Այսօր ընդունված է լինել առավելագույնս բաց՝ կիսվել ապրումներով, պատմել թուլությունների մասին, «լինել ավելի ազնիվ» և սոցիալական ցանցերում «հաշվետվություն ներկայացնել» ամեն ինչի վերաբերյալ։ Սակայն իրականում շփման մեջ անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը բաց լինելու և անվտանգության միջև. կարևոր են սահմանները, չափաբաժինը և համատեքստը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Որոշ թեմաներ հատուկ զգուշություն են պահանջում։ Դրանք չպետք է դառնան պատահական զրուցակիցների, նոր ծանոթների կամ այն մարդկանց սեփականությունը, ովքեր դեռ չեն վաստակել ձեր մասին անձնական տեղեկություններ իմանալու իրավունքը։ Բավական է այն, որ բազմաթիվ կազմակերպություններ արդեն տիրապետում են մեր անձնագրային տվյալներին, հաշվեհամարներին և այլ ինֆորմացիայի, որով մենք կնախընտրեինք չկիսվել։
Կլինիկական հոգեբանը պատմել է, թե հատկապես որ թեմաներն արժե թողնել միայն ամենանեղ շրջապատի համար։
1. Ֆինանսական մանրամասներ
Երբեմն մենք պատմում ենք, թե որքան ենք վաստակում, որքան ենք կուտակել կամ ամսական ծախսում՝ կարծես իմիջիայլոց, առանց դրան նշանակություն տալու։ Բայց փողի թեման գրեթե միշտ մարդկանց մոտ համեմատվելու ցանկություն է առաջացնում։ Դուք չեք կարող կանխատեսել, թե որն է դիմացինի թույլ կողմը, ինչը նրան կհուզի. ձեզ թվում է, թե ձեր եկամուտը համեստ է, իսկ մեկ ուրիշի համար դա կարող է թվալ «անարդարացիորեն շատ»։ Հաճախ ուրիշների գնումների կամ ճամփորդությունների մասին տեղեկությունները կարող են նախանձ և թերարժեքության զգացում առաջացնել։
Նոր ծանոթների մոտ կարող է սխալ պատկերացում ձևավորվել ձեր մասին, կարծես դուք, առաջին հերթին, ձեր ֆինանսական ցուցանիշների հանրագումարն եք։ Դուք ամենից քիչը կցանկանայիք ստանալ «հովանավորի» կամ «անհաջողակի» պիտակ, այնպես չէ՞։
Բացի էմոցիոնալ ռիսկից, կան նաև իրական վտանգներ՝ պարտքով գումար խնդրելը, ձեր ռեսուրսներից օգտվելու փորձերը, իսկ երբեմն՝ նաև խարդախների ուշադրության գրավումը։ Իսկ եթե ձեր եկամուտը բավարար չափով բարձր չէ, կարող եք բախվել թաքնված մանիպուլյացիաների և արժեզրկման։
Կիսվեք նման տվյալներով միայն իսկապես վստահելի մարդկանց հետ և միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է գործի համար, այլ ոչ թե պարզապես «խոսակցությունը պահելու» նպատակով։
2. Տեղեկություններ անշարժ գույքի մասին (և թե ում հետ եք ապրում)
Այստեղ ընդհանուր առմամբ գործում են նույն սկզբունքները, ինչ 1-ին կետում։ Եվ ամենակարևորը, թերևս, այն է, որ մարդիկ հակված են դիմացինին դատել ըստ բնակարանի չափի կամ ամառանոցի առկայության։
- Ապրում եք ծնողների՞ հետ։ Ոմանց համար դա կարող է մեկնաբանվել որպես ոչ բավարար ինքնուրույնություն, հարաբերությունների խնդիրներ կամ առիթ դառնալ «անհաջողակ» պիտակավորման համար (այդ թվում՝ ոչ այնքան որակյալ մասնագետների կողմից):
- Ունեք մեծ և թա՞նկ բնակարան։ Սա կարող է առաջացնել նախանձ, թունավոր մեկնաբանություններ և խորհուրդներ, բամբասանքներ, հավանաբար նույնիսկ վնասելու փորձեր՝ չխոսելով այն մասին, որ հետաքրքրասեր հարևանի կամ ծանոթի անվան տակ կարող է թաքնված լինել անբարեխիղճ գործակալ կամ խարդախ:
3. Առօրյա երթուղիներ և հաճախ այցելվող վայրեր
Բնակության և աշխատանքի հասցեն, երեկոյան վազքի կամ առավոտյան զբոսանքի վայրը, ֆիտնես ակումբը, սրճարանը, որտեղ սովորաբար ճաշում եք, և այլ սովորական գործողությունները ձեր խոցելիության քարտեզն են։ Եվ խոսքն այստեղ միայն այն մասին չէ, որ լրացուցիչ տեղեկատվությունը կարող է հասնել խարդախներին կամ հանցագործներին: Պարզապես մարդիկ շատ տարբեր են լինում։
Որոշ մարդիկ հակված են հետապնդման (stalking)՝ հավանած մարդուն հետևելուն։ Մյուսները՝ չափից դուրս խանդոտ են։ Եվ վերջապես… Կարող է պատահաբար պարզվել, որ դուք ապրում եք հարևան շենքերում մի մարդու հետ, ում հարևանությունը ձեզ այնքան էլ չի ուրախացնի։ Այժմ ստիպված կլինեք շփվել երկու անգամ ավելի հաճախ։ Դուք դա ցանկանո՞ւմ եք։
Միևնույն ժամանակ, կան դեպքեր, երբ ձեր գտնվելու վայրը ամենամտերիմներին հայտնելը անհրաժեշտություն է։ Օրինակ, եթե գնում եք ժամադրության կամ հանդիպման մի մարդու հետ, ում դեռ լավ չեք ճանաչում և վստահ չեք։
Կարդացեք նաև՝ Ինչի՞ մասին երբեք չպետք է որևէ մեկին պատմել: Ավելի լավ է լռել
4. Առողջական վիճակ և ախտորոշումներ
Շատերը ցանկանում են «անմիջապես ազնիվ լինել», հատկապես նոր ռոմանտիկ հարաբերություններում կամ ընկերության մեջ։ Բայց բժշկական քարտի ոչ բոլոր մանրամասներն է պետք բարձրաձայնել առաջին իսկ հարմար առիթի դեպքում։
Իհարկե, եթե խոսքը լուրջ հարաբերությունների մասին է, որտեղ պլանավորում եք համատեղ ապագա և երեխաներ, անկեղծությունն անհրաժեշտ է և կդառնա զգացմունքների ստուգատես։
Սակայն շատ ախտորոշումների մասին արժե խոսել միայն այն ժամանակ, երբ կապը իսկապես ամուր դառնա։ Հակառակ դեպքում կա ռիսկ բախվելու անհարմարության, չհասկացվածության, կանխակալ վերաբերմունքի և բամբասանքների։ Նոր ծանոթներից ոմանց մոտ կարող է առաջանալ մեծամիտ-ներողամիտ վերաբերմունք ձեր հանդեպ, մյուսները կարող են սկսել տալ ոչ էթիկական խորհուրդներ ձեր խնդիրների վերաբերյալ՝ սկսած օստեոխոնդրոզից մինչև վերարտադրողական հարցեր։
Օրինակները շատ են. այսօր Հայաստանում ևս գնալով ավելի շատ մարդիկ են դիմում հոգեբանների և նույնիսկ հոգեբույժների (իսկ դեղորայքային բուժում նշանակում են միայն նրանք), և բոլորովին ոչ այն պատճառով, որ նրանք ունեն ծանր ախտորոշումներ, այլ որովհետև նրանց համար կարևոր է իրենց հոգեկան առողջությունը։ Միևնույն ժամանակ, կողքիդ կարող են լինել բազմաթիվ մարդիկ, ովքեր չգիտեն, թե կոնկրետ ինչով են զբաղվում այդ մասնագետները և որն է նրանց միջև տարբերությունը, ինչը կարող է հանգեցնել պիտակավորման։
Դուք իրավունք ունեք պաշտպանելու ձեր էմոցիոնալ տարածքը և առողջության մասին պատմելու այնքան, որքան հարկ համարեք։
5. Ընտանեկան գաղտնիքներ և ներքին կոնֆլիկտներ
Երբեմն մենք սկսում ենք կիսվել ընտանեկան պատմություններով, որովհետև կուտակվել է, և պարզապես ուզում ենք ինչ-որ մեկին պատմել այդ ամենը։ Բայց ընտանեկան ոլորտը ամենափխրուններից մեկն է։
Երբ մարդը կողմնակի անձանց պատմում է ընտանիքում առկա կոնֆլիկտների մասին, դա ուրիշների մոտ ձևավորում է աղավաղված պատկերացում ձեր մասին։ Բացի այդ, նման խոսակցությունները հեշտությամբ վերածվում են բամբասանքի առարկայի։ Եվ դա ձեզ էմոցիոնալ առումով բաց և խոցելի է դարձնում նրանց համար, ովքեր չգիտեն հարգանքով վերաբերվել ուրիշի անձնական պատմությանը։








