ԶԱՆԳԵԶՈՒՐԻ մասին ժողովրդական զրույցներ․ Մի քանի վարկած անվան ծագման մասին…
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
ԶԱՆԳԵԶՈՒՐ
Ա
Երբ Լենկ-Թեմուրը գալիս է հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած, նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում.
— Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ:
Թեմուրի հարցին, թե` ինչո՞վ նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է.
— Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես, տալիս են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ:
Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո, ասում է.
— Գնա՛ էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ:
Դավաճանը գնում է, իր նման մի քանի ուրիշների հետ` գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին, վանահայրը կանչում է զանգահարին և կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է` զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում.
— Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…:
Լենկ-Թեմուրը գիշերով գալիս գրավում է ամբողջ երկիրը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում են իրար.
— Բա ինչո՞ւ զանգը չտվին:
Ոմանք էլ պատասխանում են.
— Զանգը զո՜ւր է, զանգը զո՜ւր է…:
Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:
Բ
Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ մեկ-երկու եկեղեցի: Առավոտնեռը, որ զանգերը տվել են, ձորը լցվել է նրանց ձայնով: Լսողներն ասել են. Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է: Դրանից հետո գավառի անունը դրել են Զանգեձոր, որը բերանից-բերան դարձել է Զանգեզուր:
Գ
Տաթևի վանքը կառուցելուց հետո, զանգակատանը մի մեծ զանգ են կախել: Սրա ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է, լսվել է ամբողջ գավառի լեռներում ու ձորերում: Ժողովուրդն ասել է.
— Էս ի՜նչ զոռ զանգ է, զանգը զո՛ռ է, որից և առաջ է եկել Զանգըզոռ կամ Զանգեզուր անունը:
Կարդացեք նաև՝ Երբևէ մտածել եք, թե ինչու է Կապան-Քաջարան մայրուղու վրա գնտվող արջը բանալի կրում: Այն խորհրդանշում է….
Դ
Նոր Գորիսի մոտ գտնվող վանքում ժամանակին եղել է մի շատ մեծ զանգ: Երբ տվել են այդ զանգը, ձայնը լսվել է հեռուներում: Ժողովուրդն ասել է.
— Զանգը զորավո՛ր ա, զանգը զո՛ռ ա։
Դրանից էլ առաջ է եկել Զանգեզուր անունը:
Ե
Սյունյաց երկրի քարանձավներին տեղացիներն առաջ ծակեր են ասել, իսկ ձորերին էլ` ծակերի ձոր: Այստեղից էլ գավառի անունը մնացել է Ծակերի ձոր, որը հետո դարձել է Ձագեձոր, Զանգեզուր:
Զ
Զանգեզուրի ձորերում տեսակ-տեսակ, գույնզգույն և շատ ծաղիկներ են եղել: Դրա համար էլ գավառի անունը դրել են Ծաղիկների ձոր, Ծաղկաց ձոր, որը հետո դարձել է Զանգեզուր:
Աղբյուրը՝ Հայկական ավանդապատումներ, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն