fbpx

10 չափազանց ծանր բան, որոնք մենք երկար ժամանակ չենք համարձակվում բաց թողնել մեր կյանքից

Մենք հաճախ չենք էլ գիտակցում, թե որքան ենք խանգարում ինքներս մեզ՝ ամեն ինչից այդքան ամուր կառչելով։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Բաց թողնելը հանձնվել չի նշանակում։ Դա ընդամենը անհարկի կապվածություններից, կոնկրետ արդյունքներից ու իրավիճակներից հրաժարվելն է։ Բաց թողնել նշանակում է ապրել լիարժեք, ձգտել լավագույնին և անել առավելագույնը՝ միաժամանակ չակնկալելով, որ կյանքը կատարյալ է լինելու։ Ունեցեք նպատակներ ու երազանքներ, գործեք վճռական և կառուցեք ամուր հարաբերություններ, բայց մի՛ սևեռվեք այն մտքի վրա, թե ամեն քայլափոխի կյանքն անպայման պետք է համապատասխանի ձեր պատկերացումներին:

Այն մարդու էներգիան, ով այսօր ձգտում է ինչ-որ հրաշալի բան ստեղծել և միաժամանակ կարողանում է հեշտությամբ բաց թողնել անկարևորը, շատ ավելի արդյունավետ է։ Դա շատ ավելի լավ է, քան մոլուցքով ու «ամեն գնով հասնելու» մտայնությամբ ապրելը։ Բաց թողնելու կարողությունը մարդուն տալիս է ներքին հանգստություն, գիտակցություն և հստակություն: Եվ եկեք չմոռանանք, որ մեր արտաքին կյանքն ընդամենը մեր ներաշխարհի արտացոլումն է։

Ուստի, մի պահ կանգ առեք և հիշեք այն իսկապես ծանր բաների մասին, որոնցից շատերս շարունակում ենք կառչել անգամ այն ժամանակ, երբ դրանք բաց թողնելու պահը վաղուց հասունացել է։ Սա կօգնի ձեզ թոթափել ավելորդ բեռն ու ավելի հեշտ առաջ շարժվել…

1. Սպասումները, թե ինչպիսին «պետք է» լինի ամեն ինչ

Փորձեք հիասթափությունն ու անհարմարությունն օգտագործել որպես մոտիվացիա և ոչ թե նյարդայնանալու առիթ: Դուք եք որոշում, թե ինչպես նայել կյանքին: Բարկանալու փոխարեն՝ դասեր քաղեք։ Նախանձելու փոխարեն՝ հիացեք։ Անհանգստանալու փոխարեն՝ գործեք: Կասկածելու փոխարեն՝ հավատացեք։ Հիշեք, որ ձեր արձագանքը միշտ ավելի կարևոր է, քան ստեղծված իրավիճակը: Ձեր կյանքի միայն մի փոքր մասն է կախված անկառավարելի հանգամանքներից. մեծագույն մասը կերտում եք դուք՝ ձեր արձագանքներով: Թե վերջնարդյունքում որտեղ կհայտնվեք, մեծապես կախված է նրանից, թե ինչպես կխաղաք ձեզ բաժին հասած խաղաքարտերով:

2. Կառչելը նրանից, թե ինչպես էր ամեն ինչ նախկինում

Դուք այլևս այն մարդը չեք, ինչ մեկ տարի, մեկ ամիս կամ անգամ մեկ շաբաթ առաջ էիք: Դուք անընդհատ սովորում և աճում եք, իսկ կյանքը միշտ շարժման մեջ է: Թեև չեք կարող վերահսկել այն ամենը, ինչ կատարվում է, բայց կարող եք վերահսկել ձեր վերաբերմունքը դրանց հանդեպ: Այդպես վարվելով՝ դուք աստիճանաբար կսկսեք կառավարել փոփոխությունները, այլ ոչ թե թույլ կտաք, որ դրանք կառավարեն ձեզ: Ուստի, այսօր եղեք խոնարհ և պատրաստ՝ նորը սովորելու։ Աշխարհն շատ ավելի մեծ է, քան ձեր պատկերացումները դրա մասին։ Միշտ էլ տեղ կա նոր գաղափարների կամ նոր քայլերի համար։ Բայց նախևառաջ պետք է հաշտվեք այն մտքի հետ, որ ամեն ինչ կարող է այլևս երբեք նախկինի պես չլինել, և որ այս ավարտն իրականում նոր սկիզբ է:

