fbpx

9 ստոյական պրակտիկա, որոնք կօգնեն ձեզ զարգանալ արդի խելագարության մեջ

Երբ Զենոն Կիտիկուսացին հայտնվեց Աթենքում՝ նավի խորտակումից հետո, նա հույս չուներ, որ ինչ-որ լավ բան տեղի կունենա։ Նա կորցրեց ամեն ինչ և չգիտեր, թե ինչ անել հետո։

Հուսահատ Զենոնը մտավ գրախանութ, որտեղ պատահաբար հանդիպեց Սոկրատեսի աշխատանքներին: Ժամանակի մեծ փիլիսոփաների մոտ մի քանի տարի աշակերտելուց հետո նա որոշեց իր իմաստությունը կիսել նրանց հետ, ովքեր պատրաստ էին լսել իրեն։

Այսպես ծնվեց ստոյիցիզմի փիլիսոփայությունը։ Զենոնի ուսմունքը արագ տարածվեց մարդկանց մեջ. այն ընդունվել է ինչպես ստրուկների, այնպես էլ թագավորների կողմից: Դրանից հետո փիլիսոփան սկսեց կատակել. «Ես հաջող ճամփորդություն կատարեցի, երբ նավաբեկության ենթարկվեցի»։

Բայց ստոյիցիզմի պատմությունն այսքանով չի ավարտվում։ Դարեր անց այս փիլիսոփայությունը դեռևս արդիական է մնում ժամանակակից հասարակության մեջ: Հետևյալ ստոյական պրակտիկան կօգնի ձեզ հաղթահարել քաոսը, որին ստիպված ենք բախվել ամեն օր:

1. Զարգացրեք վերահսկողության ներքին լոկուսը

«Մարդուն մտահոգում են ոչ թե իրերը, այլ այն, թե ինչպես է նա նայում դրանց»։ – Էպիկտետուս

Կյանքում տեղի ունեցողի մեծ մասը մեր վերահսկողությունից դուրս է: Ստոիկները ընդունում էին այս անհերքելի ճշմարտությունը և կենտրոնանում այն բանի վրա, թե ինչ կարող էին անել:

Էպիկտետոսը ծնվել է որպես ստրուկ, ուստի, թվում էր, պատճառ չուներ հավատալու, որ կարող է որևէ բան վերահսկել: Նա ցմահ հաշմանդամ էր դարձել իր տիրոջ կողմից, ով կոտրել էր իր ոտքը։ Նա ապրել և մահացել է աղքատության մեջ։

Սակայն Էպիկտետոսը այլ կերպ էր մտածում։ Նա ասում էր, որ թեև իր ունեցվածքն ու մարմինը գտնվում են ուրիշների հսկողության տակ, սակայն կարծիքները, ցանկություններն ու հակակրանքները, այնուամենայնիվ, պատկանում են իրեն։ Դա այն էր, ինչ նա ուներ:

Այսօր հեշտ է հիասթափվել ու հանձնվել։ Մենք այնքան ենք սովորել հարմարավետությանը, որ նույնիսկ ամենափոքր անհարմարությունը մեր ներսում դժգոհություն է առաջացնում: Եթե ​​ինտերնետը բեռնվում է մեկ վայրկյան ուշացումով կամ անհետանում է մեկ րոպեով, մեր բնական ռեակցիան գրգռվածությունն է, եթե ոչ՝ զայրույթը։

Սակայն մեզ ամենևին էլ այս անհաջողությունները չեն դժբախտացնում, այլ մեր ընտրած էմոցիոնալ արձագանքը։ Մեր ներքին վիճակի վրա այս արտաքին իրադարձությունների ազդեցության պատասխանատվությունն ամբողջությամբ մեր ուսերին է։

Երբ մենք դա գիտակցում ենք, պարզ է դառնում, որ մենք ունենք երջանիկ լինելու ուժ՝ անկախ հանգամանքներից:

2. Պահպանեք ձեր ժամանակը

«Մենք խնայող ենք ունեցվածքի և փողի հետ կապված հարցերում, բայց վատնող ենք ժամանակի օգտագործման հարցում, և ժամանակը միակ բանն է, որին մենք պետք է վերաբերվենք ժլատորեն»: – Սենեկա

Ստոիկները հասկանում էին, որ ժամանակը մեր ամենամեծ հարստությունն է: Ի տարբերություն նյութական արժեքների, ժամանակը չի կարող վերադարձվել: Ուստի ոչ մի րոպե չպետք է կորցնել։

Նրանք, ովքեր վատնում են այս սակավ ռեսուրսը մանրուքների և զվարճությունների վրա, ճանապարհի վերջում կտեսնեն, որ իրականում իրենց կյանքն ապարդյուն է անցել: Հետաձգելու սովորությունը մեզ անընդհատ հետապնդում է: Բայց դուք պետք է հիշեք, որ վաղը կարող է չգալ:

Մյուս կողմից, նրանք, ովքեր առատաձեռնորեն նվիրում են ուրիշներին իրենց ժամանակը, ոչ մի կերպ ավելի լավ վիճակում չեն, քան նրանք, ովքեր վատնում են այն։ Մեզանից շատերը թույլ են տալիս, որ մարդիկ և պարտականությունները չափազանց հեշտությամբ խլեն մեր ժամանակը: Մենք պարտավորություններ ենք ստանձնում՝ չմտածելով, թե դա ինչի կարող է հանգեցնել: Մեզ օգնելու համար ստեղծվել են օրացույցներ և ժամանակացույցեր: Մենք չպետք է դառնանք դրանց ստրուկները. Ժամանակն անգնահատելի ռեսուրս է: Մենք կարծում ենք, որ դրանից շատ ունենք, մինչդեռ իրականում դա բոլորովին այդպես չէ։

3. Մի դավաճանեք ձեր երջանկությանը

«Ես հաճախ զարմանում եմ, թե ինչպես է պատահում, որ մարդն իրեն ավելի շատ է սիրում, քան ուրիշներին, բայց ավելի քիչ է գնահատում իր մասին իր կարծիքը, քան ուրիշների կարծիքը»: – Մարկուս Ավրելիուս

Մեր արածի մեծ մասը կապված է ուրիշների կողմից սիրո և ընդունման մեր հիմնական կարիքի հետ: Անցյալում սոցիալական խմբից դուրս մնալը լուրջ հետևանքներ էր ունենում. աքսորը շատ դեպքերում նշանակում էր սովամահ լինել ինչ-որ տեղ անապատում:

Սա որոշ չափով ճիշտ է մնում նաև այսօր: Բայց որքա՞ն ժամանակ և ջանք ենք ծախսում՝ փորձելով ստանալ ուրիշների հավանությունը:

Մենք ծախսում ենք գումար, որը չունենք այն բաների վրա, որոնց կարիքը չունենք, որպեսզի տպավորություն թողնենք մարդկանց վրա, որոնց մենք իրականում չենք էլ հետաքրքրում: Մենք ընտրում ենք կարիերա կամ ապրելակերպ՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են մեզ ուրիշները ընկալում: Մենք բոլորս պատանդ ենք։ Ամեն օր մենք հսկայական փրկագին ենք վճարում, բայց դա չի երաշխավորում, որ երբևէ ազատ կարձակվենք։

Հռոմեական պետական ​​գործիչ Կատոնը ձգտում էր ապրել ուրիշների կարծիքից անկախ կյանքով։ Նա կրում էր ծիծաղելի հանդերձանքներ և ոտաբոբիկ քայլում էր փողոցներով։ Նա սովորեցրել էր իրեն ամաչել միայն այն բանից, ինչը իրոք ամոթալի է, և արհամարհում էր ստոր արարքները։

Սա Կեսարին դիմակայելու միակ միջոցն էր, ով, ըստ Կատոյի, չափազանց մեծ իշխանություն էր կենտրոնացրել իր ձեռքում։ Կատոն իր բոլոր որոշումները կայացնում էր առանց հավանության վախի։

Նրանից սովորելու շատ բան ունենք։ Մեզանից քչերն են ապրում սեփական պայմաններով և անտեսում ուրիշների կարծիքը: Երջանկությունը դրսում չէ, այլ ներսում։

Տես նաև՝ 8 բան, որոնք խանգարում են երջանկությանը

4. Մնա կենտրոնացած, երբ բախվոում ես շեղող հանգամանքների

«Եթե մարդը չգիտի, թե որ նավամատույց է գնում, ոչ մի քամի նրա համար համընթաց չի լինի»: – Սենեկա

Ժամանակակից կապիտալիզմը մեզ տալիս է տարբերակների առատություն։ Լինի դա սնունդ, ճանապարհորդություն, թե զվարճանք, ի տարբերություն մեր նախնիների, մենք պետք է ավելի շատ բաների հետ գործ ունենանք: Այնուամենայնիվ, չենք կարող ասել, որ դա լավ է մեզ համար։ Երբ մեզ բազմաթիվ տարբերակներ են առաջարկում, մենք դառնում ենք անվճռական։

Այս երևույթը կոչվում է ընտրության պարադոքս։ Մեր ուղեղը չի համապատասխանում ժամանակակից աշխարհի արագ զարգացմանը և ծանրաբեռնվում է, երբ բախվում է հսկայական տեղեկատվության հետ: Քանի որ ընտրությունը դառնում է անհնարին խնդիր, մենք ստատուս քվոյին լռելյայն նախապատվություն ենք տալիս:

Սա առանցքային խնդիրներից մեկն է, որի հետ մենք բախվում ենք առօրյա կյանքում։ Այսքան տարբերակների առկայության դեպքում մենք իրականում երբեք չենք կառչում որևէ մեկ ճանապարհից: Որոշում կայացնելը կամ հետաձգում ենք ավելի ուշ, կամ հետապնդում ենք բազմաթիվ տարբերակներ։ Արդյունքն այն է, որ մենք երբեք ոչնչի չենք հասնում։

Ստոիկները շեշտը դնում էին միտումնավոր գործողությունների անհրաժեշտության վրա։ Մենք պետք է ոչ միայն արձագանքենք հանգամանքներին, այլ ապրենք նպատակային:

5. Ազատվեք էգոից և մեծամտությունից

«Առաջին հերթին ազատվեք ձեր մեծամիտ համոզմունքներից։ Անհնար է որևէ բան սովորեցնել այն մարդուն, ով կարծում է, որ արդեն ամեն ինչ գիտի»։ – Էպիկտետուս

Ամենամեծ հիասթափությունը, որին բախվեց Էպիկտետոսը որպես ուսուցիչ, այն էր, որ իր աշակերտները պնդում էին, որ գիտելիք են փնտրում, սակայն կարծում էին, որ ամեն ինչ գիտեն:

Դա ցավ է, որը ծանոթ է բոլոր ուսուցիչներին, և որը մեզանից շատերն են ճանաչում: Եվ ամեն ինչի պատճառը էգոն ու տգիտությունն է, այն համոզմունքը, որ մենք բավականաչափ գիտենք և ավելի լավն ենք, քան մեր ժամանակակիցները:

Նման մտածելակերպը վտանգավոր է հատկապես ներկա պայմաններում։ Այսօրվա տեղեկատվությունը վաղը հնանալու է և դժվար թե մեզ օգտակար լինի նոր խնդիրների լուծման համար. ավելին, դա կարող է խոչընդոտ դառնալ ավելի խորաթափանց մտածողության համար:

Մարկուս Ավրելիուսն ասել է. «Տիեզերքը փոխակերպումն է, իսկ կյանքը՝ կարծիքը»։ Ահա թե ինչու մեր ժամանակների ամենափայլուն ուղեղներն այդքան ժամանակ են հատկացնում գրքեր կարդալուն։ Նրանք հասկանում են, որ իմաստությունը անսահման է, և այն կարելի է քաղել աղբյուրներից, որոնք վերաբերում են ինչպես անցյալին, այնպես էլ ներկային: Միշտ ուսանող մնա։

6. Ձեր մտքերը գրավոր ձևակերպեք

«Ոչ ոք պատահաբար իմաստուն չի դառնում». – Սենեկա

Ամենակարևոր բաներից մեկը, որ մենք կարող ենք անել ամեն օր, մեր մեջ նայելն է: Ինքնաարտացոլումը մեզ թույլ է տալիս կասկածի տակ դնել մեր ինքնությունը և ուսումնասիրել մեր սեփական պատկերացումները աշխարհի մասին: Այսդպես ի հայտ են գալիս աշխարհի ամենակարևոր հարցերի պատասխանները:

Օրագիր վարելը մնում է գիտակցության հասնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այն խթանում է ստեղծագործական ունակությունները, մեծացնում է երախտագիտությունը և միևնույն ժամանակ ծառայում է որպես թերապիա: Օգուտները բազմաթիվ են. Երբ ձեր մտքերն ու զգացմունքները գրում եք թղթի վրա, դրանք ավելի պարզ ու կազմակերպված են դառնում:

Ստոյիկները դա լավ գիտեին։ Հռոմեական կայսրության ամենահզոր մարդը՝ Մարկուս Ավրելիոսը, միշտ ժամանակ էր հատկացնում՝ գրի առնելու իր դիտարկումներն ու զգացմունքները՝ թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ։ Այսօր նրա անձնական գրառումները հայտնի են որպես «Մտորումներ»։

Այսօր բոլորը՝ մարզիկներից մինչև ձեռներեցներ, օգտվում են Մարկուս Ավրելիուսի իմաստությունից, բայց պարզ է, որ նրա գրերի և մտորումների ամենամեծ շահառուն հենց ինքն էր։ Մտքի պարզությունն ու պատասխանատվությունը, որ նա ձեռք էր բերել օրագիր պահելով, օգնեցին նրան մնալ առաքինի, երբ նրա փոխարեն ցանկացած այլ մարդ սայթաքելով, ամենայն հավանականությամբ, կվերածվեր բռնակալի: Ժամանակ հատկացրեք օրագիր պահելու համար: Դժվար բան չէ, բայց օգուտները հսկայական են:

Տես նաև՝ Միխայիլ Լիտվակ «Ճակատագիրը փոխելու համար պետք է դուրս գալ սցենարից: Փոխեք ձեզ և կփոխեք սցենարը»

7. Կանգնեք ձեր դիրքում

«Ոչինչ չանելով՝ մարդիկ սովորում են չարություն գործել»։ -Կատո

Կատոն համառ էր և անդրդվելի, նա հաստատապես հավատում էր իր համոզմունքներին։ Նրան սովորեցրել են, որ մոխրագույնի երանգներ չկան։ Առաքինությունները միշտ մնում են առաքինություններ, իսկ արատները միշտ մնում են արատներ:

Սա կարող է թվալ որպես բարձր ստանդարտ: Ոչ ոք չի վիճում, որ սխրանքների մեծ մասը հնարավոր դարձավ փոխզիջման շնորհիվ, սակայն այսօր ճոճանակն այնքան ուժեղ է ճոճվել, որ մենք հրաժարվում ենք մեր սկզբունքներից՝ հանուն հանդուրժողականության կամ հանուն շահի։

Կատոն զայրացնում էր իր քաղաքական դաշնակիցներին և թշնամիներին՝ փոխզիջումների գնալուց հրաժարվելով: Նա պահանջում էր, որ իր ընկերներն ու ընտանիքը հետևեն նույն սկզբունքին` ճկունության տեղ չթողնելով: Այնուամենայնիվ, այս չափանիշին հավատարիմ մնալը նաև թույլ տվեց նրան ձեռք բերել անսասան հեղինակություն: Պարտադիր չէ, որ մենք նմանվենք նրան, բայց պետք է մեկ դաս քաղենք՝ համոզմունք չունեցող մարդը նման է նավի՝ առանց ղեկի և առագաստների։

8. Պատկերացրեք ամենավատը, որը կարող է պատահել

«Իմաստունին հակառակ իր ակնկալիքներին ոչինչ չի պատահում»։ – Սենեկա

Վերջերս շատ է խոսվում դրական մտածողության ուժի մասին: Մեզ սովորեցնում են, որ լավատեսությունն ու աֆորմացիաները երջանիկ կյանքի բանալին են: Սակայն ստոյիկները այլ կերպ էին մտածում։

Նրանք զգում էին, որ այս պրակտիկան խրախուսում է պասիվությունը առօրյա կյանքում: Իսկապես, դա մեզ խրախուսում է պարզապես հուսալ, որ իրավիճակը կբարելավվի առանց մեր կողմից որևէ միջամտության: Կյանքի դաժան իրողությունները հերքելու փոխարեն ստոիկները որոշեցին ընդունել դրանք:

Նրանք պարբերաբար կատարում էին վարժություն, որը հայտնի է որպես premeditatio malorum, որը թարգմանվում է որպես «չարի կանխամտածում»: Նպատակն էր պատկերացնել ամենավատ բաները, որոնք կարող էին պատահել նրանց հետ: Ոմանց համար դա հեղինակության կորուստ էր, ոմանց համար՝ ֆինանսական կոլապս ու աղքատություն։ Սակայն մահվան հավանականությունը բոլորի համար ընդհանուր էր։

Ինչպիսի՞ տեսք կունենա ամեն ինչ, եթե վաղը ինչ-որ բան սխալ գնա:
Ինչպե՞ս կվարվեի այս իրավիճակի հետ:
Արդյո՞ք դա կփոխի իմ այսօրվա ապրելակերպը:

Սրանք ընդամենը մի քանի հարցեր են, որոնք նրանք տվել են իրենք իրենց: Վարժությունները միշտ արժեքավոր արդյունքներ էին տալիս։ Ստոյիկները նախազգուշական միջոցներ էին ձեռնարկում՝ համոզվելու համար, որ նրանք անցանկալի արդյունք չեն ունենա: Բայց նույնիսկ անհաջողության դեպքում նրանք ադեկվատ դուրս էին գալիս իրավիճակից, քանի որ նախապես գիտեին, թե ինչպես վարվել, որպեսզի հաղթահարեն իրենց առջև ծառացած դժվարությունները։

Մենք պետք է միշտ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և երբեք չվախենանք իրականության հետ առերեսվելուց։ Սա հաջողության պատրաստվելու և ձախողմանը պատրաստ լինելու լավագույն միջոցն է:

9. Հիշեք, որ ոչինչ հավերժ չէ

«Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, ինչպես և նրա ավանակի վերակացուն՝ և մեկի, և մյուսի հետ պատահեց նույն բանը»: – Մարկուս Ավրելիուս

Իրերի մեծ սխեմայի մեջ, ոչ մի բան, ինչին մենք հասել ենք՝ նշանակություն չունի: Սա սթափեցնող միտք է։ Մեզ, բոլորիս թվում է, թե մենք իրականության կենտրոնն ենք: Սա պատրանք է ստեղծում, որն ուռճացնում է մեր կարևորությունը: Մենք մեզ տեսնում ենք որպես հերոսներ մեր իսկ պատմության մեջ:

Բայց ճշմարտությունն այն է, որ այդ ընկալումը կա միայն մեր գլխում։ Մեզ շրջապատող մարդիկ ունեն նմանատիպ մտածելակերպ, բայց մեզանից յուրաքանչյուրը երկարաժամկետ հեռանկարում նշանակալի չէ: Նույնիսկ Էդիսոնի և Նյուտոնի նման ամենապայծառ մտքերը ի վերջո կմոռացվեն:

Տես նաև՝ Դաո իմաստության 20 դաս

Պետք չէ համապատասխանելլ իռացիոնալ սպասումներին և ներքին ճնշումներին։ Ոչ էլ պետք է նպատակներ հետապնդել՝ մեզնից հետո ժառանգություն թողնելու հույսով: Ոչինչ չի կարող հավերժ լինել:

Կարևոր է միայն ապրել սեփական պայմաններով: Սա լավ կյանքով ապրելու միակ միջոցն է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
9 ստոյական պրակտիկա, որոնք կօգնեն ձեզ զարգանալ արդի խելագարության մեջ
Կանացի ուժի հորոսկոպը բոլոր Կենդանակերպի նշանների համար