101-ամյա Ջոն Քերոլն ու նրա 100-ամյա կինը՝ Ջերին, արդեն 80 տարի միասին են։ Նրանք մինչ օրս ապրում են Թենեսի նահանգի Մերֆրիսբորո քաղաքում գտնվող իրենց տանը, շաբաթական մի քանի անգամ ռեստորան են այցելում, իսկ ամեն ուրբաթ նախաճաշում են McDonald’s-ում։ Այս մասին պատմում է Today-ը։
Այնտեղ նրանք սովորաբար պատվիրում են ձվով և երշիկով McMuffin ու սուրճ և հանդիպում իրենց ընկերներին։ Նախկինում Քերոլներն ամեն օր իրենք էին մեքենայով գնում, սակայն այժմ այլևս չեն վարում, և ուրբաթ օրերին նրանց տանում է որդին։
Չնայած տարիքին՝ Ջոն Քերոլը շարունակում է բավական ակտիվ կյանք վարել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը նույնիսկ ծրագրում է սեպտեմբերին մեկնել Նոր Օռլեան և այցելել Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային թանգարան։
Ամուսինները պատմել են այն սովորությունների մասին, որոնք, իրենց կարծիքով, օգնել են իրենց հասնել 100 տարեկանին։
1. Մի՛ հրաժարվեք համեղ ուտելիքից
Քերոլները որևէ խիստ սննդակարգի չեն հետևում։ Տանը նախաճաշին նրանք հաճախ հացահատիկային փաթիլներ են ուտում՝ բանանի, հապալասի և այլ մրգերի հետ։
Շաբաթական մի քանի անգամ ամուսինները ճաշում կամ ընթրում են ռեստորաններում։ Նրանց սիրելի ուտեստների թվում են սթեյքը, տապակած հավը, հնդկահավը, կանաչեղենը, աղցանները, լոբին և բամիան։
Նրանք նաև ընկույզներ են ուտում՝ հատկապես հնդկական ընկույզ և նուշ, խմում են սուրճ ու տարբեր հյութեր։ Միևնույն ժամանակ նրանք չեն հրաժարվում նաև քաղցրավենիքից․ երբեմն ուտում են M&M’s կամ շոկոլադե սալիկներ։
«Չգիտեմ։ Ես պարզապես սովորական ուտելիք եմ ուտում՝ լոբի ու կարտոֆիլ, երևի»,- ասում է Ջոնը, երբ նրան հարցնում են, թե հատկապես ինչ սնունդ է օգնել իրեն այսքան երկար ապրել։
2. Սիրեք ու հոգ տարեք միմյանց մասին
Ջոնն ու Ջերին ծանոթացել են դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Այդ ժամանակ Ջոնը մթերք էր առաքում Ջերիի մորաքրոջը, և հենց նա էլ ծանոթացրել է նրանց։
Զույգն ամուսնացել է 1946 թվականի ապրիլի 18-ին։ Այդ օրվանից նրանք արդեն ութ տասնամյակ միասին են։
Երբ Ջերիին հարցնում են, թե որն է 80 տարի տևած ամուսնության գաղտնիքը, նա շատ պարզ պատասխանում է․
«Պարզապես սիրեք միմյանց ու հոգ տարեք միմյանց մասին»։
Ջոնն էլ կատակով ասում է, որ իր գաղտնիքն ավելի պարզ է․
«Այո՛, սիրելիս»։
119-ամյա տղամարդը նշել է երեք կանոն, որոնք օգնել են իրեն այդքան երկար ապրել
Կոստա Ռիկայի 119-ամյա բնակիչ Խոսե Ֆլորես Ֆլորեսը պատմել է այն երեք պարզ սկզբունքների մասին, որոնք ինքն է համարում իր երկարակեցության գաղտնիքը։
3. Հնարավորինս երկար ինքնուրույն մնացեք
Քերոլներն իրենց կյանքի մեծ մասն աշխատել են։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ բանակում ծառայելուց հետո Ջոնը երկար տարիներ աշխատել է որպես վարորդ և կաթ է առաքել։
Ջերին 35 տարի աշխատել է որպես քարտուղար Թենեսիի գյուղատնտեսական կոոպերատիվում։
Այսօր էլ նրանք շարունակում են ապրել իրենց տանը, թեև որոշ հարցերում ընտանիքի օգնության կարիքն ունեն։ Նրանց որդին գնում է մթերք և դեղորայք, հնձում է սիզամարգը և օգնում տան մյուս գործերում։
Ջոնը նաև նշում է, որ իրենց ընտանիքում երկարակեցությունը հազվադեպ երևույթ չէ․ նրա մայրը ապրել է 99 տարի։
4. Ամեն օր շարժվեք
Մինչև 88 տարեկանը Ջոնն ու Ջերին ամեն օր մոտ երկու մղոն՝ ավելի քան երեք կիլոմետր, քայլում էին տեղի առևտրի կենտրոնում։
Այժմ, բնականաբար, նրանք ավելի քիչ են շարժվում։ Ջոնն օգտվում է քայլակից, իսկ Ջերին՝ ձեռնափայտից։ Բայց նույնիսկ հիմա նրանք չեն հրաժարվել ֆիզիկական ակտիվությունից։
Ջոնն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 4-ին, նստում հատակին և 100 անգամ ձեռքերը հասցնում ոտքերի մատներին։
Ջերին տանը կատարում է իր համար նախատեսված վարժությունները, իսկ տնային գործերը նույնպես համարում է ակտիվ մնալու միջոց։
5. Մի՛ մեկուսացեք
Ամուսինների համար կարևոր է նաև մարդկանց հետ կապը չկորցնելը։
Քերոլները պարբերաբար հանդիպում են իրենց ընկերներին McDonald’s-ում, ժամանակ են անցկացնում ընտանիքի անդամների հետ և եկեղեցի են հաճախում։ Նրանց ամուսնության 80-ամյակի առթիվ եկեղեցում նույնիսկ մեծ տոնակատարություն է կազմակերպվել։
Ջոնն ամեն օր հաղորդագրություն է գրում իր դստերը։
Ջերին մարդկանց շատ պարզ խորհուրդ է տալիս․
«Պարզապես մի՛ մեկուսացեք»։
Գիտական հետազոտությունները նույնպես ցույց են տալիս, որ ամուր սոցիալական կապերը կապված են ավելի լավ առողջության և երկարակեցության հետ։ Հենց այդ պատճառով ընտանիքի անդամների, ընկերների և զուգընկերոջ հետ շփումը առողջ ծերացման համար կարող է ոչ պակաս կարևոր լինել, քան սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը։