3. Անցյալի սխալներն ու սայթաքումները

Ներեք ինքներդ ձեզ անցյալի սխալ որոշումների համար, այն պահերի համար, երբ ձեզ չի հերիքել ըմբռնումը, կամ երբ ակամա ցավ եք պատճառել ձեզ ու ուրիշներին: Ներեք ձեզ՝ երիտասարդ և անխոհեմ լինելու համար: Սրանք բոլորը կյանքի կարևոր դասեր են: Եվ այն, ինչ հիմա ամենակարևորն է, դրանցից սովորելու և աճելու ձեր պատրաստակամությունն է:

4. Ամեն ինչ վերահսկելու մոլուցքը

Խնայողաբար ծախսեք ձեր էներգիան։ Եթե կարող եք լուծել խնդիրը, լուծեք այն: Եթե ոչ՝ ընդունեք այն և փոխեք ձեր վերաբերմունքը: Ինչ էլ որ անեք, զուր մի վատնեք ձեր ուժերը՝ անընդհատ հետ նայելով կամ կառչելով այն բաներից, որոնք գոյություն ունեն միայն ձեր գլխում։

Ճշմարտությունն այն է, որ կյանքի ամենահզոր պահերը վրա են հասնում այն ժամանակ, երբ դուք քաջություն եք գտնում բաց թողնելու այն, ինչ հնարավոր չէ փոխել: Որովհետև երբ այլևս ի վիճակի չեք փոխել իրավիճակը, ստիպված եք լինում փոխել ինքներդ ձեզ՝ վեր կանգնելով անփոփոխ հանգամանքներից։ Եվ հենց դա է փոխում ամեն ինչ։

5. Իդեալական ճանապարհի կամ ճիշտ ժամանակի պատրանքները

Շատ հաճախ մենք վատնում ենք մեր ժամանակը՝ սպասելով, թե երբ ի հայտ կգա այն միակ, կատարյալ ճանապարհը, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում: Մենք մոռանում ենք, որ ճանապարհը ստեղծվում է քայլելիս, ոչ թե սպասելիս: Եվ մոռանում ենք նաև, որ ներկա հանգամանքներում բացարձակապես ոչինչ չի խանգարում մեզ կրկին առաջ շարժվել՝ պարզապես ամեն անգամ մեկ փոքրիկ քայլ անելով:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ Ինչու ենք կորցնում, երբ փորձում ենք պահել. Կառլ Յունգի «բաց թողնելու» պարադոքսը

6. Արագ ու հեշտ արդյունքների հասնելու ցանկությունը

Երբ գալիս է փոփոխությունների ժամանակը, ամեն ինչ մի փոքր բարդանում ու անհարմար է դառնում: Դա աճի և զարգացման բնականոն գործընթացն է: Ամեն ինչ կկարգավորվի քայլ առ քայլ: Հիշեք, որ ձեր ջանքերը երբեք հենց այնպես չեն կորչում, նույնիսկ եթե արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն: Դրանք ձեզ դարձնում են ավելի ուժեղ, ավելի խելացի և փորձառու: Ուստի, երբ դժվարությունների եք բախվում, զինվեք համբերությամբ և առաջ շարժվեք: Այն, որ դուք պայքարում եք, դեռ չի նշանակում, որ ձախողվում եք։ Յուրաքանչյուր մեծ հաջողություն արժանի պայքար է պահանջում:

7. Սեփական ուժերի հանդեպ կասկածը

Կյանքի ցանկացած դժվար իրավիճակ կարող է դառնալ հուսահատության արդարացում կամ աճելու հնարավորություն՝ կախված նրանից, թե ինչպես կընտրեք վարվել տվյալ պահին: Հատկապես ծանր օրերին, երբ զգում եմ, որ այլևս չեմ դիմանում, փորձում եմ ինքս ինձ հիշեցնել, որ մինչև հիմա իմ բոլոր ծանր օրերը 100 տոկոսով հաղթահարել եմ: Նույնը վերաբերում է նաև ձեզ: Մենք ունենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է դրա համար։

8. Հարաբերությունները, որոնք խլում են մեր «ես»-ը

Թող ուրիշներն ընդունեն ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, կամ ընդհանրապես չընդունեն: Բարձրաձայնեք ձեր ճշմարտությունը, անգամ եթե ձեր ձայնը դողում է։ Անկեղծ լինելով՝ դուք աշխարհին տալիս եք մի նոր, գեղեցիկ բան, որը նախկինում չկար: Երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի խելամիտ է կորցնել ինչ-որ մեկին՝ պահպանելով սեփական անձը, քան պահել նրան՝ ձևանալով որպես այլ մարդ։ Որովհետև շատ ավելի հեշտ է լրացնել ձեր կյանքի այն դատարկությունը, որտեղ նախկինում ուրիշն էր, քան լրացնել ձեր ներքին դատարկությունը, որտեղ նախկինում ԴՈՒՔ էիք:

9. Կյանքի հին, դեռևս չփակված էջերը

Կյանքի ընթացքում դուք հանդիպելու եք շատ մարդկանց: Ունենալու եք առաջին համբույրներ, որոնք կցնցեն ձեզ, և կմտածեք՝ «Աստված իմ, ես սիրում եմ նրան», բայց իրականում պարզապես սիրահարված կլինեք այդ համբույրին: Հանդիպելու եք ընկերոջ, ում կթվա, թե հավերժ կճանաչեք, բայց հետո ինչ-որ բան կփոխվի, և ձեր ճանապարհները կբաժանվեն: Դուք կյանքի տարբեր փուլեր եք կիսելու մարդկանց հետ, ովքեր ձեր կյանքում ընդմիշտ չեն մնալու, և դա նորմալ է: Կյանքը պատմությունների շղթա է, և այն, թե ինչպես են մեր պատմությունները հատվում, պարզապես հրաշալի է: Երբեմն մարդիկ մնում են մեզ հետ մինչև վերջ: Երբեմն էլ՝ ուղեկցում են մեզ ընդամենը մեկ-երկու կարճ գլուխ: Մեծ քաջություն է պետք գիտակցելու համար, թե երբ է ավարտվել այդ գլուխը, և շրջելու էջը: Եղեք քաջ: Ընդունեք հրաժեշտները, որովհետև կյանքում յուրաքանչյուր «ցտեսություն» ձեզ նախապատրաստում է հաջորդ «բարևին»:

10. Այն համոզմունքը, որ մեզ միշտ ավելին է պետք

Մեզ միշտ չէ, որ ավելին է պետք. մեզ գնահատելու կարողություն է պետք: Որովհետև մենք հաճախ որպես սովորական և պարտադիր բան ենք ընդունում այն, ինչն իրականում ամենաշատն է արժանի մեր ուշադրությանն ու շնորհակալությանը: Որքա՞ն հաճախ եք դադար առնում՝ արժևորելու ձեր կյանքն այնպիսին, ինչպիսին կա։ Հենց հիմա նայեք շուրջներդ և շնորհակալ եղեք… ձեր առողջության, ընտանիքի, աշխատանքի, հարմարավետության ու ձեր տան համար: Ոչինչ հավերժ չէ։

Ինչպես սովորել բաց թողնել, երբ կյանքը ձեզ փորձության է ենթարկում

Վերոնշյալ հիշեցումների շուրջ խորհելը կարող է շատ հանգստացնող լինել, բայց ի՞նչ կարող եք անել գործնականում, երբ ձեր ներսում լարվածությունը գնալով մեծանում է։

Ահա մի քանի պարզ ու նախնական քայլեր, որոնք ես և Էնջելն անձամբ ենք կիրառում (և հաճախ խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին)՝ հաղթահարելու այն սուր լարվածությունը, որն առաջանում է հիասթափություններից.

  • Գիտակցեք ձեր ներքին լարվածությունը: Եթե զգում եք, որ սկսում եք բարկանալ և շփոթվել, դա նշան է, որ պետք է կանգ առնել, խորը շունչ քաշել և կիրառել հաջորդ քայլերը։
  • Դիմադրեք հապշտապ գործելու ցանկությանը: Ամենամեծ վնասը լինում է այն ժամանակ, երբ գործում եք բարկությունից դրդված. լինի դա չափազանց շուտ հանձնվելը, անառողջ սովորություններին տրվելը, թե մեկ ուրիշի վրա պոռթկալը: Երբ նկատում եք, որ ձեր մեջ բարկություն է կուտակվում, փորձեք ոչ մի կտրուկ քայլ չանել: Փոխարենը կենտրոնացեք ձեր ներաշխարհի վրա և հանգիստ գնահատեք իրավիճակը։
  • Ժամանակ տվեք ձեր զգացմունքներին: Առերեսվեք ձեր զգացած լարվածությանը և պարզապես հետևեք դրան՝ կողքից: Դիտարկեք դա որպես ձեր միջով անցնող մի բան, բայց որը ԴՈՒՔ ՉԵՔ։ Դա ընդամենը զգացմունք է՝ մութ ամպ, որն անցնում է երկնքով. այն հավերժ չէ։ Այդպես էլ վերաբերվեք դրան: Այդ մութ ամպի վրա սևեռվելու փոխարեն՝ փորձեք ընդլայնել ձեր մտահորիզոնը և տարածություն տվեք նրան, որպեսզի այն հեռանա: Երբեմն մի փոքր դադար ու հեռավորություն է պետք՝ ամեն ինչ կրկին հստակ տեսնելու համար:
  • Հաշտվեք չիմանալու մտքի հետ: Հիմա, երբ դուք ձեզ տվել եք անհրաժեշտ ժամանակն ու տարածությունը, ասեք ինքներդ ձեզ. «Ես չգիտեմ, թե ինչու է ամեն ինչ այսպես ստացվում»: Եվ հաշտվեք այդ անորոշության հետ: Թույլ տվեք ինքներդ ձեզ այս պահին կոնկրետ պատասխաններ չունենալ։ Ի՞նչ կլիներ պարզապես ապրել այս պահը՝ առանց իմանալու: Ի՞նչ զգացողություն է, երբ չգիտես, թե ինչ կա ուրիշների սրտերում և մտքերում: Ինչպե՞ս կարձագանքեիք կյանքի քաոսին՝ չունենալով հստակ լուծում: Ի՞նչ կնշանակեր լինել այստեղ և հիմա՝ առանց հապշտապ եզրակացություններ անելու:

Էությունն այն է, որ երբ կյանքը ձեզ բախում է դաժան իրականությանը, լավագույն առաջին քայլը լուռ նստելն ու ձեր միջով անցնող մտքերին հետևելն է: Սկզբում՝ ուղղակի հետևելը, առանց միջամտելու և դատելու, որովհետև չափազանց արագ գնահատականներ տալով՝ դուք կորցնում եք սթափությունը: Այն պահին, երբ շտապում եք ասել՝ «սա սարսափելի է» կամ «ամեն ինչ պետք է այլ կերպ լիներ», դուք արդեն գլխովին ընկնում եք քաոսի մեջ:

Ժամանակ ու փորձ է պետք՝ մտքերին հետևելու և դրանց արձագանքելու միջև տարածություն ստեղծելու համար: Բայց երբ այդ տարածությունը ստեղծվում է, ձեզ մեծ անակնկալ է սպասվում. պարզ է դառնում, որ դուք ձեր մտքերը չեք, ոչ էլ այն լարվածությունն ու քաոսը, որոնք ազդում են դրանց վրա։ Դուք դիտորդն եք, ով ունակ է բաց թողնելու, փոխելու իր մտածելակերպը և վեր կանգնելու այդ իրարանցումից:

Հիմա ձեր հերթն է

Այո՛, հիմա ձեր հերթն է խորը շունչ քաշելու, ներկա պահի մեջ լինելու և ինքներդ ձեզ հիշեցնելու, որ ամեն օրը միլիոնավոր փոքրիկ հրաշքների շղթա է: Ուստի պարզապես արեք ձեզնից կախված ամեն ինչ՝ այսօր դրանք նկատելու համար: Տեսեք, թե ինչպես է ներքին խաղաղությունը հաստատվում, երբ հրաժարվում եք ձեր ճանապարհի մասին ունեցած կանխակալ սպասումներից և անկեղծորեն ընդունում եք ամեն ինչ այնպես, ինչպես որ կա…

Վերոնշյալ կետերից ո՞րն այսօր ամենաշատն արձագանք գտավ ձեր հոգում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
10 չափազանց ծանր բան, որոնք մենք երկար ժամանակ չենք համարձակվում բաց թողնել մեր կյանքից
Աֆորիզմներ մարդկային թերությունների մասին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց