Ինչու են բարի մարդիկ հաճախ լինում ամենամիայնակը

Հնարավոր է՝ ձեր աշխատավայրում ևս կա նման մարդ (իսկ գուցե դա հենց դո՞ւք եք), պայմանականորեն անվանենք նրան Բարեղամ։ Դուք տեսնվում եք գրեթե ամեն օր, աշխատում եք կողք կողքի, փոխանակվում հարյուրավոր հաճելի արտահայտություններով, և աշխատավայրում բոլորը նրան «հրաշալի մարդ» են համարում։ Նա հիշում է բոլորի անունները, հարցնում է հանգստյան օրերի մասին, իր ներկայությամբ ցանկացած միջավայր մի փոքր ավելի ջերմ է դարձնում։ Բայց տարիների ամենօրյա շփումից հետո դուք նրա մասին բառացիորեն ոչինչ չգիտեք։ Ո՛չ այն, թե ինչ է նա իրականում ուզում, ո՛չ այն, թե ինչից է վախենում, և ո՛չ էլ այն, թե արդյոք նա գոնե մեկ մտերիմ ընկեր ունի։ Ահա մի անհարմար ճշմարտություն. մարդիկ, որոնց ամբողջ աշխարհը նկարագրում է որպես «հաճելի», «հրաշալի» կամ «հմայիչ», շատ հաճախ պարզվում է, որ ամենամիայնակն են։

Միացե՛ք մեր Telegram ալիքին

Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։

Բաժանորդագրվել

Ինչու հաճելի մարդկանց հազվադեպ ենք իսկապես ճանաչում

Երբ ինչ-որ մեկի մասին ասում ենք՝ «նա շատ հաճելի է», իրականում նկարագրում ենք ոչ թե մարդուն, այլ նրա կողքին մեր ունեցած զգացողությունը։ Մեզ հեշտ էր և հարմարավետ։ Նա անհարմարություններ չէր ստեղծում, տհաճ թեմաներ չէր բարձրացնում, ոչինչ չէր պահանջում։ «Հաճելի»-ն այն բառն է, որն օգտագործում ենք, երբ դիմացինի ներաշխարհն այդպես էլ մեզ համար փակ է մնում:

Մտերիմ ընկերությունը բոլորովին այլ բառեր է ծնում՝ համառ, բարդ, նվիրված։ Այս բառերը հայտնվում են այն ժամանակ, երբ իսկապես ճանաչում ես մարդուն։ Իսկ «հաճելին» այն է, ինչ մնում է, երբ ծանոթությունը մակերեսային շփումից այն կողմ չի անցել։

Եվ եթե մեր գործընկերը հեռանա աշխատանքից, նրա հետ կապն ակնթարթորեն կխզվի։ Ըստ էության, կարոտելու բան էլ չի լինի. ձեր միջև չկա մի այնպիսի բան, որը կպահպանվեր ընդհանուր աշխատանքային տարածքից դուրս:

Որոշ իսկապես լավ մարդիկ գրեթե մտերիմ ընկերներ չունեն։

Ինչպես է հարմարավետ լինելու սովորությունը տանում դեպի միայնություն

Շրջապատի կողմից չափազանց հաճելի համարվող մարդկանց մեծամասնությունն այս հմտությունը յուրացրել է դեռ մանկուց։ Նյարդակենսաբանության և վարքագծային հոգեբանության տեսանկյունից, բոլորին գոհացնելու (people-pleasing) այս հակումը հաճախ հարմարվողականության խորը արմատացած մեխանիզմ է: Երբ մանկության տարիներին միջավայրը չի ապահովում էմոցիոնալ անվտանգություն կամ չի ընդունում երեխայի բացասական հույզերը, նյարդային համակարգը սովորում է, որ «անտեսանելի» կամ «կատարյալ հարմարավետ» լինելը հասարակության մեջ գոյատևելու լավագույն ուղին է։

Աշխարհը պարգևատրել է նրանց այն տեսակին, որը լուռ կլանում էր ուրիշների խնդիրները՝ խուսափելով սեփականը բարձրաձայնելուց։ Մեծանալով՝ նրանք վիրտուոզ կերպով սովորում են դուր գալ ուրիշներին, բայց այդպես էլ չեն կարողանում դառնալ իրապես ճանաչված և հասկացված։

Որպեսզի քեզ ճանաչեն, պետք է շփման եզրեր ու նույնիսկ որոշակի հակասություններ ստեղծել։ Խոսել անհարմար բաներից։ Պաշտպանել անձնական սահմանները։ Թույլ տալ ուրիշներին նայել քո կատարյալ դիմակի հետևում: Այն մարդու համար, ով տասնամյակներ շարունակ առաջնորդվել է «թեթև շփման» կանոններով, դա անջատելը գրեթե անհնար է դառնում: Դա վերածվում է ինքնության, այլ ոչ թե պարզապես ռազմավարության:

Արդյունքը լինում է մեկուսացման մի յուրահատուկ տեսակ. հարյուրավոր ջերմ ծանոթներ, բայց ոչ մի հոգի, ում կարելի է զանգել պարզապես երեքշաբթի կեսօրին, երբ տրամադրությունդ վատ է: Սա ամենամիայնակ սոցիալական կարգավիճակներից մեկն է։ Նման մարդը գնում է խնջույքների, նրան ջերմությամբ են հիշում, բայց նա տուն է վերադառնում մենակ՝ ողջ երեկոյի ընթացքում ցույց չտալով իրականում իր հոգում կատարվողը և մտածելով, թե դա ոչ մեկին հետաքրքիր չէ ու պետք չէ։

Ինչու է «ինձ մոտ ամեն ինչ հիանալի է» արտահայտությունը խանգարում ընկերությանը

Կոլումբիայի համալսարանի հոգեբույժ Դեբորա Կաբանիսը նույն երևույթը նկարագրել է կլինիկական տեսանկյունից։ Նրա խոսքով՝ մտերմությունը կառուցվում է սեփական խոցելիությամբ կիսվելու շնորհիվ։ Իսկ ստանդարտ «Ինձ մոտ ամեն ինչ հիանալի է» պատասխանը հենց այն պատնեշն է, որը թույլ չի տալիս ծանոթին դառնալ ընկեր։

Կարդացեք նաև՝ Միայնակ մարդկանց բնավորության 8 գիծ

Նա այս միտումը հստակ նկատեց համավարակի ժամանակ, երբ «իդեալականացված» պատասխաններ տալն ավելի բարդացավ։ Արդեն ոչ ոք չէր կարող համոզիչ կերպով պնդել, թե իր կյանքում ամեն ինչ հիանալի է։ Հեռախոսազանգերն ավելի երկարեցին։ Մարդիկ սկսեցին նոր բացահայտումներ անել հին ընկերների մասին։ Այս մեխանիզմն աշխատում է փոխադարձության սկզբունքով. հոգեբանորեն շատ դժվար է սեփական խնդիրները քննարկել մեկի հետ, ով միշտ անթերի է և երբեք չի կիսվում իր ապրումներով:

Իսկական մտերմությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է քաղաքավարությունը։

Նրանց համար, ովքեր սովոր չեն բացվել, հոգեբույժն առաջարկում է կոնկրետ քայլեր.

  • Զանգելուց առաջ գրել և հարցնել՝ արդյոք ընկերը ժամանակ ունի հանգիստ խոսելու:
  • Զգուշորեն զգուշացնել, որ զրույցն անձնական բնույթ է կրելու:
  • Միանգամից չփակվել, եթե ի պատասխան կարեկցանքի՝ խորհուրդ լսեք. հաճախ դիմացինը պարզապես փորձում է օգնել:
  • Անկեղծանալուն զուգահեռ նաև անկեղծ լսել, որպեսզի յուրաքանչյուր զանգ չվերածվի հոգեբանական աջակցության խնդրանքի:
  • Շնորհակալություն հայտնել, երբ ընկերը ժամանակ է տրամադրում և կարեկցում է ձեզ. դա էապես ամրապնդում է կապը:

«Իհարկե, անկեղծ ու խոցելի լինելու մեջ ռիսկ կա», – նշում է Կաբանիսը։ «Բայց դա, ամենայն հավանականությամբ, ավելի փոքր ռիսկ է, քան ձեզ թվում է, իսկ փոխարենը ստացած մտերմությունն իսկապես արժե դրան»:

Ինչպես սովորել մտերմանալ մարդկանց հետ

Ձեր ստեղծած համբավը ձեր մեղքը չէ։ Շփման այդ մեխանիզմը նախկինում աշխատել է։ Բայց այն ունի իր սահմանափակումները։ Այն օգնում է ձեռք բերել ծանոթությունների լայն շրջանակ, սակայն իր էությամբ ի վիճակի չէ ստեղծել իրական, մտերիմ ընկերություն:

Փոփոխությունը սկսվում է փոքր քայլերից.

  • Ասել ավելի անկեղծ ու «անկյունավոր» միտք այնտեղ, որտեղ սովորաբար նախընտրում եք հարթեցնել իրավիճակը:
  • Խոստովանել, որ ինչ-որ բան ձեզ դժվարությամբ է տրվում՝ ավտոմատ կերպով արտասանվող «ամեն ինչ նորմալ է»-ի փոխարեն:
  • Տալ այնպիսի հարց, որն ակնկալում է ավելին, քան ուղղակի ստանդարտ ու կանխատեսելի պատասխան:
  • Թույլ տալ որոշակի անհամաձայնություն կամ բանավեճ այն մարդու հետ, ում իսկապես ցանկանում եք ներս թողնել ձեր կյանք:

Ձեր ներքին դիմադրությունը վայրկենական կլինի։ Պաշտպանական մեխանիզմը կսկսի հուշել, որ դուք դառնում ձանձրալի, պահանջկոտ, այլևս «ոչ այնքան հաճելի»։ Բայց այն մարդկանց մեծամասնությունը, ում հետ դուք ուզում եք մտերմանալ, գերադասում է իրական և անկեղծ շփումը դատարկ «հարթությունից»։ Նրանք մեծ սիրով կցանկանային ճանաչել իրական ձեզ, եթե դրա հնարավորությունը տաք:

Ինչու քաղաքավարությունը չի կարող փոխարինել իրական մտերմությանը

Կարևոր է հասկանալ մի բան. խնդիրը բարության մեջ չէ, ոչ էլ նրանում, որ հաճելի մարդիկ պարտադիր պետք է մենակ մնան։ Պարզապես կարելի է տարիներ շարունակ բոլորի համար լինել հարմարավետ, հոգատար և «յուրային», բայց այդպես էլ չստեղծել գեթ մեկ կապ, որը դուրս կգա աշխատանքային զրույցների կամ պատահական հանդիպումների շրջանակներից։ Ի վերջո, կարևոր է ոչ թե ծանոթների քանակը, այլ հարաբերությունների խորությունն ու որակը։ «Հաճելին» ընկերոջ հոմանիշը չէ. դա պարզապես այն պիտակն է, որը ձեզ տալիս են, երբ ոչ մեկին բավարար չափով մոտ չեք թողել ձեր իրական ես-ը ճանաչելու համար:

Քաղաքավարության սովորական դիմակի ետևում թաքնված է կենդանի մարդ, որին ոչ ոք չգիտի։

Կարիք չկա կտրուկ ու արմատական փոփոխությունների։ Անցումը պետք է լինի աստիճանական. մեկ անկեղծ արտահայտություն՝ սովորականի փոխարեն, թուլության մեկ պահ՝ բարձրաձայնված, այլ ոչ թե թաքցված։ Ժամանակի ընթացքում հենց այսպիսի փոքրիկ ընտրություններից են ձևավորվում այն ամուր կապերը, որոնց վրա հենվում է հասուն մարդու կյանքը:

Վերադառնանք մեր Բարեղամին՝ մի մարդու, ով տարիներ շարունակ իր ներկայությամբ ջերմացնում էր ցանկացած միջավայր, բայց մնաց որպես մեկը, ում նախկին գործընկերը կցանկանար իսկապես ճանաչել, եթե նրա ներքին «արգելքները» դա թույլ տային։ Բաց է մնում գլխավոր հարցը. արդյո՞ք Բարեղամը գտավ այնպիսի մարդկանց, ովքեր նրան կզանգեին պարզապես այդպես. ոչ թե այն պատճառով, որ նա շատ հաճելի է, կօգնի կամ ճիշտ խորհուրդ կտա, այլ որովհետև նա վերջապես թույլ տվեց մարդկանց տեսնել իրական իրեն:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo
Աննա Հովհաննիսյան

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
Ինչու են բարի մարդիկ հաճախ լինում ամենամիայնակը
Կշեռք – կապույտ, Կարիճ – սև. Ո՞րն է յուրաքանչյուր ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի «ուժի գույնը»
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց