fbpx

Ինչպիսի՞ն է եղել Հիսուս Քրիստոսն իրականում. գիտնականներն անհավանական բացահայտում են արել

Գիտնականները պատմել են, թե ինչ ազգության է եղել Հիսուս Քրիստոսը, ինչ գույնի են եղել նրա աչքերն ու մազերը, և ինչպես է նա հագնվել։

Պատմաբանների կարծիքով՝ Հիսուս Քրիստոսին հաճախ սխալ են պատկերում՝ Փրկչի կերպարին հաղորդելով այնպիսի գծեր, որոնք նա չի ունեցել և չէր էլ կարող ունենալ։ Չնայած Հիսուսի արտաքինի որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, համապատասխանում են իրականությանը։ Վերլուծելով պատմական և հնագիտական տվյալները՝ գիտնականները եզրակացություններ են արել այն մասին, թե ինչ գույնի են եղել Հիսուս Քրիստոսի աչքերը, արդյոք նա ունեցել է մորուք և երկար մազեր։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինչպիսի՞ն է եղել Հիսուսն իրականում. արդյո՞ք նա ունեցել է մորուք և երկար մազեր

Հիսուսին հաճախ պատկերում են մինչև ուսերը հասնող շագանակագույն մազերով և խիտ մորուքով, թեև դա չի համապատասխանում նրան, ինչ հայտնի է Հիսուսի պատմական անձի մասին, գրում է Daily Mail-ը։ Այն սակավաթիվ բաներից մեկը, որի հարցում, գիտնականների կարծիքով, կարելի է քիչ թե շատ վստահ լինել, այն է, թե ինչ ազգության է եղել Հիսուսը։ Ամենայն հավանականությամբ, ասում են հետազոտողները, նա եղել է էթնիկ հրեա։ Այսինքն՝ նրա մազերն ու մորուքը եղել են ավելի շուտ սև ու գանգուր, քան շագանակագույն ու ուղիղ։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է Հիսուսը երկար մազեր ունեցել, ապա այստեղ վեճեր են ընթանում. որոշ փորձագետներ կարծում են, որ Հիսուսը բավականին կարճ սանրվածք և մորուք է ունեցել։

Մեր թվարկության 1-ին դարում՝ Հիսուսի կյանքի օրոք, հռոմեացիները սովորաբար սափրված էին լինում։ Բայց Հիսուսը, հավանաբար, մորուք է ունեցել. այդ ժամանակաշրջանի հռոմեական մետաղադրամների վրա Հուդեայից գերիներ են պատկերված՝ կարճ, գանգուր մորուքներով։ Լոնդոնի Թագավորական քոլեջի քրիստոնեության պատմության պրոֆեսոր Ջոան Թեյլորը կարծում է, որ հին հուդայականության մեջ երկար մազերն ու երկար մորուքը նշանակում էին, որ մարդը հատուկ ուխտ է արել և գինի չի խմել։ «Հիսուսին իրականում մեղադրում էին այն բանում, որ նա չափազանց շատ էր խմում, ուստի նա նման ուխտ չէր պահպանում», – ասում է փորձագետը։

Սակայն ամենավաղ պատկերներից մի քանիսում Հիսուսը խնամված տեսք ունի։ Օրինակ, մ.թ. 3-րդ դարի առաջին կեսի նկարներում, որոնք հայտնաբերվել են Սիրիայի ավերված Դուրա-Եվրոպոս քաղաքի եկեղեցում, Հիսուսը պատկերված է սափրված, օձիքից զգալիորեն բարձր կտրված մազերով։ Բայց, ինչպես նշում է պրոֆեսոր Ջոան Թեյլորը, նման գծերն ավելի շուտ արտացոլում են այն ժամանակվա նորաձևությունը, քանի որ 1-ին դարում տղամարդկանց երկար մազերը «բավականին անպարկեշտ» էին համարվում։

Մ.թ. 4-րդ դարում Հիսուսի կերպարը փոխվում է. նկարիչները սկսում են նրան պատկերել երկար մազերով և մորուքով։ Ըստ Շեֆիլդի համալսարանի աստվածաշնչյան և կրոնական հետազոտությունների ավագ դասախոս, դոկտոր Մերեդիթ Ուորենի՝ ամեն ինչ կախված էր մտահղացումից. «Եթե Հիսուսին ցանկանում են կապել բարի հովվի գաղափարի հետ կամ զուգահեռներ անցկացնել Դիոնիսոսի կամ Ապոլոնի մասին հռոմեական պատկերացումների հետ, նա ավելի երկար մազեր կունենա. նույնը, եթե ցանկանում են ընդգծել Հիսուսին՝ որպես փիլիսոփայի, որը կունենա ավելի երկար մորուք»։ Ավելի ուշ, երբ Քրիստոսին սկսեցին պատկերել որպես Ամենակարող Արարիչ, նրա կերպարը մոտեցավ Զևսի կերպարին՝ մորուքով և երկար մազերով։

