Ուժեղ մարդիկ ագրեսորներին չեն հաղթում կոշտ բախումների մեջ։ Նրանք պարզապես չեն մտնում այդ խաղի մեջ՝ կոպիտ մարդուն թողնելով իր իսկ թույնի հետ։
Մեզանից գրեթե յուրաքանչյուրն առնվազն մեկ անգամ բախվել է պասիվ ագրեսիայի, կոպտության կամ արժեզրկելու փորձերի։ Դա կարող է տեղի ունենալ աշխատավայրում, ընկերական շրջապատում կամ նույնիսկ ընտանեկան հավաքույթի ժամանակ։ Միշտ կարող է գտնվել մեկը, ով փորձում է իրեն ավելի կարևոր զգալ՝ ուրիշին նվաստացնելու հաշվին։
Նման խոսքին առաջին բնական արձագանքը սովորաբար նեղանալն է, արդարանալը կամ նույն կոպտությամբ պատասխանելը։ Բայց հենց դա էլ հաճախ սպասում է դիմացինը։ Որքան ավելի ուժեղ է ձեր հուզական արձագանքը, այնքան ավելի հեշտ է նրան շարունակել իր խաղը։ Մարդուն նվաստացնելը շատ ավելի հեշտ է, երբ նա ներգրավվում է այդ իրավիճակի մեջ և սկսում իրեն պահել որպես զոհ։
Ուժեղ մարդիկ այլ կերպ են արձագանքում։ Նրանց նպատակը բարձր ձայնով հաղթելը չէ։ Նրանք պարզապես չեն տալիս դիմացինին իրենց վրա իշխանություն ձեռք բերելու հնարավորություն և փորձում են արագ վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։
Ահա 7 միջոց, որոնք օգնում են հոգեբանորեն չեզոքացնել նրան, ով փորձում է վիրավորել կամ նվաստացնել ձեզ։
1. «Ռենտգենի» էֆեկտ․ դադար և լուռ հայացք
Երբ ինչ-որ մեկը կծու կամ վիրավորական խոսք է նետում ձեր հասցեին, սովորաբար սպասում է անմիջական արձագանքի՝ շփոթմունք, զայրույթ, անհարմարություն կամ արդարացումներ։ Ուժեղ մարդը հենց սկզբից խախտում է այդ սցենարը։
Պատասխանելու փոխարեն նա 3–5 վայրկյան լռում է, հանգիստ պահում դեմքի արտահայտությունը և ուղիղ նայում դիմացինի աչքերին կամ քթարմատին։
Ինչու է սա աշխատում։ Երբ դուք չեք շտապում պատասխանել, իրավիճակի լարվածությունը մի պահ տեղափոխվում է խոսողի վրա։ Նրա ասած խոսքը կարծես կախված է մնում օդում, իսկ ինքը ստիպված է զգալ իր արտահայտության ազդեցությունը։ Այդ պահին նա կարող է անհարմար զգալ, փորձել մեղմել իր խոսքը կամ ամեն ինչ ներկայացնել որպես կատակ։
Կարևոր է, սակայն, այդ լռությունը չվերածել ցուցադրական պատժի։ Նպատակը հանգստություն պահպանելն է, ոչ թե դիմացինին լռությամբ ճնշելը։
2. «Նվերը վերադարձնելը»․ խնդրեք բացատրել ենթատեքստը
Պասիվ ագրեսիա դրսևորող մարդիկ հաճախ նախընտրում են վիրավորել ոչ թե ուղիղ, այլ ակնարկներով։
«Վա՜յ, վերջապես ժամանակին եկար»։
«Քո մակարդակի համար նույնիսկ վատ չէ»։
«Դե, քո տարիքում…»։
Նման արտահայտությունների մեջ վիրավորանքը սովորաբար թաքնված է ժպիտի, կատակի կամ նույնիսկ կեղծ հոգատարության տակ։
Ուժեղ մարդիկ ձև չենացնում, թե ոչինչ չեն նկատել։ Նրանք հանգիստ խնդրում են պարզաբանել ասվածը։
- «Կարո՞ղ ես ասել՝ կոնկրետ ինչ նկատի ունես»։
- «Դու իսկապե՞ս ուզում էիր ինձ վիրավորել, թե պարզապես չմտածեցիր՝ ինչպես է դա հնչում»։
- «Ինչո՞ւ հիմա դա ասացիր»։
Ինչու է սա աշխատում։ Պասիվ ագրեսիայի ուժը հենց նրա թաքնված լինելու մեջ է։ Երբ մարդուն խնդրում եք բաց խոսել և բացատրել իր միտքը, նա ստիպված է կամ ընդունել իր կոպտությունը, կամ նահանջել ու ասել․ «Դե լավ, պարզապես կատակում էի»։
3. Հոգեբանական այկիդո․ ընդունել դիմացինի՝ կարծիք ունենալու իրավունքը
Արժեզրկմանը պատասխանելու ամենավատ տարբերակներից մեկը երկար արդարանալն է։
«Ես դանդաղ չեմ»։
«Դա այդպես չէ»։
«Ես իսկապես շատ եմ աշխատել»։
Նման պատասխաններով մարդը կարող է ակամա հայտնվել այնպիսի դիրքում, կարծես պարտավոր է հաշվետու լինել դիմացինին կամ ապացուցել սեփական արժեքը։
Ուժեղ մարդիկ երբեմն այլ մոտեցում են ընտրում։ Նրանք համաձայնում են ոչ թե վիրավորանքի բովանդակության, այլ դիմացինի՝ իր կարծիքն ունենալու իրավունքի հետ։
Ագրեսոր․ «Դու ընդհանրապես բանակցել չգիտես»։
Ուժեղ պատասխան․ «Դու իրավունք ունես այդպես մտածելու» կամ «Հնարավոր է՝ կողքից քեզ այդպես է թվում»։
Ինչու է սա աշխատում։ Դուք չեք սկսում հակառակն ապացուցել և չեք ներքաշվում վեճի մեջ։ Ագրեսորը չի ստանում այն դիմադրությունը, որի վրա կարող էր շարունակել ճնշումը։
Այս մոտեցման իմաստը պարզ է․ պարտադիր չէ յուրաքանչյուր վիրավորական կարծիքի դեմ պայքարել։ Երբեմն բավական է ցույց տալ, որ դիմացինի կարծիքը ձեզ չի ստիպում արդարանալ։
Որոշ մարդկանց վտանգավոր վարքը առաջին հայացքից գրեթե աննկատ է․ իմացեք՝ ինչպես ժամանակին ճանաչել մանիպուլյատորին, պասիվ ագրեսորին և շփման մյուս վտանգավոր տեսակներին։
4. Բացահայտել մանիպուլյացիան․ իրերն անվանել իրենց անուններով
Շատ թունավոր արտահայտություններ կառուցված են այն հաշվարկի վրա, որ մարդը չի ցանկանա «տեսարան սարքել» և պարզապես լուռ կընդունի վիրավորանքը։
Ուժեղ մարդը նման պահին կարող է ուղղակի բարձրաձայնել, թե իրականում ինչ է կատարվում։
- «Տեսնում եմ՝ այսօր ծանր օր ես ունեցել, եթե որոշել ես իմ հաշվին ինքնահաստատվել»։
- «Դու հիմա փորձում ես արժեզրկե՞լ իմ աշխատանքը, թե ունես կոնկրետ և կառուցողական քննադատություն»։
- «Ուշադրություն գրավելու հետաքրքիր ձև է»։
Ինչու է սա աշխատում։ Այս դեպքում ուշադրությունը ձեր ենթադրյալ «թերությունից» տեղափոխվում է հենց դիմացինի վարքի վրա։ Շրջապատողները, իսկ երբեմն նաև ինքը՝ վիրավորողը, սկսում են նկատել ոչ թե ձեր խոցելիությունը, այլ նրա կոպտությունն ու մանիպուլյացիան։
Այստեղ կարևոր է չանցնել հակադարձ վիրավորանքների։ Ավելի արդյունավետ է նկարագրել մարդու վարքը, քան պիտակավորել նրան։
5. Հուզական «խայծի» հանգիստ անտեսում
Պասիվ ագրեսիա դրսևորող մարդիկ երբեմն վիրավորանքը խառնում են սովորական աշխատանքային կամ կենցաղային խոսքի հետ։
Օրինակ․
«Եթե ուղեղդ դեռ թվեր ընկալելու ունակ է, նայիր այս հաշվետվությունը»։
Թույլ արձագանքը կլինի անմիջապես կառչել վիրավորական մասից և սկսել վիճել։
Ուժեղ արձագանքը՝ անտեսել հուզական խայծը և պատասխանել միայն բուն հարցին։
«Հաշվետվությունը կես ժամից կնայեմ և ուղղումները կուղարկեմ»։
Ինչու է սա աշխատում։ Դուք ցույց եք տալիս, որ դիմացինի սադրանքը չի կարող կառավարել ձեր ուշադրությունն ու վարքը։ Նա չի ստանում այն, ինչի համար, ամենայն հավանականությամբ, ասել էր այդ խոսքը՝ ձեր զայրույթը, արդարացումները կամ երկար վեճը։
6. Հեգնանք և իրավիճակը աբսուրդի հասցնելը
Երբ մարդու ինքնագնահատականը կայուն է, նրան շատ ավելի դժվար է վիրավորել ուրիշի խոսքերով։ Նա գիտի իր ուժեղ և թույլ կողմերը, և դրա համար որոշ հարձակումների կարող է նույնիսկ թեթև հումորով արձագանքել։
Ագրեսոր․ «Այսօր ի՞նչ տեսք ունես… ընդհանրապես քնե՞լ ես»։
Ուժեղ պատասխան․ «Շնորհակալ եմ հոգատարության համար։ Որոշել եմ նոր թրենդ փորձել՝ թեթև աղետի էսթետիկա։ Ուրախ եմ, որ նկատեցիր»։
Ինչու է սա աշխատում։ Հումորն ու ինքնահեգնանքը ցույց են տալիս, որ դիմացինի ասածը չի տվել այն ազդեցությունը, որի վրա նա հույս ուներ։ Եթե դուք կարողանում եք հանգիստ վերաբերվել իրավիճակին և հումորով չեզոքացնել հարձակումը, ագրեսորի հիմնական «զենքը» կորցնում է ուժը։
Սակայն հեգնանքը լավ է աշխատում միայն այն դեպքում, երբ ինքներդ էլ չեք անցնում վիրավորանքի և չեք սրում իրավիճակը։
7. Հստակ սահման և շփման դադարեցում
Ուժեղ մարդը ժամանակ չի վատնում անվերջ վեճերի և սեփական ճշմարտացիությունն ապացուցելու վրա։
Եթե նրա դիմաց մարդ է, ով պարբերաբար կոպիտ, նվաստացնող կամ վիրավորական ձևով է խոսում, նա պարզապես հստակ սահման է դնում և անհրաժեշտության դեպքում դադարեցնում շփումը։
Նման սահման դնող արտահայտությունները պետք է հնչեն հանգիստ, քաղաքավարի, բայց միանշանակ։
- «Այս տոնով խոսակցությունը չեմ շարունակելու»։
- «Պատրաստ եմ այս թեման քննարկել միայն կառուցողական ձևով։ Երբ պատրաստ լինես՝ ասա»։
Դրանից հետո մարդը փոխում է թեման կամ պարզապես ընդհատում շփումը՝ ավարտում է զանգը, դուրս է գալիս սենյակից կամ այլ կերպ հեռանում իրավիճակից։
Ինչու է սա աշխատում։ Սա ինքնահարգանքի և սեփական սահմանները պաշտպանելու կարողության նշան է։ Դուք չեք խնդրում, որ ձեզ հարգեն։ Դուք պարզապես հստակ ցույց եք տալիս, թե ձեզ հետ խոսելու ինչ ձև եք ընդունում, իսկ ինչը՝ ոչ։
Հոգեբանական կայունության գլխավոր գաղտնիքը
Մարդը, ով փորձում է նվաստացնել մեկ ուրիշին, հաճախ ինքն էլ գործում է սեփական ցավից, անինքնավստահությունից կամ վախից ելնելով։ Իրենց կյանքից գոհ և ինքնաբավ մարդիկ սովորաբար ուրիշներին վիրավորելու կամ արժեզրկելու անհրաժեշտություն չեն զգում։
Այս պարզ միտքը հասկանալը շատ բան է փոխում։
Ուժեղ մարդիկ ագրեսորներին չեն հաղթում կոշտ բախումների մեջ։ Նրանք պարզապես չեն ընդունում կռվի հրավերը՝ կոպիտ մարդուն թողնելով իր իսկ թույնի հետ։








