Յուրաքանչյուրս անհատականություն է, և ժամադրություններին ու հարաբերություններին մոտենում ենք մեր յուրահատուկ խառնվածքով, նախասիրություններով, կենսափորձով և գործելաոճով։ Երբեմն նույնիսկ մեր նյարդային համակարգն է այլ կերպ կառուցված։ Մեզանից ոմանք գերզգայուն մարդիկ են։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Հետազոտությունները վկայում են, որ բնակչության մոտ 15-30 տոկոսը գերզգայուն է (HSP՝ Highly Sensitive Person): Դա նշանակում է, որ նրանք էմոցիոնալ, սենսորային և սոցիալական ինֆորմացիան շատ ավելի խորն են ընկալում ու մշակում, քան մարդկանց մեծ մասը։ Սա պարզապես աշխարհընկալման այլ ձև է, որը հարաբերություններում դրսևորվում է իսկապես ուշագրավ առավելություններով՝ նրանց դարձնելով հրաշալի զուգընկերներ։
Ահա գերզգայուն մարդկանց 6 հազվագյուտ հատկանիշ, որոնք նրանց հիանալի զուգընկեր են դարձնում․
1. Գերզգայուն մարդիկ ամեն ինչ շատ խորն են ապրում
2014 թվականին արված ուսումնասիրությունները հաստատում են, որ գերզգայուն մարդիկ դիմացինի հույզերն ապրում են նույնքան ուժգին, որքան սեփականը։ Այո՛, նրանք կարող են հեշտությամբ արտասվել ֆիլմ դիտելիս կամ նույնիսկ գիրք կարդալիս։ Կարծես նրանք ապրում են կերպարի կյանքով՝ լիովին որդեգրելով այդ փորձառությունը որպես իրենց սեփականը։
Երբ մենք մտնում ենք սենյակ կամ գտնվում ենք մեր սիրելիների կողքին, ենթագիտակցաբար զգում ենք, թե ինչ է նրանց պետք՝ նույնիսկ այն բանից առաջ, երբ նրանք ինքնուրույն կհասկանան դա։ Հիշե՛ք. էմոցիոնալ լինել չի նշանակում լինել անտրամաբանական: Անընդհատ ավելանում են այն ապացույցները, որոնք փաստում են՝ զգացմունքային բարձր ինտելեկտը հանգեցնում է ավելի ճիշտ որոշումների կայացմանը:
Ուստի, եթե դուք չեք հանդուրժում արցունքները կամ բուռն ցնծությունը, նշանակում է՝ սխալ մարդու կողքին եք։ Մի՛ որակեք ձեր գերզգայուն զուգընկերոջը որպես չափազանց էմոցիոնալ կամ հաճախակի տրամադրություն փոխող անձ։ Փոխարենը նրա էմպաթիան ընդունեք որպես պարգև և կարիքավորին օգնելու բնածին կարողություն։ Նրանք ձեր կողքին կլինեն, երբ դուք ընկճված կամ շփոթված լինեք, իսկ ձեր հաջողությունների ժամանակ կցնծան ձեզ հետ հավասար։
2. Գերզգայուն մարդիկ ավելին են լսում ու նկատում, քան շատերը
Նրանք լսում են ձայներ, որոնք ուրիշները չեն նկատում, և լսում են դրանք շատ ավելի սուր։ 2023 թվականի հետազոտությունների համաձայն՝ դա կարող է լինել մաստակ ծամելու ձայնը, բանալիների չխկչխկոցը կամ անգամ ֆոնային թույլ աղմուկը, երբ նրանք փորձում են կենտրոնանալ:
Որպես գերզգայուն մարդ՝ ես շատ հստակ հիշում եմ մի դեպք, երբ տան անվտանգության համակարգը խափանվեց, և ազդանշանն անդադար հնչեց ուղիղ երկու ժամ, մինչև որ հուսահատությունից պարզապես պոկեցի լարերը: Ինձ թվում էր՝ կխելագարվեմ այդ ձայնի սրությունից ու ուժգնությունից: Այդ գիշեր ես ու թաղամասի շներն իսկական մղձավանջ ապրեցինք:
Բայց ինչպես սուր լսողությունը կարող է անհանգստություն պատճառել, այնպես էլ այն կարող է իսկական օրհնություն լինել: Հիշե՛ք Վուլվերինին. այս սուպերհերոսը կարողանում է լսել շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, քան սովորական մարդիկ: Նրա լսողությունն այնքան նուրբ է, որ թույլ է տալիս ավելի արագ արձագանքել վտանգին, ժամանակից շուտ տեղեկատվություն ստանալ և անգամ դա որպես ստի դետեկտոր կիրառել:
Բացի զուտ պրակտիկ գոյատևման հարցերից, նրանց գերզգայուն ականջները թույլ են տալիս աննկարագրելի հաճույք ստանալ սիմֆոնիկ երաժշտությունից կամ հոգեպարար բալլադներից: Նրանք պարզապես կհալվեն, եթե նրանց համար կիթառով երգ կատարեք: Սակայն լավություն արեք ձեր գերզգայուն զուգընկերոջն ու աշխատեք հանկարծակի չվախեցնել նրան, եթե, իհարկե, նպատակ չունեք հասնելու նրան, որ վախից ցատկի ձեր գիրկը:
3. Գերզգայուն մարդիկ հակված են ընդառաջելու
Գերզգայուն մարդու համար կիտրոնը կարող է չափազանց թթու թվալ, իսկ ռուկոլան՝ չափազանց դառը: Բայց փոխարենը նրանք անսահման հաճույք կստանան սև շոկոլադի ընդամենը մեկ փոքրիկ կտորից կամ ձեր համբույրներից, որոնք նրանց երբեք չեն հագեցնի:
Պարզապես իմացեք. նրանք բնավ չեն ցանկանում ամեն սնվելիս քննարկել կամ հիշել ուտելիքի հանդեպ իրենց ունեցած առանձնահատուկ ընկալումները: Նրանք կուտեն այն, ինչ կարող են և ուզում են, և վերջ:
Խնդրում եմ, մի՛ նեղվեք, եթե թվում է, թե նրանք բարդացնում են համատեղ ընթրիքների կազմակերպումը: Պարզապես նախապես ճշտեք և համոզվեք, որ ռեստորանի ճաշացանկում կա գոնե մեկ ուտեստ, որը ձեր գերզգայուն զուգընկերը սիրով կուտի:
Ո՞րն է նրանց զգայուն համային ընկալիչների դրական կողմը: Նրանք ըմբռնումով և հարգանքով են մոտենում ուրիշների ճաշակին ու նախասիրություններին և, մեծ հավանականությամբ, սիրով կընդառաջեն ու կհարմարվեն ձեր յուրահատկություններին:
4. Գերզգայուն մարդիկ սրված հոտառություն ունեն
Եթե դուք հանդիպում եք գերզգայուն մարդու հետ, հնարավոր է՝ նա երբեմն քաշվի խոսել բույրերի հանդեպ իր գերզգայունության մասին: Ձեր զուգընկերը չի ցանկանում կոպիտ թվալ, բայց գուցե ձեր ընկերուհին իսկապես չի կարողանում տանել ձեր գնած նոր օճառի հոտը, կամ ձեր ընկերոջը նյարդայնացնում է ձեր շամպունի չափազանց քաղցր բույրը:
Իսկ եթե եփվող հավի հոտից ձեր սիրելիի սիրտը խառնում է, ապա, հավանաբար, մսի հետ իսկապես ինչ-որ բան այն չէ, և լավ կլինի, որ դուք էլ այն չուտեք: Նրանց հոտառական համակարգը վտանգը շատ շուտ է զգում, ինչից դուք ևս միայն կշահեք:
Մյուս կողմից՝ նրանց քիթը նախատեսված է նաև հաճույքներ վայելելու համար: Նրանց ֆերոմոնները շատ ավելի ակտիվ են գործում: Ընտրեք ճիշտ բույր, և ձեզ կրքոտ գիշեր է սպասվում:
Կարդացեք նաև՝ Ուժեղ և զգայուն մարդու 11 ամենօրյա դժվարությունները
5. Գերզգայուն մարդիկ նկատում են անգամ ամենափոքր մանրուքները
Կարող եք նրանց մանրախնդիր համարել, բայց գերզգայուն մարդիկ տեսնում են շատ ավելին, քան մնացածը:
Լինի դա ձեր ռեզյումեի վրիպակ, պակասող կոճակ, թե սպանախի մնացորդ ատամների արանքում՝ նրանք հաստատ կնկատեն դա: Նույնքան ուշադիր նրանք նկատում են, թե ինչպես եք կծում շուրթը, երբ նյարդայնանում եք, կամ ինչպես եք յուրահատուկ ձևով ժպտում ուրախանալիս: Արձանագրելով այս նրբությունները՝ նրանք օգնում են ձեզ աշխարհին ներկայանալ ձեր լավագույն կողմերով:
Գերզգայուն մարդիկ անընդհատ վերլուծում են մտքերն ու տեղեկատվությունը՝ դրանք ինտեգրելով իրենց գիտակցության մեջ: Հենց այդ խորը վերլուծությունն ու բնածին հետաքրքրասիրությունն են օգնում նրանց խնդիրներին (այդ թվում՝ հարաբերություններում ծագած) տալ անհավանական ստեղծագործական լուծումներ:
Բացի սուր տեսողությունից և ազդակների բարդ համակարգումից, նրանք ալեհավաքի պես որսում են շրջապատի էներգետիկան ու տրամադրությունը: Ահա թե ինչու եք ձեր հենց առաջին հանդիպման պահից զգացել, որ ձեր զգայուն զուգընկերը հասկանում է ձեզ կես խոսքից: Նրանք նկատում են ձեր մասին պատմող ամենաչնչին մանրուքներն անգամ և անսահման սիրում են ձեր այդ տարօրինակությունները:
6. Գերզգայուն մարդիկ սիրում են կրքոտ և անմնացորդ
Նրանք խորապես հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ և հարաբերություններում ձգտում են բացարձակ վստահության, խորության, իմաստի ու անկեղծության:
Գերզգայուն մարդիկ գիտակցում են, որ իրենց զգացմունքները երբեմն կարող են ճնշել ձեզ: Նրանք կլանում են ձեր էներգիան, ուստի փորձեք հավասարակշռել ձեր զուգընկերոջը՝ ստիպելով նրան ծիծաղել կամ միասին հանգիստ զբոսնելով բնության գրկում:
Եվ վերջապես, իմացե՛ք, որ նրանք ոչնչին թեթևամտորեն չեն վերաբերվում, հատկապես՝ նվիրվածությանն ու պարտավորություններին: Եթե նրանք գտել են իրենց իրական սերը, երբեք չեն դավաճանի և չեն շեղվի իրենց ուղուց:
Եվ քանի որ ձեր կապն ամուր է, պետք է հասկանաք՝ ձեր գերզգայուն սիրելիին փոխել չեք կարող: Պարզապես նրա ուղեղը ֆիզիկապես այլ կերպ է կառուցված:
Այնուամենայնիվ, որքան ավելի լավ են նրանք ճանաչում ու հասկանում իրենց զգայունությունը, այնքան ավելի հեշտությամբ են կարողանում հարմարվել ու զարգանալ ձեզ հետ միասին:
Այսպիսով, եթե այս նկարագրության մեջ ճանաչեցիք ինքներդ ձեզ, եղե՛ք ավելի կարեկից ձեր իսկ հանդեպ: Այն գեղեցկությունը, որը դուք տեսնում եք, լսում, շոշափում և զգում, աննկարագրելի հարստություն է հաղորդում ձեր հարաբերություններին:
Ավելին, նկատելու, խնդիրներ լուծելու և ցավն ամոքելու ձեր անզուգական կարողությունն այս աշխարհը շատ ավելի լավ վայր է դարձնում:
Եթե ձեր բախտը բերել է և սիրում եք գերզգայուն մարդու, ամբողջությամբ ընդունե՛ք նրան իր բոլոր կարիքներով հանդերձ և վայելե՛ք դրա պտուղները: Ճիշտ սիրեք ձեր զուգընկերոջը, օգնեք նրան զարգացնել իր զգայունությունը որպես շնորհ, և վստահ եղեք, որ ձեզ սպասվում է նվիրվածությամբ, խորը կապով, կրքով, հրաշքներով և ուրախությամբ լի մի ամբողջ կյանք:








