fbpx

Գրում են ընթերցողները. Անի Ղազարյան – Կյանքի գինը

Իմ քաղցր կյանք,
շատ թանկ իմ թանկություն,
Դու Աստծուց տրված,
Դու մորից ծնվաց,
Դու իմ սրբացած արդար էություն..

barutyunՊետք է հասկանալ կյանքը, սիրել ու օգնել, երջանկանալ մի անկեղծ ժպիտով, մի հոգատար քնքշությամբ. պետք է սիրել` հասկանալու համար կյանքի գինը, սիրել ու հարգել բոլորին, հոգալ բոլորի համար:

Օրեր առաջ, ընկերներիս հետ փողոցով քայլելիս, մի տատիկ տեսա, որ ծանր տոպրակները ձեռքին, դժվարությամբ փորձում էր իջնել աստիճաններով: Տարբեր մարդիկ` մեծ ու փոքր, ուրախ ու տխուր, մտահոգ ու անհոգ` անցնում էին տատիկի կողքով ու անգամ չէին էլ նայում նրան:

Լուռ էր, չէր փնթփնթում, ոչ ոքի չէր խնդրում օգնել իրեն, սակայն իր տեսքով, իր անմեղ լռությամբ ու անզորությամբ «օգնություն» էր ճչում:

Թողեցի ընկերներիս ու անմիջապես մոտեցա տատիկին, օգնելու ցանկությունս հայտնեցի, զգուշությամբ բռնեցի դողացող թևը և տոպրակները ձեռքից վերցրի:

Տատիկն ասաց.

-Շնորհակա՛լ եմ բարեգութ Աստված, – խորը շունչ քաշելով` շարունակեց, – ապրես, բալես, Աստված օրհնի քեզ, ապրես ցավդ տանեմ, ապրես աղջիկս, շնորհակալ եմ…

Մի սարսուռ անցավ մարմնովս, խոսում էր շատ ջերմ ու հարազատ, մորս պես: Սակայն այնպես ամուր էր ձեռքս բռնել, ասես բաց թողելուն պես ընկնելու է:

Աստիճանները շատ էին: Տատիկը հաղթահարել էր գրեթե կեսը:

Ա՜խ, սիրտս ցավեց…

Ինչքան ժամանակ և ուժ էր կորցրել… բայց նրա համար ամենացավոտը թերևս մարդկանց անտարբերությունն էր:

Է՜, մարդ արարած, մեկ չար ես, ավազակ, մեկ չհավատալու աստիճան անսահման բարի, հոգատար էլ ես մեկ-մեկ, բայց չէ… մեկ էլ նորից չար, նենգ, եսասեր…

Ակնթարթում մի արդար ու հասկանալի ատելությամբ լցվեցի բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք անօգնական տատիկին անտեսել ու անցել էին:

Ուզածս ինչ է. «քիչ մը սեր, քիչ մը բարություն»:

Ոմանց տարիներ, շատերին էլ մի ամբողջ կյանք չի բավականացնում գնահատելու այն, ինչ տերը պարգևեց մեզ, նախ` կյանք, ապա`հոգի` լեցուն ամենատարբեր ու ամենազանազան զգացմունքներով:

Ինձ րոպեները մի ամբողջ կյանք պարգևեցին, մի ամբողջ կյանքի իմաստ, հանճարեղ մի բացահայտում:

Իջնում էինք աստիճաններով ` դանդաղ, զգույշ, բայց ոչ թե չընկնելու, այլ այդ վայրկյանը չկորցնելու համար:

Որքան մեղմ էր ձայնը, որքան ջերմ հոգին, աչքերն այնքան մտերիմ էին, ազնիվ, ջինջ, սակայն խեղդված արցունքներով, որոնք լճացրել էին տանջված սիրտը.. ու այդ ամենը զգում էի ես, անծանոթ էի, բայց զգում էի:Շուրթերից հնչած ամեն բառի մեջ իր ապրած կյանքն էի տեսնում.. իր նման խեղճ, բայց չհանձնվող:

Այդ մաշված ձեռքերը դողում էին ավելի ու ավելի..

– Աղջիկս, կուրացել եմ, բայց բալես Տերն ինձ կարծես ժամանակավոր աչքեր ուղարկեց, գարնան նման պայծառ, իմաստնությամբ լեցուն աչքեր, պարզ ու մանուկ: Մարդը մարդով է մարդ. պիտի օգնենք իրար, սիրենք, փայփայենք, պիտի շնորհակալ լինենք,ՄԻՇՏ.. Բալես, Աստված քեզ տվել է ամենաթանկ ու ամենաարժեքավոր բանը, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ, բարություն` ունակ բուժելու, օգնելու, սիրելու, երջանկացնելու դիմացինին, բարություն, որը գործելուց հետո սիրտդ լուսավոր երանությամբ է լցվում..

Անհագի պես շնչում էի նրա բառերը ու ժպիտ արտաշնչում:

– Կարծես հասանք աղջիկս: Իմ կյանքի միակ քաղցր վայրէջքն էր: Հազարավոր աստիճաններ եմ իջել` ցավով ու այն կսկիծով, որ կսայթաքեմ ու էլ երբեք չեմ կարողանա ոտքի կանգնել, պայքարել ու հաղթել: Ապրած տարիներիս ընթացքում վերելք չապրեցի, կործանիչ փոթորիկների միջով անցա, կայծակի ու վարար անձրևների տակ թրջվեցի, անբուժելի հիվանդություններով հիվանդացա, փրկվեցի ու շատ անգամ փրկեցի մարդկանց մահից: Այսօր իմ հաղթանակն է, այսօր դու ինձ իջնող աստիճաններով դեպի վերելք տարար, այս վայրէջքը վերելք դարձավ:

Մի պահ չէր կարողանում շարունակել, բայց զգում էի, որ մի վերջին խոսք ուներ ասելու, զգում էի, որ ամենակարևորը դեռ չէի լսել, չէր ասվել: Համրացած լսում էի, արցունքները դուրս ժայթքեցին նրա ծերացած աչքերից ու կարծես ամաչելով իր թուլությունից` օդի մի մեծ պաշար առավ իր մեջ ու շարունակեց.

– Բարին բարով է հատուցվում, չարը` գթասրտությամբ: Աղոթիր աղքատների, թշվառների, անտունների, քաղցածների համար, չմոռանաս աղոթել ավազակների, ստախոսների, դավաճանների համար:

ԵՐԲԵՔ ՉԿՈՐՑՆԵՍ ԱՊՐԵԼՈՒ ԱՆՀԱԳ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԳԻՆԸ:

Գնաց` թույլ չտալով, որ մինչև տուն ուղեկցեմ: Հասկացա ու կյանքս ավելի արժևորվեց:

ԱՄԵՆԻՑ ԹԱՆԿ Է ԿՅԱՆՔԻ ԳԻՆԸ:

Կանգնած նայում էի տատիկի ետևից և թվում էր, թե հավերժություն էի ապրել: Հասկացա, որ կյանքի գինը կարող ես վճարել բարությամբ ու սիրով..

Այդ օրը գլուխս բարձին դնելուց առաջ զգացի, որ հոգիս անսովոր կերպով խաղաղվել էր, այն խաղաղությունն էի ապրում, որն ապրում եմ եկեղեցում, այն մեղեդիներն էին հոգումս երգում, որոնք լսում եմ ժամերգության ժամանակ:

Արցունքներս անձրևել սկսեցին զարմանալի մի խաղաղությամբ, ասես ճախրում էի երկնքում, կարծես շոշափում էի երկինքը ու թռչում, սակայն սրտումս արևոտ եղանակ էր.. արցունքներիս հեղեղը դադարեց ու..

ԾԻԱԾԱՆ, արևային անձրևից հետո..

Ահա ԿՅԱՆՔԻ ԳԻՆԸ:

Հ.Գ. Ես գտել եմ կյանքի գինն ու ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր մարդիկ գտնեն այդ գանձը: Այն թաթախված է մի կում ջրի մեջ, մի անուշահոտ ծաղկի բուրմունքում, հոգատար ժպիտում, այն մեկի հաղթանակում, որը քո օգնությամբ է հաղթել և վերջապես ամենալուսավոր ու ամենավսեմ արարքում` բարությամբ, որի օգնությամբ հոգիդ դատարկվում է անէությունից, միակերպությունից, նախանձից, չարությունից.. ու լցվում ամենանվիրական զգացումներով, ապրեցնում:
«Բարությունն այն է, ինչ կարող է լսել խուլը և տեսնել կույրը»: Թերևս ամենահստակ ու ճշմարիտ մեկնաբանումը բարության վերաբերյալ:
Բարություն արեք ամբողջ սրտով ու մեծ ցանկությամբ ու Աստծո օրհնությունը ձեզ սպասեցնել չի տա..

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Անի Ղազարյան – Կյանքի գինը
ԹԵՍՏ. Ի՞նչ կատվազգի է թաքնված Ձեր ներսում