Սիրո բանաձևը. մաթեմատիկոսները բացատրել են, թե ինչու են որոշ զույգեր բաժանվում, իսկ մյուսները՝ ոչ

Լիոնի համալսարանի պրոֆեսոր Լորան Պյուժո-Մանժուեն և նրա գործընկերները փորձում են հասկանալ, թե ինչպես է գործում սիրո բանաձևը` ռոմանտիկ հարաբերությունները դիտարկելով որպես դինամիկ համակարգ։ Նրանց հետաքրքրում է, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում զգացմունքները, ինչպես է զույգն արձագանքում արտաքին ճնշումներին ու ներքին հակասություններին և, ամենակարևորը, կարողանո՞ւմ է արդյոք դժվարություններից հետո վերականգնել հարաբերությունների հավասարակշռությունը։

Հոգեբան Ջոն Գոթմանը, որին հաճախ անվանում են «Սիրո դոկտոր», առաջիններից էր, ով ցույց տվեց, որ զույգերի վարքագիծը հնարավոր է արտահայտել նաև թվերով։ Նա ուսումնասիրում և կոդավորում էր զուգընկերների իրական զրույցները, ապա ստացված տվյալները ներկայացնում գրաֆիկների տեսքով։ Դրանց միջոցով հնարավոր էր բավական մեծ ճշգրտությամբ կանխատեսել՝ ամուսնությունը կպահպանվի՞, թե՞ զույգը, ի վերջո, կբաժանվի։

Հետագայում այլ գիտնականներ այս մոդելներում սկսեցին հաշվի առնել նաև ուշացած արձագանքները՝ այն դեպքերը, երբ վեճի ժամանակ մարդն անմիջապես չի պատասխանում զուգընկերոջը։ Պարզվել է, որ հակամարտությունը «մարսելու» համար անհրաժեշտ ժամանակը կարող է և՛ թուլացնել լարվածությունը, և՛ հակառակը՝ ավելի խորացնել այն։

Յուրաքանչյուր զույգ ունի կայունության իր շեմը

Ժամանակակից մոդելների համաձայն՝ յուրաքանչյուր հարաբերություն ունի կայունության որոշակի շեմ՝ կապի ուժի այն նվազագույն մակարդակը, որից ներքև երկար մնալու դեպքում հարաբերությունները սկսում են աստիճանաբար քայքայվել։

«Եթե ձեր զգացմունքներն իջնում են այդ շեմից ներքև և երկար ժամանակ մնում այդ մակարդակում, մաթեմատիկան կանխատեսում է անխուսափելի շարժ դեպի բաժանում,— ասում է Պյուժո-Մանժուեն։— Բայց այդ շեմի գոյության մասին իմանալը հնարավորություն է տալիս ժամանակին նկատել վտանգավոր փուլն ու ինչ-որ բան փոխել հարաբերություններում՝ մինչև բաժանումը դառնա անխուսափելի»։

Պյուժո-Մանժուեի թիմն իր հավասարումներում հաշվի է առնում նաև կյանքի այն փորձությունները, որոնց այս կամ այն փուլում բախվում են գրեթե բոլոր զույգերը՝ սթրեսը, վեճերը, աշխատանքի հետ կապված ճնշումը, երեխաների առկայությունը կամ բացակայությունը, ֆինանսական դժվարությունները։

Այստեղ, սակայն, վճռորոշը ոչ այնքան հենց այդ ցնցումներն են, որքան այն, թե դրանցից հետո որքան արագ է զույգը կարողանում վերականգնել հարաբերությունների հավասարակշռությունը։

«Գլխավոր հարցն այն չէ՝ զուգընկերները վիճո՞ւմ են, թե՞ ոչ,— ընդգծում է Պյուժո-Մանժուեն։— Կարևորն այն է, թե արդյոք նրանք բավարար ուժ և ներքին դիմակայունություն ունեն, որպեսզի վեճից հետո կարողանան կրկին վերադառնալ կայուն վիճակի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Այս միֆերը կործանում են նույնիսկ ամուր հարաբերությունները. հոգեբանը բացահայտել է՝ ինչ անել
Որոշ համոզմունքներ կարող են աննկատ վնասել նույնիսկ ամուր թվացող հարաբերություններին։

Կարդալ հոդվածը →

Հարաբերությունների «ամրության պաշարը»

Սիրո բանաձևը
Յուրաքանչյուր հարաբերություն ունի ամրության որոշակի պաշար, և հենց դրանից է մեծապես կախված, թե որքան կենսունակ կլինի այդ կապը։

Մոդելներն առանձնացնում են երեք հիմնական ուժ, որոնց փոխազդեցությունից կախված է հարաբերությունների երկարակեցությունը․ փոխադարձ ձգողականությունը, ժամանակի ընթացքում զգացմունքների բնական թուլացումը և այն, թե զուգընկերներն ինչպես են հուզականորեն արձագանքում միմյանց։

Այս երեք գործոնները միասին էլ ձևավորում են հարաբերությունների «ամրության պաշարը»։

Պյուժո-Մանժուեն դա համեմատում է երեք խոզուկների հայտնի հեքիաթի հետ․

«Կյանքը միշտ ուղարկելու է իր գայլերին՝ սթրես, հիվանդություններ, աշխատանք, երեխաներ, ֆինանսական դժվարություններ։ Մաթեմատիկան օգնում է հասկանալ, թե ինչպես կառուցել աղյուսե տուն, ոչ թե ծղոտե»։

Ապագայում հարաբերությունների խնդիրների մասին կարող է նախազգուշացնել արհեստական բանականությունը

Հետագայում գիտնականները նախատեսում են նման մոդելները համատեղել արհեստական բանականության հետ և ստեղծել զույգերի համար մի տեսակ «վաղ նախազգուշացման համակարգ»։

Նման ալգորիթմը կարող է ժամանակին նկատել, որ հարաբերությունները շարժվում են դեպի անկայուն վիճակ, և զուգընկերներին հնարավորություն տալ դեռևս ժամանակին փոխել իրավիճակը։

Սերը հնարավոր չէ տեղավորել մեկ բանաձևի մեջ

Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են՝ սերը հնարավոր չէ ամբողջությամբ նկարագրել մեկ բանաձևով։

Ժամանակակից մոդելների մեծ մասը ստեղծվել է արևմտյան զույգերի տվյալների հիման վրա, ուստի դրանք բավարար չափով չեն արտացոլում մշակութային, կրոնական և սոցիալական տարբերությունները։

Բացի այդ, մարդիկ միշտ չէ, որ իրենց կանխատեսելի են պահում։ Նրանք կարող են փոխել սովորությունները, դիմել թերապիայի, ավելի ամուր դարձնել իրենց հուզական կապը և դրանով իսկ խախտել ցանկացած մաթեմատիկական կանխատեսում։

«Մաթեմատիկան կարող է ցույց տալ որոշ օրինաչափություններ և հուշել, թե ինչի վրա արժե ուշադրություն դարձնել,— ասում է Պյուժո-Մանժուեն։— Բայց հարաբերությունների հաջողությունն, ի վերջո, կախված է երկու մարդկանցից, որոնք ամեն օր ընտրում են հոգ տանել իրենց կապի մասին։ Հավասարումները կարող են ցույց տալ ճանապարհը, բայց անցնել այն դուք պետք է երկուսով»։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Սիրո բանաձևը. մաթեմատիկոսները բացատրել են, թե ինչու են որոշ զույգեր բաժանվում, իսկ մյուսները՝ ոչ
9 իր, որոնք պետք է և ժամանակն է դեն նետել այս նոր տարում
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց