fbpx

Զինվորի նամակն Աստծուն

Քամին իր հետ արնահոտ է բերում:

Օդում պտտվող փոշու հատիկները վերջին հոգոցներն են՝ առավոտյան մարտում ընկածների:

«Խրամատի փոսը գերեզմանափոսի նախորդ կայարանն է»,-երեկ ասաց ընկերս,-«պետք է ուղակի բաց թողնել այն»:

Այս խրամատ-վագոնում ես մենակ եմ արդեն տասներեք ժամ: Շուտ իջավ ընկերս…

Գիշերն այստեղ ծխելն արգելվում է: Թշնամին անգամ լուսատտիկների ուղղությամբ է կրակում՝ շփոթելով ծխախոտի փոքրիկ կրակը միջատի հետույքի հետ: Թշնամու հարցում էլ պետք է մի քիչ բախտ ունենալ:

Իմ գրպանի վերջին ծխախոտը տեղավորվում է չորությունից զոլավոր դարձած շուրթերիս արանքում: Մինչ ես շոշափում եմ գրպաններս՝ մթության մեջ հայտնվում է ամենակարող Քո ձեռքն ու… Ու վառում կրակայրիչը:

Անտեսանելի լինելու հրամանը խախտվում է իմ ու Աստծու կողմից: Մարդ ողջ մնար՝ զեկուցեր այս տեսարանը:

Ես բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ հենց այս պահին շատ կուզեի ինչ-որ համեղ բան հյուրասիրել Քեզ: Օրինակ՝ մորս պատրաստած կարտոֆիլի տապական, կարմիր պղպեղով պահածոյի հետ:

Հետո հիշում եմ, որ ընկերս կուշտ էր, երբ մեռավ: Ի՜նչ լավ է, որ վերջին վաֆլին իրեն էի թողել:

Մի քանի մուխ եմ քաշում, որ բերանումս կուտակված համի հիշողությունը ցամաքի: Որովայնս ճմռթվում է հուսալքությունից. նորից դառնահամ խեժ կերակուրի փոխարեն:

Ես ամաչում եմ ասել Քեզ, որ սոված եմ, և որ կարոտում եմ մեր բակի՝ սաթի նման սև մազերով այն աղջկան: Ամաչում եմ խոստովանել, որ միս ու արյունից եմ, որ Աստված չեմ:

Իսկ Դու խոստովանում ես, որ առավոտյան մարտերից հետո ամաչում էիր գալ, որովհետև գետինն ամբողջ միս ու արյուն էր: Ամաչում էիր, որ Աստված ես:

Մենք գլխահակ ենք ու լուռ: Դու ուսերիս ես գցում ընկերոջս համազգեստը, որի վրա ինը անցք կա: Ասում ես «Երրորդ կրակոցից հետո նա կորցրել է փամփուշտների հաշիվը»։ Ես ձևացնում եմ, թե սփոփվել եմ:

Հետո խնդրում եմ քեզ պատմել, թե ի՞նչ տեսք կուենայի երեսունում:

Հետո ընդհատում եմ լռությունդ ու առանց տղամարդավայել խանդի հարցնում, թե ի՞նչ բույր ունի իմ սևահեր գեղեցկուհու մարմինը:

Հարցնում եմ, ու սիրտս այնպես է զարկում, որ քիչ է մնում մարմինս պատռի ու համազգեստի մի նոր, տասներորդ անցքով դուրս գա:

Գրպանիցդ յասամանի փոքր փունջ ես հանում ու մեկնում ինձ: Սկսում ես երկար-բարակ պատմել կանանց սիրո ու նրանց ամենազոր սպասման մասին: Այն մասին, որ աչքովդ ես տեսել, թե ինչպես են, հանուն նրանց փափուկ մատների գրկախառնության, տղամարդիկ վերադառնում անգամ դժոխքից:

Դու սիրուն բաներից ես խոսում, իսկ ես գիտեմ, որ իմ սևահերն ինձ չի սպասում: Չի սիրում: Չգիտի, որ սիրում եմ:

Դու սիրուն բաներից ես խոսում, իսկ ես արդեն լսել եմ օտար ոտնաձայները՝ խրամատից մի քանի մետր հեռու:

Հանում եմ գլխիցս սաղավարտն ու տալիս Քեզ: Ասում եմ, որ քանի աշխարհում կա Սերը, ուրեմն Դու կարող ես միշտ հպարտանալ, որ Աստված ես: Թքած բոլոր պատերազմների վրա…

Ժպտում ենք իրար վերջին անգամ:

Աչքերդ թաց են:

Ես դուրս եմ վազում ու բռունցքիս մեջ սեղմում վերջին, միակ նռնակը:

Քամին իր հետ յասամանահոտ է բերում…

Հեղինակ՝ Ադի Ալյեն
Նվիրվում է 44-օրյա, բայց մինչ օրս չավարտված պատերազմում զոհված բոլոր զինվորների հիշատակին:

Նկարը՝ MEDIAMAG


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Զինվորի նամակն Աստծուն
Երջանիկ դառնալու 7 միջոց 7 րոպեում