Շատ ծնողների թվում է, թե իրենց երեխաների բնատուր խելքը, դպրոցական բարձր գնահատականներն ու միասնական քննություններից հավաքած առավելագույն միավորները հաջողության երաշխիք են։ Այդ երիտասարդներն ընդունվում են լավագույն համալսարաններ, ավարտում են այն կարմիր դիպլոմով՝ դառնալով ծնողների հպարտությունը… մինչև այն պահը, երբ բախվում են դաժան իրականությանը։
Միացե՛ք մեր Telegram ալիքին
Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։
Շատ հաճախ, համալսարանն ավարտելուց հետո, այդ խոստումնալից երիտասարդները չեն կարողանում մասնագիտական աշխատանք գտնել և շարունակում են ֆինանսապես կախված մնալ ընտանիքից։ Մյուսները ստիպված են լինում տարիներով աշխատել սպասարկման ոլորտում՝ բավարարվելով ամսական 150-200 հազար դրամ աշխատավարձով։ Պարզվում է, որ կրթական համակարգում գերազանցիկ լինելը բնավ չի նշանակում, որ մարդը պատրաստ է հաղթահարելու կյանքի մարտահրավերները։ Ակադեմիական գիտելիքը հաճախ ստեղծում է վերահսկելի միջավայրի պատրանք, մինչդեռ աշխատանքային շուկան և առօրյան պահանջում են ճկունություն և այնպիսի գործնական հմտություններ, որոնք դասագրքերում ուղղակի չկան։
Թեև բարձր ինտելեկտը մեծ առավելություն է, իրական կյանքում այս 5 կենսական հմտություններն արժեն անհամեմատ ավելին.
1. Աշխատանքային ամուր էթիկա
Երիտասարդներից շատերը կարծում են, թե կարող են առաջ գնալ միայն իրենց բնատուր տվյալներով, խարիզմայով և հեշտությամբ տրված տեսական գիտելիքներով: Սակայն իրականում հաջողության են հասնում նրանք, ովքեր վաղ են գիտակցում, որ միայն ինտելեկտն իրենց հեռու չի տանի։ Ստենֆորդի համալսարանի հոգեբան Քերոլ Դուեքի առաջ քաշած «աճի մտածելակերպի» (growth mindset) տեսությունը հենց սա է ապացուցում. տաղանդը հնարավոր է զարգացնել նվիրվածության և քրտնաջան աշխատանքի միջոցով, ինչն անհամեմատ ավելի մեծ ուժ է տալիս մարդուն, քան պարզապես ընդունակություններին ապավինելը։
Լայֆ-քոուչ Միթզի Բոքմանը նկատում է, որ բարձր ինտելեկտով երեխաները հաճախ հեշտությամբ են գլուխ հանում պարզ առաջադրանքներից, բայց նրանք, ովքեր այդ խելքը վերածում են իրական հաջողության, անում են դա միայն տքնաջան ջանքերի շնորհիվ։ Քննական միավորները չեն որոշում մարդու ապագան։
2. Առողջ վերաբերմունք մերժման նկատմամբ
Երբեմն գերազանցիկները ցանկացած մերժում կամ անհաջողություն ընկալում են որպես կյանքի վերջ։ Եթե գործատուն մերժում է նրանց, կամ սեփական նախագիծը ձախողվում է, թվում է, թե նրանց ողջ գոյությունն իմաստազրկվում է։ Սա նաև ստիպում է խուսափել ռիսկերից և չգործադրել առավելագույն ջանքեր՝ վախենալով, որ ձախողվելու դեպքում հարվածը չափազանց ծանր կլինի թե՛ իրենց, թե՛ ընտանիքի համար։
Նեյրոկենսաբանական մակարդակով սոցիալական մերժումն ակտիվացնում է ուղեղի այն նույն կենտրոնները, ինչ ֆիզիկական ցավը: Սակայն հուզական ինտելեկտի (EQ) կարևորագույն բաղադրիչն այդ անհարմարությունը սեփական անձի արժեքից տարանջատելն է:
Հարաբերությունների փորձագետ Դինա Կոլադայի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր կարողանում են ընդունել «ոչ»-ն առանց ընկճվելու, մերժմանը վերաբերվում են զուտ որպես տվյալ պահի արդյունքի, ոչ թե դատավճռի իրենց ինքնության վերաբերյալ։
3. Ձանձրույթին ու միապաղաղությանը դիմանալու ունակություն
Ուսումնական տարիներին շատերն ատում են սխալներն ուղղելու կամ աշխատանքը վերաշարադրելու գործընթացը։ Նրանք սովոր են, որ ամեն ինչ պետք է ստացվի առաջին իսկ փորձից՝ հակառակ դեպքում արագ հիասթափվում են։ Սակայն իրական կյանքում որևէ արժեքավոր բան միանգամից կատարյալ չի ստեղծվում: Փորձերի և սխալների ճանապարհով անցնելու համբերությունը մեծագույն տաղանդ է:
Կարդացեք նաև՝ 10 տարօրինակ սովորություն, որոնք գրեթե միշտ վկայում են բարձր IQ-ի մասին
Ժամանակակից աշխարհում, որտեղ արագ բավարարումն ու թվային շեղումներն ամենուր են, խորը և կենտրոնացած աշխատանքը (deep work) պահանջում է դիմանալ միապաղաղությանը: Հենց այդ միապաղաղությունն է նոր հմտությունների և կայուն նեյրոնային կապերի ձևավորման հիմքը:
Անձնային զարգացման մասնագետ Քերոլայն Մագուայերը նշում է, որ ծնողները պետք է օգնեն դեռահասներին գտնել իրենց ներքին ուժը հենց այն պահերին, երբ վերջիններս հուսահատվում են և ցանկանում են հանձնվել, քանի որ դա կենսական դիմակայունություն (resilience) է ձևավորում:
4. Ինտելեկտուալ համեստություն
Երիտասարդներից շատերը դժվարանում են խոստովանել, որ ամեն ինչ չգիտեն: Նրանք հաճախ դժկամությամբ են լսում ուրիշների կարծիքները կամ խորհուրդները՝ վստահ լինելով, որ իրենց մոտեցումն անվիճելիորեն լավագույնն է: Ինտելեկտուալ համեստությունը սեփական գիտելիքների սահմանները գիտակցելն է։ Առանց դրա՝ մարդիկ հաճախ հայտնվում են Դանինգ-Կրյուգերի էֆեկտի ծուղակում՝ գերագնահատելով իրենց կարողությունները և անտեսելով զարգանալու նոր հնարավորությունները։
Հոգեբան Լին Մարգոլիսն ընդգծում է, որ ուրիշների տեսանկյունը հասկանալու և սեփական արարքները վերլուծելու անկարողությունը լուրջ խոչընդոտ է առողջ կապեր և էմպաթիա կառուցելու ճանապարհին:
5. Շարունակելու հաստատակամություն (Grit)
Եթե որևէ խնդիր կամ աշխատանք չափազանց բարդ է թվում, տաղանդավոր մարդիկ հաճախ պարզապես հրաժարվում են դրանից՝ արդարանալով, թե դա իրենց ուժերից վեր է։ Բայց իրականում, անկախ բնական տվյալներից, ցանկացած ոլորտում վարպետության հասնելու համար պահանջվում է երկարատև և համառ աշխատանք:
Այս հաստատակամությունը, ինչպես նշում է ամերիկացի հոգեբան Անջելա Դաքվորթը, ներքին կրքի և հարատևության համադրությունն է երկարաժամկետ նպատակների համար։ Այն հաջողության շատ ավելի ճշգրիտ կանխատեսիչ է, քան զուտ ինտելեկտը, քանի որ օգնում է հաղթահարել խոչընդոտների հանդեպ վախը և առաջ գնալ նույնիսկ ամենադժվար պահերին:
Դպրոցում կամ համալսարանում բարձր առաջադիմություն ունենալը, անշուշտ, հրաշալի է։ Բայց կյանքում մեծագույն հաջողությունների են հասնում ոչ թե պարզապես «հանճարները», այլ նրանք, ովքեր տիրապետում են կյանքի համար անհրաժեշտ այս հինգ կարևորագույն հմտություններին՝ շարունակելով կատարելագործել դրանք ամեն օր։








