fbpx

Ծանոթացեք Սամվելի ստեղծագործություններն են

Վերջերս ինձ գրեց Սամվել անունով մի մարդ Մոսկվայից և ցանկություն հայտնեց, որպեսզի այս բլոգում ներկայացնեմ իր ստեղծագործությունները: Նրան շատ հետաքրքիր է ընթերցողների կարծիքները իր ստեղծագործությունների մասին:
Բերում եմ իր իսկ խոսքերը.

«Արամին ողջույն։ Վերջերս կարդացել եմ մի շարք հայ բանաստեղծների գործերը, որոնք շատ վատ տպավորություն թողեցին վրաս։ Դա վիրավորական է մեր գրականության համար։ Ու որոշեցի ինքս մեջլիս մտնեմ ։ Ձևափոխելով Վերեշչագինի խոսքը ԱՆԱՊԱՏԻ ՍՊԻՏԱԿ ԱՐԵՎԻՑ -նման բաները ես չեմ ուզում կարդալ, մնե զա արմյանսկույու լիտերատուրու աբիդնո։ Գրում եմ քնարական թեմաներով, ձոներ, ռուբայիներ, էքսպրոմտներ, պատմվածքներ, պոեմներ և այլն։ Ներկայացրածներս թող ստեղծեն սկզբնական կարծիքը իմ մասին։ Ինձ հետաքրքիր են Ձեր ընթերցողների կարծիքները։ Թող գնահատեն ամենախիստ չափանիշներով անցկացնեն ամենափոքր անցքեր ունեցող փլավքամիչով, ամենանուրբ ֆիլտրով ու ցանցով։»

Եվ ես որոշեցի աջակցել Սամվելին Ձեր դատին հանձնելու իր ստեղծագործությունները: Հիշե՛ք հարգելիներս, որ Ձեր արձագանքները մեկնաբանությունների տեսքով շատ կարևոր են: Այնպես, որ անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքներին:
Ահա և նրա ստեղծագործությունները.

***

Խառնամբոխի կամքին հլու ես չեմ վազի
անհայտության ճանապարհով։
Կուլ չեմ գնա սին հավատքին ու չե՜մ ապրի
խղճուկ օրով,
Բեմի վերջին անշուք դերով,
Փշրանքներով,
Մեր հերթական աստվածների ցոփ սեղանից։
Ճի՜շտ եմ ասում սիրտս խառնում է նրանից
երբ տեսնում եմ պատվանդանից
Կոռքը գահընկեց արողին,
Հանկարծահաս փոթորիկից դավանանքը ուրացողին,
Գիշերային կողոպուտից առատաձեռն դարձած գողին։
Անկարող եմ արդեն նայել
Սատանայի դեմքը ծածկող սուրբ դիմակի՛ն
Իմաստունի շորեր հագած խեղկատակի՛ն
Արաբական երիվարի սանձը ծամող ավանակի՛ն

Չէ չեմ ուզում ես խոնարհվել մեր սրբապիղծ ժամանակին…

 

***

Գարնանային քամու նման ջերմաշունչ,
ՈՒ հմայված հոգու նման անհամբեր,
Դու քայլեցիր,սակայն,ավաղ,լուռ ու մունջ
Խելառ սիրուս ու աշխարհիս անտարբեր։

Սրտիս թվաց, թե ընկերն եմ ցանկալի
ՈՒ կանչեցի ոգի առած, թևավոր
Ձայնս սակայն, արձագանքն էր անցյալի,
Բախտակիցս՝ ընկուզենին մենավոր։

Կանչս մարեց անլուր կյանքի հորձանքում,
Ողջ աշխարհը դարձավ վարար մի սև գետ,
Ու լողացի ամենակուլ տարերքում,
Կռիվ տալով անագորույն բախտիս հետ։

Ձոն(ակրոստիխ,գտեք թե ումն է նվիրված)

Սիրող մոր պես դու սյունն էիր մեր հին տան,
Իջևանը մեր կրքերի, մեր ոգին,
Լիալուսին փարոսն էիր, մեր ճամփան
Վերուվարով չէր մորմոքում մեր հոգին։

Ակունք էիր զուլալ, զվարթ գետերի,
Կարկաչահոս, ինչպես հայոց մեղեդին
Աղոթք էին երգերդ՝ երգ երգերի
Պնդակորով մեր նորելուկ սերնդին։

ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով զորացած
Տաճար դարձար դու փորձության մեր ժամին,
Ինչպես անմահ մի մարտիրոս սրբացած
Կանգնել էիր դու պատմության մեր բեմին։

Յոթը տասնյակ ստեղծագործ տարիներ
Ալեծուփ ծով դարձար չքնաղ երգերի
Նվիրակի անխոնջ, անվերջ փնտրումներ
Ու հուշարձան՝ հայրենասեր ձիրքերի։

 

***

Մի աստղալից երկինք,
Մի նորահարս լուսին,
Էլ ի՞նչ է պետք, ասա,
Այս սիրահար կույսին։

Այս սիրահար կույսին
Մանուշակներ են պետք,
Նրա թախծոտ սրտին`
Արևաշող մի հետք։

Արևաշող մի հետք,
Սիրո այրող մի վերք,
Սիրո անուշ ցավի
Անվերջ մի տիեզերք։

 

Սիրո թռիչք

Աշնան թախծոտ անձրև,
Ճեղքում՝ սառած չղջիկ,
Ծառին՝ մրսած տերև,
Ճամփին՝ մոլոր աղջիկ,

Մոլոր մռայլ մտքեր,
Կասկած խռովք ու խանդ,
Անսանձ ու բոց կրքեր,
Հայացք՝ կրակ ու շանթ,

Մայրամուտի խարույկ,
Բոցից ելնող ջահել,
Ափին հասած մակույկ,
Ջերմ ժպտացող ահել,

Ջերմ ժպտացող աղջիկ,
Ջերմից ճախրող չղջիկ,
Դեպի խարույկ թռչող
Կապուտաչյա եղնիկ։

***

 

1995(Հուսահատության ժամեր շարքից)

Կանգնած էի կյանքի գետի եզերքին,
Լողում էին դեմքերն անթիվ իմ կողքով,
Ոմանք հլու ոմանք ընդդեմ տարերքին,
Ոմանք հպարտ, ոմանք խոնարհ հայացքով։

***
Իմ վշտերի խորությունը ե՜ս գիտեմ,
Կորուստներիս գինը միայն ե՜ս գիտեմ,
Պանդխտության գավազանն է ձեռքերիս,
Արցունքներիս դառնությունը ե՜ս գիտեմ։

***

Այս լուսնի տակ ես չեմ գտնի հանգրվան,
Իմ նժույգն էլ հոգնեց քամուց անձրևից,
Ճանապարհիս վերջակետը՝ գերեզման,
Օտար հողում, խանձված օտար արևից։

***
Էքսպրոմտ

—Ի՞նչ է պոետ
կյանքը երկրի քո հայոց
— Շնագայլի ու բորենու գզվռտոց
Նկուղում գող առնետների խլրտոց
Մեկ էլ ագահ ձեռքով ափին
նետված ձկան թպրտոց։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ծանոթացեք Սամվելի ստեղծագործություններն են
Երջանկությունը դրամի մեջ չէ – առակ