Կարդացեք նաև՝ «Բացահայտվել են» Հիսուս Քրիստոսի կյանքի գաղտնիքները՝ Աստվածաշնչյան գտածոների շնորհիվ

Ինչպիսի՞ն է եղել Հիսուսն Աստվածաշնչում. ի՞նչ գույնի են եղել նրա աչքերն ու մաշկը

Հատկանշական է, որ Աստվածաշնչում Քրիստոսի արտաքինի մասին շատ նկարագրություններ չկան։ Սակայն սակավաթիվ կենսագրական տեղեկությունների հիման վրա փորձագետները վերստեղծել են դեմքի որոշ գծեր։ Սա պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ գույնի են եղել Հիսուս Քրիստոսի աչքերն ու մաշկը։

«Հիսուսն ունեցել է թուխ մաշկ և շագանակագույն աչքեր, ինչպես տեղի բնակչությունը։ Նա մահացել է մինչև 40 տարեկանը։ Նա հարուստ չի եղել և, հավանաբար, շատ ժամանակ է անցկացրել բաց երկնքի տակ, ուստի նրա դեմքին, ամենայն հավանականությամբ, կնճիռներ են եղել։ Նրա ձեռքերն ու ոտքերը, հավանաբար, կոշտացած ու կոպիտ են եղել», – ասում է դոկտոր Ուորենը։

Հիսուսի արտաքինի մասին այն սակավաթիվ տեղեկություններից մեկը, որը մենք գտնում ենք Աստվածաշնչում, ասում է, որ նա եղել է ոչնչով աչքի չընկնող։ Երբ զինվորները եկան նրա հետևից Գեթսեմանի այգի, նրանց անհրաժեշտ եղավ Հուդայի օգնությունը՝ Քրիստոսին մյուսների բազմությունից առանձնացնելու համար։ Նույն կերպ, Հովհաննեսի Ավետարանում Մարիամ Մագդաղենացին, երբ խաչելությունից հետո եկել էր փնտրելու Փրկչի մարմինը, Հիսուսին այգեպանի տեղ է դնում։ Այս մանրամասները, ըստ հետազոտողների, վկայում են այն մասին, որ Հիսուսն իր ժամանակի սովորական մարդու տեսք է ունեցել՝ առանց վառ կամ անսովոր գծերի։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ըստ դոկտոր Ուորենի՝ այն մասին, թե ինչպիսի տեսք կարող էր ունենալ Հիսուսը, լավագույն պատկերացումը տալիս են եգիպտական մումիաների դիմանկարները։ Այս պատկերները, որոնք ստեղծվել են մ.թ. 80-ից 120 թվականներին՝ մոտավորապես նույն ժամանակ և նույն տարածաշրջանում, որտեղ ապրել է Հիսուսը, ցույց են տալիս տղամարդկանց՝ թուխ մաշկով, մուգ աչքերով, կարճ գանգուր մազերով և կոկիկ մորուքներով, որոնք բնորոշ են եղել ժամանակակից Եգիպտոսի, Պաղեստինի և Իսրայելի տարածքում ապրող մարդկանց։

2015 թվականին բժշկական նկարիչ Ռիչարդ Նիվը դատաբժշկական մեթոդներ է օգտագործել հրեա տղամարդու դեմքը վերականգնելու համար. դիմանկարը ցույց է տվել լայն դեմք, մուգ աչքեր, խիտ մորուք և կարճ գանգուր մազեր, ինչպես նաև արևայրուք ստացած մաշկ, որը, հնարավոր է, բնորոշ է եղել Գալիլեայի շրջանի հրեաներին։ Այս վերականգնումը մեզ ավելի լավ պատկերացում է տալիս այն մասին, թե դեմքի ինչպիսի գծեր կարող էր ունենալ Հիսուսը։

Ի՞նչ հասակ է ունեցել Քրիստոսը, և ի՞նչ է նա հագել

Քրիստոսի բոլոր արձանների և նկարների վրա ամենատարօրինակ մշտական գծերից մեկն այն է, որ Աստծո Որդին հաճախ պատկերվում է որովայնի ռելիեֆային մկաններով։ Թեև սա կարող է անհեթեթ մանրամասն թվալ, փորձագետներն ասում են, որ դա այնքան էլ անմիտ չէ, եթե հաշվի առնենք Հիսուսի կյանքի մանրամասները։ «Հիսուսն իր առաքելության ընթացքում շատ է քայլել, իսկ մասնագիտությամբ նա հյուսն կամ շինարար է եղել, այնպես որ նա ծույլ մարդ չի եղել։ Նա և իր աշակերտները հիմնականում ապրում էին հյուրընկալության, ողորմության հաշվին և կիսում էին սնունդը, ուստի չեմ կարծում, որ նա այդքան շատ է կերել։ Ես նրան ավելի շուտ տեսնում եմ ձիգ, քան մկանուտ», – ասում է պրոֆեսոր Թեյլորը։

Սա նշանակում է, որ որովայնի վեց կտոր մկաններով Հիսուսի արձանները, հավանաբար, այնքան էլ հեռու չեն իրականությունից, որքան կարելի էր կարծել։ Սակայն խաչի վրա Հիսուսի արձանները՝ ուռուցիկ երկգլուխ և կրծքի մկաններով, ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։ Որպես մարդ, որը ճամփորդում էր ոտքով և շատ քիչ էր ուտում, Հիսուսը դժվար թե կարողանար առանձնապես մկանուտ լինել (թե ինչ հասակ է ունեցել Քրիստոսը, հայտնի չէ, բայց հետազոտողները այն գնահատում են մոտ 170 սմ)։

Կարդացեք նաև՝ Թուրինյան սավանի առեղծվածը․ վիրաբույժ-ատամնաբույժը Հիսուսի Հարության ապացույց է գտել

Հիսուսին հաճախ պատկերում են մինչև կոճերը հասնող երկար սպիտակ զգեստով։ Սակայն 1-ին դարի Հուդեայում դա կանացի հագուստ էր։ Այս տարածաշրջանի տղամարդիկ կրում էին կարճ բրդյա տունիկա (պատմուճան), որը բաղկացած էր երկու մասից, կապվում էր գոտկատեղին, իսկ տակից՝ ավելի բարակ վուշե տունիկա։ Տոգա (թիկնոց) կրել թույլատրվում էր միայն Հռոմի քաղաքացիներին, բայց Հիսուսը, հավանաբար, կրում էր բրդյա հաստ թիկնոց, որը կոչվում էր հիմատիոն՝ ցրտից պատսպարվելու համար։

Միակ բանը, որը ճիշտ է Հիսուսի մասին մեր ժամանակակից պատկերացումներում, այն է, որ նրա կյանքի օրոք Հուդեայի բոլոր բնակիչները կաշվե սանդալներ են կրել։ Հնագետները նույնիսկ առաջին դարի սանդալների նմուշներ են գտել Մեռյալ ծովի և Մասադայի քարանձավներում։ Դրանք ցույց են տալիս, որ Հիսուսի սանդալները շատ պարզ են եղել. ներբանը բաղկացած է եղել իրար կարված կաշվի հաստ կտորներից, իսկ վերին մասը՝ կաշվե ժապավեններից, որոնք անցկացվել են մատների արանքով։

Նաև պատկերներում Հիսուսը հաճախ ներկայացված է սպիտակ հագուստի վրա կարմիր կամ կապույտ թիկնոցով։ Այդ ժամանակների հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ մարդիկ իսկապես կրել են վառ գույների հագուստ՝ նախշերով, բայց ավելի հավանական է, որ Հիսուսի հագուստը մի փոքր ավելի զուսպ է եղել։ «Շատ հագուստներ ներկված էին վառ գույներով, բայց ավելի առնական էր համարվում ավելի զուսպ երանգների կամ չներկված հագուստ կրելը», – ասում է պրոֆեսոր Թեյլորը։

Նրա խոսքով՝ արտաքին տեսքն ու հագուստն իսկապես նշանակություն ունեն, և Հիսուսը հստակ խոսել է այդ մասին. նա խնդրում էր նրանց, ում ուղարկում էր իր անունով, հագնել միայն մեկ պատմուճան և սանդալներ, իրենց հետ գումար չվերցնել. ճիշտ այնպես, ինչպես փախստականները գալիս են գյուղ՝ աջակցության կարիք ունենալով, իրենց հետ ոչինչ չունենալով։ Ինքը, հավանաբար, նույնպես շատ պարզ է հագնվել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչպիսի՞ն է եղել Հիսուս Քրիստոսն իրականում. գիտնականներն անհավանական բացահայտում են արել
Փողի հետ կապված խնդիրներ ամենից հաճախ ունենում են ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս երեք նշանները