Շատերը վախենում են անգրագետ երևալուց։ Դրա համար էլ փորձում են լինել, կամ գոնե թվալ ավելի խելացի։ Բայց մարդու խելքը մեկ նշանով չափել հնարավոր չէ։
Ինտերնետում հաճախ կարելի է հանդիպել տարօրինակ պնդումների։ Օրինակ՝ ասում են, թե ռոք լսողները ավելի խելացի են, քան ռեփի սիրահարները, կամ որ գիշերը ուշ քնելը բարձր ինտելեկտի նշան է։ Նման «գիտական փաստերը» սովորաբար կամ չափազանցված են, կամ սխալ են մեկնաբանված, կամ էլ պարզապես սոցցանցային հերթական աղմուկն են։
Այդ դեպքում ի՞նչ է նշանակում լինել խելացի՝ գիտության տեսանկյունից։ Կա՞ն նշաններ, որոնք իսկապես կարող են խոսել զարգացած մտքի մասին։
Կան։ Բայց այստեղ պետք է մի կարևոր բան հասկանալ․ խելացի մարդուն բնորոշում է ոչ թե մեկ տպավորիչ հատկանիշ, այլ մտածողության մի ամբողջ ձև։ Կարևոր է՝ ինչպես է նա հասկանում նորը, ինչպես է կասկածում իր առաջին պատասխանին, ինչպես է վերաբերվում սխալներին և կարո՞ղ է արդյոք փաստերի ազդեցությամբ փոխել կարծիքը։
Մարդու ինտելեկտի երկու հիմնական տեսակները
Երբ գիտնականները ուսումնասիրում են մարդու մտավոր կարողությունները, նրանք հաճախ խոսում են ինտելեկտի երկու տեսակի մասին։
Առաջինը նոր խնդիրներ լուծելու, օրինաչափություններ տեսնելու և անծանոթ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունն է։ Գիտության մեջ սա կոչվում է շարժուն ինտելեկտ։
Երկրորդը մարդու կուտակած գիտելիքներն են՝ բառապաշարը, էրուդիցիան, մասնագիտական փորձը, փաստերի ու գաղափարների պաշարը։ Սա կոչվում է բյուրեղացած ինտելեկտ։
Սրանք տարբեր բաներ են, բայց իրար հետ կապված են։ Շարժուն ինտելեկտը օգնում է արագ մտածել նոր իրավիճակում, իսկ բյուրեղացած ինտելեկտը թույլ է տալիս հենվել արդեն ունեցած գիտելիքի ու փորձի վրա։
Պարզ ասած՝ մեկը օգնում է արագ հասկանալ, մյուսը՝ մտածել ավելի խորությամբ։ Իսկ ուժեղ միտքը սովորաբար աշխատում է հենց այս երկուսի համադրությամբ։
Ստորև ներկայացված են այն նշանները, որոնք գիտական ուսումնասիրությունները կապում են զարգացած մտքի հետ։ Բայց կարևոր է հիշել․ դրանցից յուրաքանչյուրը առանձին վերցրած դեռ քիչ բան է ասում։ Խելացի մարդու մոտ դրանք սովորաբար երևում են միասին։
Նոր բաների մեջ արագ կողմնորոշվելու կարողություն
Առօրյա կյանքում խելքի ամենաուժեղ նշաններից մեկը ոչ թե շատ բան իմանալն է, այլ նոր թեմայի մեջ արագ մտնելը։
Օրինակ՝ դուք բացում եք անծանոթ ծրագիր, խաղ, ուրիշի գրած կոդը կամ բարդ հոդված և բավական արագ հասկանում եք՝ ինչն է այստեղ գլխավորը, ինչ կանոններով է ամեն ինչ աշխատում, որտեղ կարող է լինել խնդիրը և ինչ կարելի է ընդհանրացնել։
Սա հենց շարժուն ինտելեկտի մասին է։
Խելացի մարդը պարզապես չի անգիր անում հրահանգը։ Նա փորձում է գլխում հասկանալ համակարգը․ ինչն ինչի հետ է կապված, ինչ սկզբունք է գործում և ինչպես կարելի է այդ սկզբունքը կիրառել այլ իրավիճակներում։
Եթե ձեզ պետք չէ նույն բանը տաս անգամ բացատրել, դա լավ նշան է։ Բավական է ցույց տալ հիմնական սկզբունքը, և դուք արդեն կարողանում եք շարունակությունը ինքնուրույն հասկանալ։
Այստեղ մի կարևոր տարբերություն կա։ Արագ սովորող մարդը պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանա։ Նա պարզապես արագ է «քարտեզ» կառուցում գլխում։ Իսկ դա երբեմն շատ ավելի արժեքավոր է, քան պատրաստի պատասխանների մեծ պաշար ունենալը։
Զարգացած աշխատանքային հիշողություն
Աշխատանքային հիշողությունը այն կարողությունն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք միաժամանակ մի քանի բան պահել գլխում և աշխատել դրանց հետ։
Խոսքը պարզապես հեռախոսահամարը մի քանի վայրկյան հիշելու մասին չէ։ Աշխատանքային հիշողությունը պետք է, երբ պետք է մտքում պահել խնդրի պայմանները, բացառությունները, կապերը, ամբողջ համատեքստը և այդ ամենից հետևություն անել։
Օրինակ՝ դուք կարդում եք բարդ տեքստ և չեք կորցնում հիմնական միտքը։ Լսում եք վեճ և հիշում եք՝ ով ինչ ասաց, ինչ փաստարկ բերեց և որտեղ հակասեց ինքն իրեն։ Պլանավորում եք նախագիծ՝ միաժամանակ մտքում պահելով կառուցվածքը, ժամկետները, ռիսկերը և բազմաթիվ մանրուքներ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատանքային հիշողությունը և շարժուն ինտելեկտը սերտորեն կապված են, թեև նույն բանը չեն։
Բայց եթե երբեմն մոռանում եք՝ որտեղ եք դրել բանալիները, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Շատ հաճախ նման մոռացկոտության պատճառը ոչ թե ցածր ինտելեկտն է, այլ հոգնածությունը, սթրեսը, ծանրաբեռնվածությունը կամ ուշադրության ցրվածությունը։ Ուղեղը պարզապես փորձում է էներգիա խնայել։
Այնպես որ բանալիները կորցնելը դեռ չի նշանակում, թե խելացի չեք։ Իսկ եթե կարողանում եք բարդ տեղեկատվության մեջ չխճճվել, կապերը պահել և դրանց հիման վրա մտածել, սա արդեն շատ ավելի լուրջ նշան է։
Սեփական պատասխաններին կասկածելու ունակություն
Խելացի մարդու կարևոր հատկանիշներից մեկը սեփական պատասխանին կասկածելու կարողությունն է։ Գիտության մեջ սա կապում են կոգնիտիվ ռեֆլեքսիայի հետ։
Մեր ուղեղը շատ է սիրում արագ պատասխաններ տալ։ Այն հաճախ առաջինը առաջարկում է այն տարբերակը, որը թվում է ակնհայտ։ Բայց ակնհայտ պատասխանը միշտ չէ, որ ճիշտ է։
Խելացի մարդը հաճախ կարողանում է ժամանակին կանգ առնել և մտածել․
«Սպասիր, շատ հեշտ ստացվեց։ Գուցե այստեղ ծուղա՞կ կա»։
Հենց այս կարողությունը ստուգելու համար էլ ստեղծվել է cognitive reflection test-ը։ Այն ստուգում է ոչ թե պարզապես IQ-ն, այլ արագ, ինտուիտիվ, բայց սխալ պատասխանը զսպելու և ավելի վերլուծական մտածողություն միացնելու կարողությունը։
Հետազոտությունները այս հատկանիշը կապում են ինտելեկտի, թվային մտածողության և ռացիոնալ որոշումներ ընդունելու ունակության հետ։ Բայց այն ամբողջությամբ չի համընկնում IQ-ի հետ։ Սա առանձին հմտություն է՝ կարողանալ ասել․ «Իմ առաջին պատասխանը կարող է սխալ լինել» և հետո իսկապես ստուգել այն։
Իրական կյանքում սա շատ արժեքավոր որակ է։ Մարդը, ով երբեք չի կասկածում իր առաջին պատասխանին, կարող է արագ թվալ։ Բայց մարդը, ով ճիշտ պահին կանգ է առնում և ստուգում իր միտքը, շատ հաճախ ավելի ճիշտ եզրակացության է հասնում։
Հետաքրքրասիրություն և մտածելու ներքին պահանջ
Կա մի հոգեբանական հատկանիշ, որը կարելի է անվանել մտածելու ներքին պահանջ։ Սա այն դեպքը չէ, երբ մարդը պարզապես ուտելիս միացնում է «խելացի» դասախոսություն, որպեսզի իրեն ինտելեկտուալ զգա։
Խոսքը իրական հետաքրքրության մասին է։ Երբ մարդը հաճույք է ստանում բարդ խնդիրներից, վերլուծությունից, պատճառներ փնտրելուց և անընդհատ հարցնում է․ «Իսկ ինչո՞ւ է սա այսպես»։
Խոշոր գիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ ինտելեկտը, հետաքրքրասիրությունը և մտածելու պահանջը դրական կապ ունեն ճանաչողական կարողությունների հետ։ Առանձին ուսումնասիրություններ էլ ցույց են տալիս, որ հետաքրքրասիրությունը կարող է զգալիորեն ազդել նաև ուսումնական արդյունքների վրա։
Պարզ ասած՝ խելացի մարդուն հաճախ բավարար չէ իմանալ պատասխանը։ Նրան հետաքրքրում է, թե ինչու է պատասխանը հենց այդպիսին։
Սա շատ կարևոր տարբերություն է։ Մակերեսային միտքը սիրում է պատրաստի պատասխաններ։ Խորը միտքը սիրում է հասկանալ մեխանիզմը։ Նրան հետաքրքրում է ոչ միայն «ինչն է ճիշտ», այլև «ինչպես հասանք այդ ճիշտին»։
Բարդը պարզ բառերով բացատրելու կարողություն
Խելքը հաճախ երևում է ոչ թե նրանում, որ մարդը բարդ տերմիններ է օգտագործում, այլ նրանում, որ կարողանում է բարդ բանը պարզ դարձնել։
Դրա համար պետք են գիտելիք, վերացական մտածողություն, լավ աշխատանքային հիշողություն և ամենակարևորը՝ գլխավորը երկրորդականից տարբերելու կարողություն։
Եթե մարդը կարողանում է քվանտային ֆիզիկան, տնտեսագիտությունը, բժշկությունը կամ հոգեբանությունը բացատրել այնպես, որ դուք հասկանաք հիմնական միտքը և չզգաք, թե ձեզ դասագրքով հարվածեցին գլխին, սա ուժեղ նշան է, որ նա իսկապես հասկանում է թեման։
Բայց այստեղ երկու ծուղակ կա։
Առաջինը՝ մարդը կարող է շատ խելացի լինել, բայց վատ բացատրել։ Ոչ բոլոր խելացի մարդիկ են լավ խոսող։
Երկրորդը՝ մարդը կարող է շատ գեղեցիկ խոսել, ինքնավստահ ձայն ունենալ և միաժամանակ ասել լիակատար անհեթեթություն։
Դրա համար լավ բացատրությունը միայն հարթ խոսքը չէ։ Այն պետք է ունենա պարզություն, տրամաբանություն և սահմաններ։ Խելացի բացատրողը ոչ միայն ասում է, թե ինչ է կատարվում, այլ նաև ցույց է տալիս՝ ինչու, ինչպես և որտեղ է ավարտվում իր իմացածի սահմանը։
Կարդացեք նաև
Հոգեբանները պնդում են՝ խելացի մարդկանց մեծ մասն ունի մեկ ընդհանուր խնդիր
Բարձր ինտելեկտը միշտ չէ, որ կյանքը հեշտացնում է։ Երբեմն սուր միտքը բերում է նաև ներքին լարվածություն, սոցիալական մեկուսացում և հարաբերություններում բարդություններ։
Փաստարկների թույլ տեղերը նկատելու կարողություն
Խելացի մարդը հաճախ տեսնում է, երբ որևէ դատողության մեջ ինչ-որ բան չի բռնում։
Օրինակ՝ նա նկատում է, որ խախտված է պատճառահետևանքային կապը, եզրակացությունը չի բխում տվյալներից, աղբյուրը թույլ է, կամ մարդը փաստարկի փոխարեն օգտագործում է հույզ, վախ, հեղինակություն կամ անձնական ցանկություն։
Սա մոտ է ռացիոնալ մտածողությանը։ Բայց այստեղ կարևոր նրբություն կա․ ինտելեկտը և ռացիոնալությունը նույն բանը չեն։
Հետազոտող Քիթ Սթենովիչը հատուկ ընդգծում է, որ ինտելեկտի թեստերը ամբողջությամբ չեն չափում ռացիոնալ մտածողությունը և մտածողության սխալներից խուսափելու հակումը։
Այդ պատճառով մարդը կարող է շատ խելացի լինել, բայց միևնույն ժամանակ հավատալ ակնհայտ անհեթեթությունների։ Դա կարող է տեղի ունենալ, երբ մտածողության մեջ խառնվում են գաղափարախոսությունը, վախը, էգոն կամ պարզապես ցանկությունը, որ իրականությունը լինի ավելի հաճելի, քան կա։
Հենց դրա վրա են պահվում շատ կայուն միֆեր՝ օրինակ աչքի, թուղթուգրի, անեծքի կամ «էներգետիկ վնասելու» մասին համոզմունքները։
Խելացի մարդը պարտադիր չէ, որ երբեք չսխալվի։ Բայց նա ավելի հաճախ կարողանում է նկատել՝ որտեղ է փաստարկը թույլ, որտեղ է իր ցանկությունը խառնվել իրականությանը, և որտեղ արդեն պետք է ոչ թե հավատալ, այլ ստուգել։
Զարգացած հումորի զգացում
Հումորը ինքնին չի ապացուցում բարձր ինտելեկտ։ Բայց լավ կատակ ստեղծելը բավական լուրջ մտավոր աշխատանք է։
Դրա համար պետք է կապել իրարից հեռու թվացող թեմաներ, հասկանալ համատեքստը, գտնել անսպասելի շրջադարձ և ճիշտ բառեր ընտրել։ Լավ հումորը հաճախ կառուցվում է հակասության, անսպասելիության և իմաստային խաղի վրա։
Կան նաև տվյալներ, որ բարդ, մռայլ կամ սև հումորը հասկանալու և գնահատելու կարողությունը կապվում է ավելի բարձր վերբալ և ոչ վերբալ ինտելեկտի, ինչպես նաև կրթական մակարդակի հետ։ Բայց խոսքը հենց բարդ հումորի մասին է, որտեղ մարդը պետք է իմաստ մշակի, կապեր տեսնի և ենթատեքստ հասկանա։ Ոչ թե պարզապես մեմ վերատեղադրի կամ կոպիտ բան ասի։
Հայհոյել, ինչպես ասում են, կարող է նույնիսկ աթոռը, եթե նրան սովորեցնեն։ Իսկ խելացի հումորը պահանջում է ոչ թե միայն կոպտություն, այլ մտքի աշխատանք։
Այստեղ սահմանը կարևոր է։ Սարկազմը, եթե միայն վիրավորելու ձև է, դեռ ինտելեկտի նշան չէ։ Բայց եթե այն բացահայտում է հակասություն, ցույց է տալիս մտածողության ծուղակ կամ մեկ նախադասությամբ բացում իրավիճակի ամբողջ անհեթեթությունը, դա արդեն ուրիշ մակարդակ է։
Նոր գաղափարներ ստեղծելու կարողություն
Կրեատիվությունը կապված է ինտելեկտի հետ, բայց ոչ այնքան ուղիղ ու պարզ, որքան սիրում են ներկայացնել մոտիվացիոն գրառումներում։
2021 թվականի մետավերլուծություններից մեկը կապ է գտել ինտելեկտի թեստերի արդյունքների և ստեղծագործական ձեռքբերումների միջև։ Կապը եղել է մոտավորապես 0,16։ Այսինքն՝ ինտելեկտը օգնում է, բայց ինքնին մարդուն ստեղծագործ չի դարձնում։
Սա կարևոր է հասկանալ։ Բարձր ինտելեկտը կարող է գործիքներ տալ՝ արագ կապեր տեսնելու, մոդելներ կառուցելու, տարբեր լուծումներ համեմատելու համար։ Բայց նոր գաղափարներ ստեղծելու համար միայն դա քիչ է։ Պետք են նաև փորձ, հետաքրքրասիրություն, համարձակություն, բաց մտածողություն և սխալվելու հանդեպ հանդուրժողականություն։
Խելացի մարդը հաճախ կարողանում է ոչ թե պարզապես նոր բան ասել, այլ օգտակար նոր բան առաջարկել։ Նա տեսնում է համակարգը, ոչ թե միայն առանձին դետալները։ Իսկ երբ մարդը կապում է այն, ինչ մյուսները չեն կապել, հենց այդտեղ էլ ծնվում է ստեղծագործական մտածողությունը։
Սխալներից սովորելու կարողություն
Խելքի ամենագործնական նշաններից մեկը սեփական սխալներից դաս քաղելու կարողությունն է։
Սա չի նշանակում չունենալ կարծիք կամ դիրքորոշում։ Ընդհակառակը՝ խելացի մարդը կարող է շատ հստակ կարծիք ունենալ։ Պարզապես այդ կարծիքը մեխերով ամրացված չէ նրա ինքնագնահատականին։
Եթե փաստերը փոխվում են, նա կարող է փոխել եզրակացությունը։ Եթե պարզվում է, որ սխալվել է, կարող է ընդունել դա առանց այն զգացողության, թե իրեն հրապարակային մահապատժի ենթարկեցին։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջին պատասխանի վրա չկառչելը և սեփական մտածողության ընթացքը ստուգելը առանձին բնութագիր է։ Այն կապված է ինտելեկտի հետ, բայց ամբողջությամբ չի համընկնում դրա հետ։
Պարզ ասած՝ եթե կարողանում եք ասել «ես սխալ էի» և դրանից ներսից չփլուզվել, դա լավ նշան է։ Հազվադեպ, գրեթե թանգարանային արժեք ունեցող նշան, բայց շատ կարևոր։
Սխալից սովորող մարդը մտածում է ոչ թե այսպես․ «Ինչպե՞ս ապացուցեմ, որ ճիշտ էի»։ Նա մտածում է․ «Ինչո՞ւ սխալվեցի և հաջորդ անգամ ինչ կարող եմ ավելի լավ անել»։ Սա արդեն ոչ միայն ինտելեկտ է, այլ նաև մտքի հասունություն։
Որ նշաններն են իրականում միֆ
Իսկ հիմա այն մասին, ինչը ինտերնետում չափազանցրել են, բայց գիտությունը այդքան վստահ չի հաստատում։ Սրանք կամ շատ թույլ նշաններ են, կամ ընդհանրապես չեն կարող համարվել խելքի ապացույց։
- Ուշ քնելը։ Քնի ռեժիմը կապված է բազմաթիվ գործոնների հետ։ Բայց «ես գիշերային մարդ եմ, ուրեմն խելացի եմ» եզրակացությունը գիտություն չէ։ Դա ավելի շատ YouTube-ը գիշերվա 3։40-ին չանջատելու արդարացում է։
- Աշխատասեղանի խառնաշփոթը։ Երբեմն դա կարող է լինել ստեղծագործական քաոս։ Իսկ երբեմն սեղանը պարզապես նման է հանցագործության վայրի։ Ինքնին խառնաշփոթը խելքի ապացույց չէ։
- Միայնակ լինելը։ Խելացի մարդիկ կարող են լինել և՛ ինտրովերտ, և՛ էքստրավերտ, և՛ շատ շփվող, և՛ բավական փակ։ Միայնակությունը ինքնին ինտելեկտի նշան չէ։
- Հայհոյանքը, սարկազմը և սև հումորը։ Բարդ հումորը կարող է կապ ունենալ մտավոր կարողությունների հետ։ Բայց կոպտությունը առանց իմաստային խաղի՝ ոչ։
- Բարձր գնահատականներն ու դիպլոմները։ Դրանք կարող են կապված լինել ինտելեկտի հետ, բայց կախված են նաև կարգապահությունից, միջավայրից, ֆինանսական հնարավորություններից, առողջությունից և կանոններով խաղալու ունակությունից։
Այս նշանները երբեմն կարող են հանդիպել խելացի մարդու մոտ, բայց ինքնին ոչինչ չեն ապացուցում։ Դրանք նույնն են, ինչ գեղեցիկ փաթեթավորումը․ ներսում կարող է արժեքավոր բան լինել, բայց կարող է նաև դատարկ տուփ լինել։
Կարելի՞ է առանց IQ թեստի հասկանալ, որ խելացի եք
Ամենաազնիվ պատասխանը սա է․ մարդը, ամենայն հավանականությամբ, խելացի է, եթե նրա մոտ պարբերաբար համընկնում են միանգամից մի քանի նշաններ։
Նա արագ է կողմնորոշվում նոր իրավիճակներում, կարողանում է մտքում պահել բարդ պայմաններ, ստուգում է իր առաջին պատասխանը, սիրում է խորանալ պատճառների մեջ, նկատում է փաստարկների թույլ տեղերը, պարզ բացատրում է բարդ բաները, ստեղծում է օգտակար գաղափարներ, փաստերից հետո կարողանում է փոխել կարծիքը և տեսնում է ոչ թե միայն առանձին դետալներ, այլ ամբողջ համակարգը։
Բայց այստեղ էլ ծուղակ կա։ Վերջնականապես դա ստուգվում է ոչ թե ինքնադիտարկմամբ, այլ նորմալ թեստերով, խնդիրներով և իրական կյանքում մտածելու որակով։
Մարդկանց ինքնագնահատականը հաճախ աշխատում է հագուստի խանութի հայելու նման․ թվում է՝ դու Ապոլոնն ես, մինչև միացնում են նորմալ լույսը։
Այդ պատճառով ավելի ճիշտ է ոչ թե հայտարարել «ես խելացի եմ», այլ նայել՝ ինչպես եք մտածում, երբ բախվում եք նոր բանի, սխալի, հակասության կամ անհարմար փաստի։
Վերջաբան
Խելքը մեկ գեղեցիկ նշան չէ։ Դա մտածելու սովորությունների ամբողջություն է։
Խելացի մարդը պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանա։ Բայց նա սովորաբար արագ է հասկանում նորը, կարողանում է հարց տալ, կասկածել ակնհայտին, տարբերել փաստը ենթադրությունից, նկատել թույլ փաստարկը և ընդունել, որ կարող էր սխալվել։
Լավ նորությունն այն է, որ այս հատկանիշների մեծ մասը կարելի է զարգացնել։ Եթե մարդը սովորում է չհավատալ առաջին ակնհայտ պատասխանին, խորանալ պատճառների մեջ, ստուգել աղբյուրները և չվախենալ սխալն ընդունելուց, նրա մտածողությունն արդեն սկսում է աշխատել ավելի բարձր մակարդակով։
Ի վերջո, խելքը այն չէ, որ միշտ ճիշտ լինեք։ Խելքը այն է, որ կարողանաք մոտենալ ճշմարտությանը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար պետք է հրաժարվել սեփական սխալ համոզմունքներից։







