Mediamag-ը ներկայացնում է Ձեզ 5 գիրք, որ մեր կարծիքով, յուրաքանչյուր հայ, իր կյանքում գոնե մեկ անգամ, պարտավոր է կարդալ.
1. Դերենիկ Դեմիրճյան – Վարդանանք
«Վարդանանք», հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպը։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։
Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում` հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը։
2. Խաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
«Ռանչպարների կանչը» վիպասքը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական շարժման մասնակից այն հերոս ֆիդայիների մասին, ովքեր անձնուրաց պայքարի էին ելել օտար բռնակալների դեմ։
3. Հայկ Խաչատրյան – Տիգրան Մեծ
«Տիգրան Մեծ» պատմավեպը պատմում է Հայոց Արքայից Արքայի հաղթանակների, նվաճումների և կյանքի մասին…
4. Մուրացան – Գևորգ Մարզպետունի
«Գևորգ Մարզպետունի», հայ անվանի գրող Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) պատմավեպ։ Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Պատմավեպը գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, Թիֆլիսի «Արձագանք» ամսագրում։ Առանձին գրքով այն լույս է տեսել 1912 թվականին։
Հեղինակը վեպում պատկերում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։
5. Սերո Խանզադյան – Մխիթար Սպարապետ
Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը։ XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների։
Նյութի բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Mediamag.am-ին