Ինքդ քեզ հետ խոսելը նորմա՞լ է․ բարձրաձայն մտածելու սովորության 4 օգտակար կողմերը

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Դուք էլ եք երբեմն ինքներդ ձեզ հետ խոսում, չէ՞։ Հատկապես երբ կողքին ոչ ոք չկա, կամ ինչ-որ գործ եք անում ու փորձում գլուխ հանել դրանից։ Ամաչելու ոչինչ չկա։ Դա միանգամայն բնական է, և շատերն են այդպես վարվում։ Ավելին՝ պարզվում է, որ ինքդ քեզ հետ խոսելը կարող է բավական օգտակար սովորություն լինել։ Թե ինչու, պատմում է լրագրող Ջիջի Էնգլը։

«Հը՜մ, եթե ես նուշի բույրով մարմնի լոսյոն լինեի, որտե՞ղ կթաքնվեի»,— քթի տակ մրթմրթում եմ՝ ամբողջ սենյակը տակնուվրա անելով ու լոսյոնի շիշը փնտրելով։ Քիչ անց էլ ուրախացած բացականչում եմ. «Ահա՜, գտա քեզ։ Մահճակալի տակ ես գլորվել»։

Ես հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում։ Ընդ որում՝ ոչ միայն տանը, որտեղ ինձ ոչ ոք չի լսում, այլև փողոցում, աշխատավայրում, նույնիսկ խանութում։ Երբ մտքերս բարձրաձայն եմ արտահայտում, դրանք կարծես ավելի հստակ են դառնում։ Այդպես ինձ համար շատ ավելի հեշտ է հասկանալ, թե ինչ եմ մտածում և ինչ պետք է անեմ։

Ճիշտ է, կողքից երևի մի քիչ խելագարի տպավորություն եմ թողնում։ Չէ՞ որ շատերը կարծում են, թե ինքն իր հետ խոսում են միայն հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ։ Նրանք, ովքեր իրենց գլխում ձայներ են լսում ու պատասխանում դրանց։ Եվ եթե շարունակ խոսում ես՝ առանց որևէ մեկին դիմելու, շրջապատում կարող են մտածել, թե խելքդ թռցրել ես։ Ես, օրինակ, երևի հիշեցնում եմ «Մատանիների տիրակալը» ֆիլմի Գոլումին, որն անդադար խոսում էր իր «թանկագինի» հետ։

Բայց գիտե՞ք ինչ։ Հիմա դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ տեսնելիս տարօրինակ հայացքներ են նետում (ի դեպ, ես ամեն ինչ նկատում եմ)։ Ինքդ քեզ հետ բարձրաձայն խոսելը կարող է նույնիսկ հանճարեղության նշան լինել։ Աշխարհի ամենախելացի մարդկանցից շատերն են ունեցել այդ սովորությունը։ Դրա մասին կարելի է դատել մեծ մտածողների մենախոսություններից, գրականությունից ու պատմությունից։

Նույնիսկ Ալբերտ Էյնշտեյնն էր ինքն իր հետ խոսում։ Պատանեկության տարիներին նա այնքան էլ շփվող չէր և հաճախ ուրիշների ընկերակցությունից գերադասում էր մենակությունը։ Ասում են՝ նա սովորություն ուներ իր ասած նախադասությունները դանդաղ կրկնելու։

Դե տեսնո՞ւմ եք։ Պարզվում է՝ ես միակը չեմ։ Եվ ամենևին էլ խելքս չեմ թռցրել։ Գուցե նույնիսկ ճիշտ հակառակը։

Իրականում ինքներս մեզ հետ խոսելը կարող է օգնել ուղեղին ավելի արդյունավետ աշխատել։ Հոգեբաններ Դենիել Սուինգլին և Գարի Լուպյանը, որոնց հետազոտությունը հրապարակվել է The Quarterly Journal of Experimental Psychology գիտական հանդեսում, որոշել են պարզել, թե ինչ օգուտ կարող է տալ այս սովորությունը։

Ի վերջո, գրեթե բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ հետ խոսում ենք։ Ուրեմն ինչո՞ւ չպարզել, թե դա ինչով կարող է օգտակար լինել։

1. Ինքդ քեզ հետ խոսելն օգնում է հիշողությանը

Ի՞նչ է ցույց տվել հետազոտությունը

Սուինգլին և Լուպյանը փորձ են անցկացրել 20 մասնակցի հետ։ Նրանց հանձնարարել են սուպերմարկետում գտնել որոշակի մթերքներ՝ հաց, խնձոր և այլ ապրանքներ։

Փորձի առաջին մասում մասնակիցները պետք է լուռ փնտրեին անհրաժեշտ ապրանքները։ Երկրորդ մասում նրանց խնդրել են որոնելիս բարձրաձայն կրկնել այն ապրանքի անունը, որը փորձում էին գտնել։

Պարզվել է, որ մարդիկ ավելի արագ էին գտնում անհրաժեշտ ապրանքը, երբ բարձրաձայն արտասանում էին դրա անունը։

Այսպիսով՝ մեր այս փոքր-ինչ տարօրինակ սովորությունն իսկապես կարող է օգնել հիշողությանը։ Սակայն կա մի կարևոր պայման. այն օգնում է հատկապես այն դեպքում, երբ հստակ պատկերացնում եք, թե ինչ տեսք ունի ձեր փնտրած առարկան։

Եթե չգիտեք, թե ինչ տեսք ունի այն, անունը բարձրաձայն կրկնելը կարող է նույնիսկ դանդաղեցնել որոնումը։

Իսկ եթե գիտեք, որ բանանը դեղին է ու երկարավուն, ապա «բանան» բառն արտասանելիս ուղեղում ավելի հեշտությամբ է առաջանում դրա պատկերը։ Արդյունքում այն գտնելն էլ է հեշտանում։

2. Բարձրաձայն խոսելով՝ մենք սովորում ենք ճիշտ այնպես, ինչպես երեխաները

Փոքր երեխաները հենց այդպես էլ սովորում են՝ լսում են մեծերին ու փորձում կրկնել նրանց արածը։ Ի վերջո, ամեն ինչ փորձի ու կրկնության շնորհիվ է ստացվում։ Սեփական ձայնը կառավարել սովորելու համար երեխան նախ պետք է լսի այն։

Բացի այդ, երբ երեխան ինքն իր հետ խոսում է, այդպես սովորում է նաև կառավարել իր վարքը։ Նա կարծես ինքն իրեն հուշում է, թե ինչ պետք է անի, ինչից սկսի և ինչպես անցնի հաջորդ քայլին։ Դա օգնում է նաև ուշադրությունը կենտրոնացնել այն ամենի վրա, ինչն այդ պահին կարևոր է։

Երեխաները հաճախ բարձրաձայն ասում են, թե ինչ են անում։ Այդպես նրանք ոչ միայն ավելի լավ են հասկանում իրենց գործողությունները, այլև հիշում են, թե ինչպես լուծեցին այս կամ այն խնդիրը։ Իսկ այդ փորձը հետագայում կարող է կրկին պետք գալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ եք տանը մենակ մնալիս խոսում ինքներդ ձեզ հետ

Հոգեբանները բացատրում են, թե ինչու ենք երբեմն բարձրաձայն խոսում ինքներս մեզ հետ, և երբ է այդ սովորությունն իսկապես օգնում։

Կարդալ հոդվածը →

3. Ինքդ քեզ հետ խոսելն օգնում է մտքերը կարգի բերել

Չգիտեմ՝ ձեզ մոտ ինչպես է, բայց իմ գլխում մտքերը հաճախ այնքան խառն են լինում, որ դժվարանում եմ դրանցից գլուխ հանել։ Մեկը մյուսին է հաջորդում, և միայն բարձրաձայն խոսելն է օգնում դրանք մի փոքր կարգի բերել։

