Ինտելեկտուալ կրեատիվությունն ինտելեկտի բարձրագույն ձևն է, որը հաճախ ստվերում է մնում։ Մենք սովոր ենք կրեատիվությունն ընկալել որպես արվեստին առնչվող երևույթ, ուստի հաճախ չենք գիտակցում մեր ինտելեկտի ողջ հզորությունն ու լիարժեք չենք օգտագործում այն։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի և սոցիալական հոգեբանության մասնագետ Էլիս Բոյսը նշում է մի քանի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են խիստ խելացի, ինտելեկտուալ առումով կրեատիվ մարդկանց։
1. Դուք նկատում եք ուրիշների կրեատիվ մտածելակերպը
Ճիշտ այնպես, ինչպես նկարիչներն են ոգեշնչվում շրջապատի կրեատիվ մթնոլորտով, այնպես էլ կրեատիվ ինտելեկտուալները ոգեշնչվում են ուրիշների առաջ քաշած նորարարական գաղափարներից, որոնց մասին կարդացել են կամ լսել։ Դուք նկատում եք հետաքրքիր մտքեր, ոչ ստանդարտ տրամաբանական լուծումներ, խորհելու տեղիք տվող անալոգիաներ, և այդ ամենը Ձեզ մոտ հիացմունք ու ոգևորություն է առաջացնում։
2. Ձեր միտքը մի վայր է, որտեղ անընդհատ ինչ-որ բան է կատարվում
Ձեր գլխում անընդհատ մտքեր ու գաղափարներ են «եփվում», իսկ երբեմն նույնիսկ՝ «եռում», ընդ որում՝ Դուք անդադար անցում եք կատարում մանր դետալների (օրինակ՝ Ձեր սրճեփի տեխնիկական բնութագրերի) և փիլիսոփայական հայեցակարգերի շուրջ մտորումների միջև։ Մի պահ Դուք խորասուզված եք կյանքի գործնական հարցերում, իսկ հաջորդ վայրկյանին արդեն սավառնում եք ամպերում։
Դուք հաճախ եք ճանաչողական ոգևորություն ապրում. միշտ կան գաղափարներ, որոնք կցանկանայիք ուսումնասիրել, գործիքներ, որոնք արժե փորձարկել, նախագծեր, որոնց վրա կցանկանայիք աշխատել, և մարդիկ, որոնց հետ կուզեիք զրուցել։
3. Դուք սիրում եք փորձարկումներ անել
Դուք միշտ մի քանի «սերմ» եք գցում հողը և հետևում, թե ինչ կծլի դրանցից։ Այդպես Դուք արտահայտում եք աշխարհի հանդեպ Ձեր անհագ հետաքրքրասիրությունը։
4. Դուք սիրում եք խորհել Ձեր լսած, կարդացած կամ տեսած հետաքրքիր բաների շուրջ
Հենց որ Ձեր միտքը «թափառելու» հնարավորություն է ստանում՝ լինի դա ցնցուղ ընդունելիս, հերթում կանգնելիս, թե մեքենա վարելիս, այն անմիջապես վերադառնում է այն հետաքրքիր գաղափարներին կամ դիտարկումներին, որոնց նախկինում հանդիպել է։ Ձեր ուղեղը մեծ ժամանակ է անցկացնում «իմաստավորման» ռեժիմում։
Կարդացեք նաև՝ Եթե ունես այս հազվագյուտ ունակությունը, շնորհավորո՛ւմ ենք։ Հոգեբանությունն այն համարում է ինտելեկտի «ամենաարժեքավոր» տեսակը
5. Դուք ունակ եք մետակոգնիցիայի
Այսինքն՝ կարողանում եք գիտակցել, վերահսկել և վերլուծել սեփական մտածողության գործընթացները՝ դրանով իսկ թույլ չտալով, որ դրանք Ձեզ մոլորեցնեն ու դրդեն հիմար քայլերի։ Օրինակ՝ Դուք մտածում եք. «Ես սա նախկինում փորձել եմ, և այն չի աշխատել։ Ենթադրում եմ՝ հիմա էլ չի աշխատի, ուստի չարժե նույնիսկ փորձել։ Բայց մյուս կողմից էլ՝ իրավիճակները տարբեր են, ուստի անցյալի փորձը պարտադիր չէ, որ կրկնվի հիմա»։
Կամ, հակառակը, մտածում եք. «Նախկինում սա լավ արդյունք է տվել, ուրեմն պետք է նորից փորձեմ»։ Բայց անմիջապես ինքներդ Ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ դա ընդամենը ենթադրություն է, և այս անգամ կարող է և չաշխատել։
6. Դուք շատ եք մտածում այն մասին, թե ինչպես արածն ավելի լավացնել
Վերլուծելով արդեն կատարված աշխատանքը՝ Դուք մտածում եք, թե էլ ինչ կարելի է անել՝ անընդհատ ձգտելով բարելավման ու կատարելագործման։
Դա կարող է լինել միանգամայն պարզ մի բան, օրինակ՝ նոր պատրաստած ուտեստի շուրջ մտորումը. «Հաջորդ անգամ արժե լայմ ավելացնել»։ Կամ էլ խոսքը կարող է վերաբերել որևէ գործընթացի բարելավմանը, օրինակ՝ «Ես կկարողանայի ավելի շատ գրավել նրա ուշադրությունն իմ գաղափարով, եթե այն այսպես ձևակերպեի…»։
Երբ մենք չենք գիտակցում մեր տաղանդները, ինքներս մեզ վնասում ենք, քանի որ չենք զարգացնում և լիարժեք չենք օգտագործում դրանք։ Եթե դուք օժտված եք ինտելեկտուալ կրեատիվությամբ, ապա այս հոդվածն օգտագործեք որպես ուղեցույց Ձեր տաղանդը զարգացնելու համար՝ ճիշտ այնպես, ինչպես մարզիկը կամ նկարիչն է հղկում իր հմտությունները,- եզրափակում է Բոյսը։








