Նեյրոցանցերը սրընթաց կերպով նվաճում են աշխարհը, իսկ ChatGPT-ն դարձել է արհեստական բանականության (ԱԲ) հոմանիշը թե՛ կենցաղային, թե՛ աշխատանքային հարցերում։ Շատերն այնքան են վստահում դրան, որ հաճախ մոռանում են վերջինիս թերությունների մասին:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ինչպես նշում է BGR պարբերականը, ChatGPT-ն իրոք անփոխարինելի ու հարմարավետ օգնական է, սակայն այն ունի խոցելի կողմեր, որոնք անտեսել չի կարելի։ Ներկայացնում ենք ChatGPT-ի 4 առանձնահատկություն, որոնք պետք է հաշվի առնել օգտագործելիս.
1. «Հալյուցինացիաներ» պատասխաններում
ԱԲ չաթ-բոտերը կարողանում են անկաշկանդ զրույց վարել և մեծ վստահությամբ պատասխանել հարցերին, սակայն խնդիրն այն է, որ այդ պատասխանները կարող են սխալ լինել: Նեյրոցանցերի նմանօրինակ կեղծ պատասխանները մասնագիտական ժարգոնում անվանում են «հալյուցինացիաներ»:
Պատճառն այն է, որ երբեմն ԱԲ-ն պարզապես հորինում է փաստեր, եթե իր տվյալների բազայում չի գտնում անհրաժեշտ տեղեկատվությունը: Հենց այդ պատճառով էլ կարևոր հարցերի դեպքում միշտ ստուգեք ChatGPT-ի տրամադրած տվյալները և պահանջեք ուղղակի հղումներ սկզբնաղբյուրներին:
2. ChatGPT-ն մարդ չէ և չունի անհատականություն
Չաթ-բոտը ծրագրավորված է մարդկային խոսքը նմանակելու համար: Հենց սա է պատճառը, որ որոշ օգտատերեր կարող են էմոցիոնալ կապվածություն զգալ դրա հանդեպ՝ ընդունելով որպես ընկեր կամ նույնիսկ ավելին: Օրինակ՝ հայտնի են դեպքեր, երբ մարդիկ վիրտուալ սիրավեպ են սկսել նեյրոցանցի հետ (կամ գոնե այդպես են կարծել):
Սակայն պետք է հիշել. ChatGPT-ն մարդ չէ, այն չունի սեփական հետաքրքրություններ, ցանկություններ, զգացմունքներ կամ անհատականություն: Այն ընդամենը գործում է նախապես սահմանված ալգորիթմների շրջանակում:
3. Հիշողության սահմանափակում
ChatGPT-ի վերջին տարբերակները կարողանում են հիշել ընթացիկ զրույցի մանրամասները և պահպանել համատեքստը, սակայն խոսքը տվյալների սահմանափակ ծավալի մասին է: Որպես կանոն, այն կարող է «մտապահել» մի քանի էջի չափով տեքստ:
Հետևաբար, ChatGPT-ն չի կարող հիշել այն ամենը, ինչ ասել եք նրան ամիսներ առաջ: Բացի այդ, համակարգին արգելված է պահպանել օգտատիրոջ գաղտնի անձնական տվյալները (օրինակ՝ սեռական կողմնորոշումը կամ մանրամասն քաղաքական հայացքները):
Կարդացեք նաև՝ Գիտնականները բացահայտել են արհեստական բանականության «մութ կողմը». ChatGPT-ն մարդկանց մղում է ստի և ագրեսիայի
4. Լիարժեք գաղտնիության բացակայություն
Մասնագետները հորդորում են չաթ-բոտերին չհայտնել ոչ մի կոնֆիդենցիալ տեղեկություն: Հարկ է հաշվի առնել նաև, որ ChatGPT-ն հավաքագրում է օգտատերերի հետ զրույցների ապանձնավորված տվյալները (հարցումներ, վերբեռնված ֆայլեր), որպեսզի մշակողները կարողանան կատարելագործել հարթակը:
Վերջապես, ChatGPT-ի Գաղտնիության քաղաքականության մեջ հստակ նշված է. ձեր տրամադրած տեղեկատվությունը կարող է փոխանցվել իրավապահ մարմիններին՝ համապատասխան հարցման դեպքում:








