fbpx

Գրում են ընթերցողները. Նազիկ Գասպարյան – Ես քեզ սիրում եմ, վհուկ

Երբ այլևս դադարում ես սպասել`դա պարտությունն է, դա քո տանուլ տված խաղն է կյանքիդ հետ: Երբ արթնանում ես ու հասկանում, որ էլ ոչինչ չես ուզում, ու չես ուզում ոչ թե այն պատճառով, թե դրա կարիքը չկա,չէ կա, այլ ուղղակի դու այլևս այն չես:

Անձրևը հեղեղի նման թափվում է: Առանց անձրևանոցի դուրս եկա փողոց: Քայլում եմ, նայում ցեխոտված ու թրջված ոտքերիս, մազերս կպել են գլխիս… թողեցի շատ բան այնտեղ` օվկիանոսի հակառակ ափին: Չգիտեմ`ինչու հենց Լոնդոն….

Այստեղ եմ արդեն մեկ ամիս, ու ամեն երեկո նույն պատկերն է` մառախուղ ու անձրև, ու առանց անձրևանոցի մայթերը մաշողը….

Այստեղ, սրճարանի ծղոտե ճոճաթոռին նստած մի բաժակ անգլիական թեյով նյարդերս էի կարգի բերում ամեն երեկո. լավագույն բարեկամս էր այդ մի գավաթ տաք թեյը, մինչև որ մի քառասնամյա սև պիջակով տղամարդ առաջարկեց օգտվել իր գլանակներից: Չգիտեմ ինչու` ես մի պարզամիտ անչափահասի նման վերցրի գլանակն ու թույլ տվի, որ պարոնն ինքը վառի այն…ու այլևս ինչ կանաչ թեյի մասին է խոսքը… խաղաղվում եմ միայն այն ժամանակ, երբ այդ չարաբաստիկ ծուխը ծածկում է թոքերս, ինչպես մշուշն է ծածկում Լոնդոնն ամեն երեկո:

Այս ամբողջ ընթացքում, առաջին գլանակի ճտտալով վառվելուց հետո Լոնդոնը մի տեսակ հարազատ է դարձել. ու ես գիտեմ արդեն, որ օրս ավարտելու եմ Պատրիսիա Կասսի ձայնի ելևէջների ներքո` այդ լեփ-լեցուն սրճարանում: Ու չգիտեմ` ինձ ծխելն է գրավում, թե այդ հասուն տղամարդը, որ ամեն երեկո պարտաճանաչորեն վառում է իմ միակ գլանակը` կտրականապես արգելելով կպցնել երկրորդը. նա հոգատար է……… Ինձ այդ տղամարդուց մի քանի սերունդ է բաժանում, բայց նա ինձ գերհետաքրքիր է. տեսնես ինչու եկավ, նստեց իմ սեղանի մոտ, ու ես ինչու բոլոր պատահական տղամարդկանց նման, ովքեր հայտնվում են ճանապարհիս, նրան էլ գրողի ծոցը չուղարկեցի… Նա պատկառելի տեսք ուներ, մեկումեջ սպաիտակած մազեր, մատերը խոնավ էին ու նուրբ` պատանու մատների նման. առաջինը հենց մատներին ուշադրություն դարձրի…

-Գեղեցիկ ես…

Ես լռեցի. Վաղուց արդեն հաճոյախոսությունները լուրջ չեմ ընդունում:

-Սևուկ, դու գեղեցիկ ես…

Ես արհամարհական հայացք ձգեցի նրա վրա…

-Դու վհուկ ես, -այնպիսի լուրջ տոնով հարցրեց, որ ես այլևս ծիծաղս զսպել չկարողացա: Բարձր քրքջոցս տարածվեց սրճարանով մեկ:

-Ըհը, վհուկ եմ, ինչ իմացար,- հազիվ ինձ կարգի հրավիրելով ու նրա լուրջ տոնը ձայնիս տալով պատասխանեցի ես:

-Մատներիցդ…

-Այսինքն…

-Դե նրանք նուրբ են ու խոնավ… ինչպես բոլոր վհուկներինը,- պատասխանեց` մի խորը ժպիտ դեմքին:

Ես արդեն զննած լինելով նրա մատները, առանց խուճապի պատասխանեցի.

-Դե, կոլեգա, մի քիչ կամաց խոսիր, քանի մեզ վհուկության համար ինկվիզիցիայի չեն ենթարկել…

Նա մի բավականին գոհ ժպիտով որսաց հայացքս ու հասկացրեց, որ ակնարկս հասկացել է:

Նա ինձ ուղեկցեց իմ տուն… այնպես ուզում էի ճանապարհը չվերջանար…այնքան հաճելի էր նրա կողքին…

-Դե բարի գիշեր, վհուկ,- ասաց նա` սև աչքերով ուղիղ աչքերիս մեջ շանթեր ձգելով:

Պահո՜…. Ես չշփոթվեցի այդ հայացքից ու մի բարի գիշեր էլ վրա բերի այնպիսի ձայնով, որն այլ բան չէր նշանակում, քան «ուզում եմ քեզ վաղն էլ տեսնել»:

Ամբողջ գիշեր շուռումուռ եկա անկողնումս, չկարողանալով զսպել այն ծույլ ժպիտը, որ գծվում էր դեմքիս, երբ հիշում էի մեր` երկու վհուկներիս կարճատև խոսակցությունը: Այս գիշեր մեռելի նման չքնեցի, սպասում էի վաղվան: Սպասում, սպասում….օ՜ սուրբ կույս, փաստորեն ցմրուր չեմ հանգել… Չգիտեմ էլ որտեղից նա իմ մասին ամեն ինչ գիտեր, այն, որ պոմիդորով ձվածեղ եմ սիրում, ֆուտբոլ ու ջութակ… նա խենթ էր…

Մեր բոլոր հանդիպումները պսակվում էին լռությամբ, բայց ես պաշտում էի այդ սուսուփուս ժամերը, որ անցկացնում էի խոնավ մատներով այդ տղամարդու կողքին լուռ նստելով:

Հերթական անգամ տուն ճանապարհելիս բարի գիշերի փոխարեն ձեռքս բռնելով ասաց.

-Կնվագես ինձ համար, վհուկ:

Չժպտալ չկարողացա. Իսկ ժպիտս նա համաձայնության տեղ ընդունելով ինձ արագ քայլելով, գրեթե քաշելով բարձրացրեց իմ բնակարան. փաստորեն գիտեր նաև իմ բնակարանը:

Նվագեցի… նվագեց ինքն էլ… ու ես հասկացա, որ այս տղամարդուն պաշտում եմ:

Տանտիրոջ իրավունքով բացեց սառնարանս. ձու, լոլիկ… ու քիչ էր մնում, նրա պատրաստած ձվածեղի հետ ուտեի իմ խոնավ մատները:

Ոչ նա իմացավ իմ անունը,ոչ էլ ես նրանը… բայց ես գժի նման սիրում էի այդ վհուկին…

Պատրիսիա Կասս… նրա ձայնը այնքան հիշողություններ է արթնացնում… լոնդոնյան իմ արձակուրդը, առաջին ծխախաոտը, քառասնամյա խոնավ մատներով տղամարդը ու կյանքումս ինձ արված ամենաօրիգինալ սիրո խոստովանությունը` «Ես քեզ սիրում եմ, վհուկ…»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Նազիկ Գասպարյան – Ես քեզ սիրում եմ, վհուկ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների հրեշտակներն ու դևերը