fbpx

Գարեգին Նժդեհ. տպավորություններ ֆիլմից

Գարեգին Նժդեհ ֆիլմըԱյսօր վերջապես ես էլ դիտեցի Այդքան քննարկված ու այդքան քննադատված «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Մի անգամից շտապեմ ասել, որ տպավորված եմ և ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ տպավորություններով:

Ես կինոգետ կամ կինոքննադատ չեմ և չեմ փորձի այժմ որոշ մարդկանց պես գլխիցս մեծ խոսել, խոսել այնպիսի բաներից, որոնցից տեղյակ չեմ: Միայն կասեմ, որ ինձ վրա, որպես կինոսիրողի, որպես հայի, որպես ոչ անտարբեր մարդու Հայրենիքի հանդեպ (հատուկ չեմ նշում հայրենասեր բառը, քանի որ վերջին շրջանում, հայրենասիրությունը դարձրել են, ցավոք, նորաձևություն)՝ մեծ տպավորություն թողեց այս ֆիլմը:

Չեմ փորձի քննարկել ֆիլմը դրվագ առ դրվագ, քանի որ կարծում եմ, եթե յուրաքանչյուր ֆիլմ դիտես և քննարկես դրվագ առ դրվագ՝ կարելի է բազում կոմպրոմատներ, թերություններ գտնել: Ֆիլմը ընդհանուր առմամբ լավն է, ուսուցողական և կարևորը կարողանում է ներկայացնել Նժդեհին և՛ որպես հերոս և; որպես մարդ:

Ճիշտ է, ֆիլմում շեշտը դրված էր էմոցիաների վրա, սակայն կարծում եմ դա նույնպես արդարացված է, քանի որ. ինչպե՞ս ազդել մարդու վրա, եթե ոչ զգացմունքների և էմոցիաների միջոցով: Իսկ ֆիլմը ասելիք ուներ և այդ ասելիքը պետք է անպայման հասներ հասցեատիրոջը՝ թեկուզ էմոցիաների վրա հիմնված:

Ուրախ էի շատ, որ դահլիճում բազում դպրոցականներ էին ներկա և ինչը ավելի կարևոր է՝ ֆիլմի ընթացքում, դահլիճում քար լռություն էր տիրում. կարելի է ենթադրել, որ ֆիլմը կարողացել էր գերել բոլորին՝ 2-3 դասարանցուց մինչև մեծահասակը: Ուրախ եմ շատ, նրա համար, որ երբ ֆիլմն ավարտվեց և վառվեցին դահլիճի լույսերը, գրեթե բոլորի աչքերում՝ տղամարդ, թե կին, երեխա, թե մեծահասակ, արցունքներ էին նկատվում: Կնշանակի Հայրենիքը կորսված չէ հայերի սրտերում, կնշանակի, որ հպարտությունը դեպի մեր մեծերը՝ դեռ ապրում է:

Նժդեհի կերպարը հիանալի կարողացել էր կերտել դերասան Շանթ Հովհաննիսյանը
Նժդեհի կերպարը հիանալի կարողացել էր կերտել դերասան Շանթ Հովհաննիսյանը

Հիացած եմ թե՛ տեսարաններով (իհարկե կային բազում մանր թերություններ), թե՛ դերասանական ընտրանիով և նրանց խաղով (չափազանց տպավորված եմ Շանթ Հովհաննիսյանի և Խորեն Լևոնյանի խաղով) և թե՛ սաունդթրեքով:

Կարծում եմ ֆիլմը յուրաքանչյուր հայ պարտադիր պետք է դիտի: Որովհետև վերջերս մենք կարծես թե մոռացել ենք, որ շատ մարդիկ՝ հերոսներ իրենց ամբողջ կյանքն են նվիրաբերել և զոհաբերել հանուն Հայրենիքի, հանուն ազգի: Իսկ ֆիլմը փայլուն կերպով հիշեցնում է այդ մասին, հիշեցնում է, որ Հայրենիքը սեփական բարեկեցության համար չէ, որ պետք է սիրես, որ Հայրենիքը վեհ է ամեն ինչից:

Երկար չեմ ուզում գրել, ուղղակի վերջում ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ տպավորված եմ: Մենք պետք է ունենայինք այսպիսի ֆիլմ, մենք պետք է ունանայինք ֆիլմ Մեծն Նժդեհի մասին:

Այս ֆիլմը ևս մեկ անգամ ինձ ստիպեց հպարտանալ իմ հայ լինելով, ստիպեց հպարտանալ, չեմ վախենա ասել, որ աշխարհի ամենամեծագույն Զորավարներից մեկի՝ Մեծն Նժդեհի հայրնեակիցն եմ, ես հայ եմ: Հպա՛րտ եմ:

Խորհուրդ եմ տալիս բոլորին, անպայման դիտե՛ք ֆիլմը:

Եվ իմ անձնական շնորհակալությունները ֆիլմը ստեղծողներին ու թո՛ղ գետինը մտնեն ֆիլմը քարկոծողները (ոչ թե առողջ քննադատողները այլ քարկոծողները):

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag