Թեև յուրաքանչյուր սերունդ ռոմանտիկ հարաբերություններում ունի իր առաջնահերթությունները, որոշ բաներ համընդհանուր են բոլորի համար՝ անկախ տարիքից: Ինչպես նշում է Yourtango կայքի հրապարակման հեղինակը, 1980-90-ականներին ծնված կանայք գնալով ավելի հաճախ են բացահայտ խոսում հարաբերություններում և ամուսնության մեջ իրենց չբավարարված պահանջմունքների մասին: Եվ նրանք ձգտում են այնպիսի բաների, որոնք ունիվերսալ են ցանկացած սերնդի համար:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ավելի խորը էմոցիոնալ մտերմություն
Նշվում է, որ մեր օրերում 30-40 տարեկան կանայք ձգտում են ավելի խորը էմոցիոնալ կապի և այսպես կոչված «էմոցիոնալ աշխատանքի» հավասարաչափ բաշխման։ Հեղինակն ընդգծում է, որ հաճախ հենց կանայք են ստիպված լինում հաղթահարել ու կարգավորել ոչ միայն սեփական, այլև զուգընկերոջ հույզերը։
«Կանայք հոգնել են իրենց ամուսինների համար էմոցիոնալ խնամակալ լինելուց», – ընդգծում է հոդվածի հեղինակը։
Ավելի քիչ մենթալ ծանրաբեռնվածություն
Հեղինակը գրում է, որ էմոցիոնալ աջակցությունից բացի՝ կանայք են կրում հիմնական «մենթալ ծանրաբեռնվածությունը»՝ պլանավորումը, վերահսկողությունն ու կենցաղի հոգսը։ Այս աշխատանքը հաճախ աննկատ է, սակայն շատ հյուծիչ է և, ինչպես նշվում է, հստակ սահմաններ չունի։
Չնայած կանանց զբաղվածության աճին՝ տնային գործերի մեծ մասը շարունակում է մնալ նրանց ուսերին։ Սա անարդարության և գերբեռնվածության զգացում է առաջացնում, ինչն էլ խաթարում է հարաբերությունների հավասարակշռությունը։
Իրական աջակցություն կարիերայում
Հեղինակն ընդգծում է՝ կանայք ակնկալում են, որ իրենց մասնագիտական հավակնություններն ավելի մեծ աջակցություն կստանան։ Սոցիալական դերերի և երեխաների խնամքի մեծ ծախսերի պատճառով նրանց կարիերան հաճախ մղվում է երկրորդ պլան, ինչն էլ հիասթափության առիթ է դառնում։
Ավելի շատ ժամանակ երկուսով
Կանայք ցանկանում են ավելի շատ ժամանակ անցկացնել զուգընկերոջ հետ՝ չշեղվելով գաջեթների ու կողմնակի այլ գործոնների վրա։ Ըստ հեղինակի՝ սովորական համատեղ ժամանցը պետք է լինի գիտակցված և լի միմյանց հանդեպ ուշադրությամբ։
Զարգացող զուգընկեր
Փորձագետները կարևորում են երկու զուգընկերների անձնային աճը։ Կանայք ցանկանում են իրենց կողքին տեսնել մի մարդու, ով աշխատում է իր վրա և զարգանում է իրենց հետ համընթաց։
Ավելի ամուր գործընկերություն երեխաների դաստիարակության հարցում
Տեքստում նշվում է, որ կանայք ձգտում են հավասարազոր ծնողավարման, որտեղ որոշումները կայացվում են համատեղ, իսկ պարտականությունները բաշխվում են հավասարապես։
Կարդացեք նաև՝ Ի՞նչն է տղամարդուն գրավիչ դարձնում․ կանայք խոստովանել են, թե որ մանրուքներն են իրենց «խելքահան անում»
Լսելու կարողություն
Հեղինակն ընդգծում է, որ կանայք ոչ միշտ են լուծումներ փնտրում. նրանց համար շատ ավելի կարևոր է պարզապես լսված լինելը։ Խոսքն էմոցիոնալ աջակցության և հույզերի ընդունման մասին է՝ առանց դրանք արժեզրկելու։
Ժամանակ ինքն իր համար
Ինչպես գրում է հեղինակը, կանանց անհրաժեշտ է տարածք ինքնադրսևորման համար՝ կնոջ կամ մոր դերերից դուրս։ Նման ժամանակի բացակայությունը հանգեցնում է էմոցիոնալ հյուծման։
Պարբերական երախտագիտություն
Փորձագետները նշում են, որ նույնիսկ երախտագիտության պարզ դրսևորումները կարող են զգալիորեն ամրապնդել հարաբերությունները։
«Երախտագիտությունն արտահայտվում է բառերով, ժեստերով կամ գործողություններով, որոնք ցույց են տալիս, որ զուգընկերոջը նկատում են, գնահատում, հարգում, սիրում և ցանկանում են», – նշվում է հրապարակման մեջ։
Բաց հաղորդակցություն
Նյութում ընդգծվում է, որ ազնվությունն ու բաց լինելը վստահության հիմքն են։
Ընդհանուր առմամբ, ինչպես ամփոփում է հեղինակը, այս սերնդի կանայք այլևս պատրաստ չեն լուռ համակերպվել հարաբերություններում առկա անհավասարակշռության հետ և գնալով ավելի ակտիվ են բարձրաձայնում իրենց կարիքները, ինչն էլ կարող է դառնալ փոփոխությունների առաջին քայլը։








