Այս մարդը 100 օր ջրի տակ ապրել է՝ մոտ 7 մետր խորության վրա. ահա թե ինչ տեղի ունեցավ նրա հետ հետո

Արդյունքներն անսպասելի էին և գիտական հանրության շրջանում վեճերի տեղիք տվեցին։

Կենսաբժշկական ինժեներ Ջոզեֆ Դիտուրին որոշեց բավական անսովոր փորձի դիմել։ Նա 100 օր ջրի տակ անցկացրեց Ֆլորիդայի ափերի մոտ գտնվող ստորջրյա մոդուլում՝ շուրջ 7 մետր խորության վրա։ Սակայն նրա նպատակը պարզապես հերթական ռեկորդը սահմանելը չէր։ Դիտուրին ուզում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմի հետ, երբ այն երկար ժամանակ գտնվում է բարձր ճնշման պայմաններում։

Մինչ այդ ոչ ոք ջրի տակ այդքան երկար չէր ապրել։ Եվ երբ Ջոզեֆը վերջապես վերադարձավ մակերևույթ, գիտնականները սկսեցին ուսումնասիրել նրա օրգանիզմում տեղի ունեցած փոփոխությունները։ Պարզվեց՝ արդյունքներն իսկապես անսպասելի են։

Ի՞նչ էր ցանկանում պարզել հետազոտողը

60-ամյա Դիտուրին վաղուց հետաքրքրվում էր հիպերբարիկ թթվածնային թերապիայով։ Այս մեթոդը, մասնավորապես, օգտագործվում է դեկոմպրեսիոն հիվանդության և շմոլ գազով թունավորման դեպքում։ Բուժման ընթացքում մարդը հատուկ բարձր ճնշմամբ խցիկում թթվածին է շնչում։ Սովորաբար մեկ սեանսը տևում է մոտ մեկ ժամ։

Դիտուրին որոշեց պարզել, թե ինչ կլինի, եթե նման պայմաններում մարդն անցկացնի ոչ թե մեկ ժամ, այլ ամիսներ։ Նրան հետաքրքրում էր, թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ օրգանիզմում 1,6 մթնոլորտ ճնշման պայմաններում։ Դա մոտավորապես 25 ֆունտ է մեկ քառակուսի դյույմի վրա։

Որոշ մասնագետներ կարծում են, որ նման միջավայրը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացները։ Բարձր ճնշումը կարող է ազդել նաև ցողունային բջիջների և տելոմերների վրա։ Տելոմերները քրոմոսոմների ծայրային հատվածներն են, որոնց վիճակը հաճախ կապում են երկարակեցության հետ։

Կարդացեք նաև
Ինչու են մարդիկ տարբեր արագությամբ ծերանում․ նոր կենսաբանական ժամացույցները բացատրում են՝ ինչ է կատարվում օրգանիզմում
Ինչպե՞ս է որոշվում մարդու կենսաբանական տարիքը և ինչու նույն տարիքի մարդիկ կարող են բոլորովին տարբեր արագությամբ ծերանալ։

Կարդալ հոդվածը →

Ինչպե՞ս փոխվեց նրա օրգանիզմը 100 օր ջրի տակ ապրելուց հետո

100 օր ջրի տակ

Մակերևույթ վերադառնալուց հետո Դիտուրին պատմեց մի շարք փոփոխությունների մասին, որոնք արձանագրվել էին նրա օրգանիզմում։ Նրա խոլեստերինի ցուցանիշը նվազել էր 72 կետով։ Նա նաև ութ ֆունտ՝ մոտ 3,6 կիլոգրամ, քաշ էր կորցրել, թեև այդ ընթացքում սննդակարգը չէր փոխել։

Նվազել էին նաև բորբոքային գործընթացների հետ կապված որոշ ցուցանիշներ, այդ թվում՝ կորտիզոլի մակարդակը։ Իսկ տեստոստերոնի մակարդակը, հակառակը, մի քանի անգամ բարձրացել էր։ Popular Mechanics ամսագիրը գրում է, որ այն աճել էր յոթ անգամ։

Սակայն փորձի բոլոր հետևանքները դրական չէին։ Բարձր ճնշման պատճառով Դիտուրիի ողնաշարը սեղմվել էր, և նրա հասակը պակասել էր երեք քառորդ դյույմով՝ մոտ 1,9 սանտիմետրով։ Զարմանալիորեն, ինքը՝ Դիտուրին, դա հաճելի անակնկալ էր համարել։

Ի դեպ, սուզվելուց առաջ նա հատուկ պատրաստվել էր փորձին։ Տանը մգեցրել էր պատուհաններն ու նվազեցրել սենյակային ջերմաստիճանը։ Դա անհրաժեշտ էր, որպեսզի հետագայում հնարավոր լինի համեմատել ցամաքում և ջրի տակ նրա օրգանիզմի արձագանքները։

Ջրի տակ փոխվել էր նաև նրա քունը։ Արագ քնի՝ REM փուլի տևողությունը կրկնապատկվել էր՝ համեմատած ցամաքում անցկացրած գիշերների հետ։ Փորձից հետո կատարված էլեկտրաէնցեֆալոգրաման ցույց էր տվել նաև ուղեղի կոհերենտության աճ։ Այսինքն՝ ուղեղի տարբեր նեյրոնային ցանցերն սկսել էին ավելի արդյունավետ փոխգործակցել։

Դիտուրին կարծում է, որ հիպերբարիկ միջավայրը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։ Նրա կարծիքով՝ այս մեթոդի հնարավորությունները կարող են շատ ավելի լայն լինել և չսահմանափակվել միայն առանձին հիվանդությունների բուժմամբ։

Ինչո՞ւ են որոշ գիտնականներ կասկածով վերաբերվում արդյունքներին

100 օր ջրի տակ
Ջոզեֆ Դիտուրին

Սակայն Դիտուրիի եզրակացությունները ոչ բոլոր գիտնականներն են ընդունում։ Լավալի համալսարանի հետազոտող Նիլ Փոլոքը, որն ուսումնասիրում է դայվինգի ֆիզիոլոգիան, հիշեցնում է, որ հազարավոր մարդիկ հիպերբարիկ օքսիգենացիայի սեանսներ են անցնում FDA-ի հաստատած արձանագրություններով։

Միևնույն ժամանակ օվկիանոսային պայմաններին նման ծայրահեղ միջավայրերի ուսումնասիրությունները մինչ այժմ չեն ցույց տվել, որ նման պայմանները կայուն կապ ունեն կյանքի տևողության ավելացման հետ։

Իսրայելցի գիտնականները, որոնց հետազոտություններին այս թեմայով խոսելիս հաճախ են հղում անում, նույնպես հայտարարել են, որ իրենց ստացած արդյունքները սխալ են մեկնաբանվել։

Մերիլենդի համալսարանի Քինջալ Սեթուրամանն ավելի կտրուկ կարծիք ունի։ Նրա համոզմամբ՝ նման փորձերի վրա գումար ծախսելու փոխարեն ավելի արդյունավետ է ներդրում անել առողջ սննդի, ֆիզիկական ակտիվության, սթրեսի նվազեցման, լիարժեք քնի և մարդկանց հետ շփման մեջ։ Նրա խոսքով՝ հենց սրանք են առողջ ծերացման հիմնական պայմանները։

Ի՞նչ է լինելու հետո

Ինքը՝ Դիտուրին, նույնպես ընդունում է, որ միայն իր օրինակի հիման վրա հեռուն գնացող եզրակացություններ անել չի կարելի։ Ի վերջո, առայժմ նա այս փորձի միակ մասնակիցն է։

Այժմ Դիտուրին միացել է Արիզոնայի պետական համալսարանի նախագծին։ Խոսքը XPRIZE Healthspan մրցույթի մասին է, որի մրցանակային ֆոնդը 101 միլիոն դոլար է։

Նախատեսվում է, որ երկու հարյուր մասնակից կփորձարկի հիպերբարիկ թերապիայի նմանատիպ մեթոդ։ Այս անգամ փորձի պայմանները շատ ավելի խիստ են լինելու։ Իսկ եթե արդյունքները հաստատվեն ավելի մեծ թվով մարդկանց վրա, դրանք կարող են շատ ավելի արժեքավոր ու համոզիչ լինել։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Այս մարդը 100 օր ջրի տակ ապրել է՝ մոտ 7 մետր խորության վրա. ահա թե ինչ տեղի ունեցավ նրա հետ հետո
7 բան, որոնք կարևոր է գաղտնի պահել․ հոգեբանների խորհուրդները
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց