտվում է միայն տխրությամբ կամ տագնապով։ Դրա մասին կարող են հուշել նաև ախորժակի փոփոխությունները, քնի հետ կապված խնդիրները, դյուրագրգռությունը և այն զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, որոնք նախկինում հաճույք էին պատճառում։
Ի՞նչ է կարևոր իմանալ այս հետազոտության մասին
Հետազոտությունը հրապարակվել է 2026 թվականի հոկտեմբերի 20-ին՝ հեղինակավոր The British Journal of Psychiatry գիտական ամսագրում։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել են 11 380 մարդու տվյալներ։ Նրանցից 2604-ի մոտ գիտնականները հայտնաբերել են ցիրկադային դեպրեսիային բնորոշ նշաններ։ Հետազոտողները նաև ուսումնասիրել են մասնակիցների գենետիկական տվյալները և պարզել, որ այս խմբում ավելի հաճախ են հանդիպում քնի ռիթմերի, նյութափոխանակության և որոշ հոգեկան խանգարումների հետ կապված ժառանգական նախատրամադրվածություններ։
Միևնույն ժամանակ, գիտնականները շեշտում են, որ ցիրկադային դեպրեսիան դեռ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվի։ Առայժմ այն դիտարկվում է որպես դեպրեսիայի հնարավոր ենթատեսակ, ոչ թե վերջնականապես հաստատված առանձին ախտորոշում։ Բացի այդ, հակադեպրեսանտների արդյունավետության վերաբերյալ տվյալները հիմնված են մասնակիցների անձնական գնահատականների վրա։
Կարևոր է իմանալ։ Հետազոտության արդյունքները չեն նշանակում, թե հակադեպրեսանտներից պետք է հրաժարվել կամ դրանք ինքնուրույն փոխարինել մելատոնինով։ Բուժման ցանկացած փոփոխություն անհրաժեշտ է քննարկել բժշկի հետ։
Գիտական սկզբնաղբյուր
Tonini E. և համահեղինակներ,
Clinical and genetic correlates of a circadian subtype of depression in the Australian Genetics of Depression Study,
The British Journal of Psychiatry, 2026։