Բացի այդ, դա ինձ շատ է հանգստացնում։ Այդ պահերին ես կարծես ինքս ինձ համար հոգեթերապևտ եմ դառնում։ Իմ մի «ես»-ը բարձրաձայն խոսում է, իսկ մյուսը՝ լսում, մտածում ու փորձում գտնել խնդրի լուծումը։

Հոգեբան Լինդա Սապադինի կարծիքով՝ բարձրաձայն խոսելը հատկապես օգտակար է, երբ պետք է կարևոր կամ դժվար որոշում կայացնել։

«Դա օգնում է հստակեցնել մտքերը, հասկանալ, թե ինչն է կարևոր, և ավելի վստահ լինել սեփական որոշման մեջ»։

Բոլորս էլ գիտենք՝ երբ խնդրի մասին խոսում ենք, այն լուծելու առաջին քայլն արդեն արած ենք լինում։

Եվ եթե խնդիրը մերն է, ինչո՞ւ դրա մասին չխոսենք հենց ինքներս մեզ հետ։

4. Ինքդ քեզ հետ խոսելն օգնում է հասնել նպատակներին

Բոլորս էլ գիտենք, թե որքան դժվար է երբեմն նպատակներ սահմանելն ու դրանց հասնելու համար գործի անցնելը։ Նույնիսկ երբ հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում, առաջին քայլն անելն այնքան էլ հեշտ չի լինում։

Բայց երբ բարձրաձայն ասում ենք, թե ինչ պետք է անենք և ինչ հերթականությամբ, գործն ավելի պարզ է թվում։ Ամեն քայլ ավելի հասկանալի ու իրագործելի է դառնում։ Եվ հանկարծ հասկանում ենք, որ այդ ամենն այնքան էլ դժվար չէ, որքան սկզբում թվում էր։

Լինդա Սապադինի խոսքով՝

«Նպատակները բարձրաձայն արտահայտելն օգնում է կենտրոնանալ, կառավարել հույզերն ու մի կողմ թողնել այն ամենը, ինչը շեղում է ուշադրությունը»։

Այդպես ավելի հեշտ է իրավիճակն ամբողջությամբ գնահատել, չկորցնել վստահությունն ու շարունակել առաջ շարժվել։

Ի վերջո, երբ ինքներդ ձեզ հետ խոսում եք, կարծես հիշեցնում եք ինքներդ ձեզ, որ կարող եք հույս դնել սեփական ուժերի վրա։ Եվ ո՞վ, եթե ոչ դուք, կարող է ավելի լավ իմանալ, թե իրականում ինչ է ձեզ պետք։

Այնպես որ, մի՛ ամաչեք լսել ձեր ներքին ձայնին և պատասխանել նրան։ Նույնիսկ եթե դրա համար պետք է բարձրաձայն խոսել։

Ի՞նչ է ասում գիտությունը

Ինքդ քեզ հետ խոսելը ինքնին ոչ բարձր ինտելեկտի ապացույց է, ոչ էլ հոգեկան խանգարման նշան։ Դա բավական տարածված երևույթ է, որը որոշ իրավիճակներում իսկապես կարող է օգտակար լինել։

Գարի Լուպյանի և Դենիել Սուինգլիի հետազոտությունը ցույց է տվել, որ առարկայի անունը բարձրաձայն արտասանելը կարող է հեշտացնել այն գտնելը, եթե մարդն արդեն գիտի, թե ինչ տեսք ունի այդ առարկան։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ բարձրաձայն խոսելը բոլոր դեպքերում լավացնում է հիշողությունը կամ մտածողությունը։

Գիտական աղբյուր՝ Gary Lupyan, Daniel Swingley, Self-directed speech affects visual search performance, 2012, The Quarterly Journal of Experimental Psychology, 65(6), 1068–1085.

Ծանոթանալ գիտական հետազոտությանը →

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
Ինքդ քեզ հետ խոսելը նորմա՞լ է․ բարձրաձայն մտածելու սովորության 4 օգտակար կողմերը
ԹԵՍՏ. Ո՞ր կենդանիներն են իրենցից վտանգ ներկայացնում
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց