Մեր առօրյա խոսքում հաճախ կարելի է հանդիպել արտահայտությունների, որոնք ֆիզիկական ցավն ուղղակիորեն կապում են հոգեկան ապրումների հետ՝ «սիրտը կոտրվել է», «իսկական գլխացավանք է», «ծանր բեռ է ուսերին»։ Մենք գիտենք, որ վիշտն ու տխրությունը կարող են վատթարացնել մեր ֆիզիկական ինքնազգացողությունը, սակայն արդյո՞ք այդ կապն ավելի խորն է, քան կարող ենք պատկերացնել։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ստորև կներկայացնենք, թե ինչպես է հոգեկան ցավը փոխկապակցված կոնկրետ ֆիզիկական ցավերի հետ, մարմնի որ մասերն են արձագանքում մեր այս կամ այն զգացմունքին, և ինչպես կարող ենք հաղթահարել դա։
Ցավեր և գանգատներ

Այն փաստը, որ սթրեսը, տխրությունը, զայրույթը և այլ բացասական հույզերը ֆիզիկական ցավ են պատճառում, նորություն չէ։ Բոլորս էլ առնչվել ենք վշտի, դեպրեսիայի կամ ճնշող տխրության հետ և զգացել դրանց կործանարար ազդեցությունը մեր մարմնի վրա:
Սակայն խնդիրն իրականում շատ ավելի խորն է. մարմնի կոնկրետ հատվածներում ի հայտ եկող ցավերը կարող են վկայել ոչ թե ընդհանուր վատ ինքնազգացողության, այլ հստակ, չարտահայտված հույզերի մասին։ Ի՞նչ է հուշում մարմնի ցավը ձեր ներքին հոգեվիճակի մասին։
Գլուխ

Մշտապես առաջնորդի դերում լինելու և ամեն ինչ վերահսկելու ձգտումը կարող է ուղղակի հյուծել ուղեղը։ Նույնիսկ եթե դուք չափազանց նպատակասլաց ու եռանդուն եք, իրավիճակը մշտապես ձեր հսկողության տակ պահելը սպառում է ձեր ուժերն ու սարսափելի գլխացավերի պատճառ դառնում։
Ամեն ինչ չէ, որ կարելի է լուծել՝ խելամտություն դրսևորելով կամ մանրուքների հետևից ընկնելով: Իրականում, գերվերահսկողությունը հաճախ միայն բարդացնում է իրավիճակը: Այս ցավը մեղմելու համար սովորեք երբեմն պարզապես հանձնվել հոսանքին: Հասկացեք, թե ինչն է ձեր ուժերի սահմաններում, իսկ ինչը՝ ոչ։ Սկզբում գուցե դժվար լինի, բայց ժամանակի ընթացքում կնկատեք, որ դա թոթափում է լարվածությունը և թույլ տալիս ազատ շունչ քաշել։
Պարանոց և ուսեր

Պարանոցի և ուսերի հատվածում ցավը հաճախ չափազանց շատ պարտականություններ ստանձնելու և ժամանակի մշտական սղության հետևանք է: Դուք չափազանց մեծ բեռ եք վերցրել ձեր ուսերին՝ դրանով իսկ ստեղծելով լարվածություն և ֆիզիկական ցավ պարանոցի շրջանում։
Համառորեն ամեն ինչ միայնակ անելու փոխարեն՝ սովորեք օգնություն խնդրել։ Միանգամայն նորմալ է աջակցություն ակնկալել, երբ դրա կարիքն ունեք՝ լինի դա ընկերներից, ընտանիքի անդամներից, թե գործընկերներից: Ձեր մտերիմները շատ ավելի հոժարակամ կօգնեն ձեզ, քան կնայեն, թե ինչպես եք ճնշվում այդ ծանրության տակ:
Սիրտ և կրծքավանդակ

Երբ ձեր սիրտն ու կրծքավանդակը ցավում են հոգեկան ապրումներից, նշանակում է՝ ձեր ներսում ծանր բեռ եք կրում: Այս ցավը վկայում է խորը տխրության, չներված վիրավորանքի կամ խեղդված այլ հույզերի մասին: Սա կարող է նաև նշան լինել, որ ինչ-որ բան ծանր նստվածք է թողել ձեր հոգում՝ լինի դա կորուստ, դավաճանություն, թե անհագ կարոտ։
Ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական ցավն է ազդանշան տալիս վնասվածքի մասին, հոգեկան ցավն էլ հուշում է, որ ձեր ներքին աշխարհը խնամքի և ապաքինման կարիք ունի: Ժամանակ տրամադրեք այս հույզերն ուսումնասիրելու համար՝ գուցե օրագիր պահելու միջոցով, որպեսզի գտնեք դրանց արմատները: Երբ բացահայտեք բուն պատճառը, կկարողանաք աշխատել դրա վրա և զգալ, թե ինչպես է անհետանում կրծքավանդակի ճնշող ծանրությունը։
Ձեռքեր

Որքան էլ զարմանալի է, ձեռքերի ցավը երբեմն կարող է լինել պարզապես անգործության արդյունք: Գուցե վերջերս փակվել եք ձեր մեջ, մարդկանց չեք հանդիպում, նոր մարտահրավերներ չեք ընդունում, և առօրյան դարձել է միօրինակ: Ձեր ձեռքերը կարծես հրամայում են գործի անցնել, ուստի տվեք նրանց այդ հնարավորությունը:
Ժամանակ անցկացրեք ընկերների հետ, նոր նախասիրություն գտեք, հաճախեք մշակութային միջոցառումների. արեք ամեն ինչ՝ տանից դուրս գալու և կյանքի ռիթմի մեջ մտնելու համար: Զբաղվածություն գտեք, և կտեսնեք, թե ինչպես է ոչ միայն անհետանում ցավը, այլև լիարժեքությամբ լցվում ձեր հոգին:
Կարդացեք նաև՝ Հոգեսոմատիկա. 12 խնդիր, որոնց մասին բղավում է ձեր մարմինը
Ստամոքս

Երբ վախենում եք, ձեր ստամոքսը կարող է կծկվել։ Ծանոթ իրավիճակ է, երբ անհանգստությունից կարծես ստամոքսում տակնուվրա է լինում ամեն ինչ: Սա տեղի է ունենում հիմնականում այն ժամանակ, երբ դուք անհանգստացած եք, իսկ տագնապն ու սթրեսը բառացիորեն «հանգույց են գոյացնում» որովայնի հատվածում: Եթե շարունակեք անտեսել ձեր վախերը, մարմինը կարող է էլ ավելի բուռն արձագանքել՝ զրկելով ախորժակից կամ առաջացնելով մշտական սրտխառնոց:
Վախերը հաղթահարելու միակ ճանապարհը դրանց առերեսվելն է։ Խոսեք ձեր վստահելի մարդկանցից մեկի հետ՝ գտնելու այն ապահով ուղին, որով կկարողանաք ազատվել այդ ներքին տագնապից:
Կոնքեր և գոտկատեղ

Հազվադեպ չէ, որ զայրույթն ու ագրեսիան դրսևորվում են որպես գոտկատեղի ցավ՝ այն հատվածում, որն իր վրա է կրում մարմնի վերին մասի ողջ ծանրությունը: Այս էմոցիոնալ բեռից ազատվելու լավագույն միջոցը բացախոսությունն է։ Հարմար տեղավորվեք, թոթափեք ողնաշարի լարվածությունը և անկեղծ զրուցեք ընկերոջ կամ հոգեբանի հետ. կտեսնեք, թե որքան կթեթևանաք, երբ կրկին ոտքի կանգնեք։
Հետագայում զայրույթը մինչև ցավի աստիճան կուտակելու փոխարեն՝ փորձեք այն վերածել շարժիչ ուժի՝ դրական փոփոխությունների համար։ Բարձրաձայնեք ձեր խնդիրների մասին, պաշտպանեք ձեր անձնական սահմանները և թույլ տվեք, որ այն հույզը, որը նախկինում հյուծում էր ձեզ, այժմ մոտիվացնի։
Ոտնաթաթեր և կոճեր

Երբ մենք մեզ անտարբեր ու դատարկված ենք զգում, թվում է, թե կյանքը կանգ է առել, ինչի պատճառով մեր ոտքերը սկսում են ցավել այդ ծանրությունից: Այստեղ գլխավորը լճացումից դուրս գալն է: Սկսեք նկատել ձեզ շրջապատող աշխարհի փոքրիկ ուրախություններն ու գեղեցկությունը: Վայելեք այն տեսարանները, հնչյունները, բույրերն ու համերը, որոնք կյանքը դարձնում են յուրահատուկ: Անգամ պարզապես երախտապարտ լինելու կարողությունն արդեն իսկ կօգնի մեղմել այդ ցավի մի մասը:
Առօրյան փոխելը կամ նոր բան փորձելը նույնպես կօգնի. դա կհիշեցնի ձեզ, որ կյանքում կան բազմաթիվ ուղիներ, այլ ոչ միայն այն միակ ճանապարհը, որով սովորաբար քայլում եք: Նկատեք նոր հնարավորություններն ու բաց մի թողեք դրանք:
Ավելի ուժեղ, քան ցավը

Իհարկե, կան ցավի առաջացման բազմաթիվ այլ գործոններ, և որևէ երաշխիք չկա, որ հոգեբանական խնդիրների լուծումն անպայման կբուժի նաև ֆիզիկական հիվանդությունները: Այնուամենայնիվ, արժե փորձել: Վատագույն դեպքում դուք կթոթափեք ձեզ տանջող տխրությունը, ինչն արդեն իսկ էականորեն կօգնի մեղմել ֆիզիկական ցավերը:
Խաղաղ միտքը, թեթև սիրտն ու հոգին կարող են ուժ տալ ձեզ՝ հաղթահարելու ցանկացած ֆիզիկական տանջանք, քանզի հոգևոր մեծ ուժն ունակ է հաղթել ցանկացած մարտահրավեր:








