fbpx

Դերասանուհի Էլեն Ասատրյան «Ես սիրել եմ իմ սերը, այն երբեմն ապրեցրել, երբեմն էլ սպանել է ինձ»

Mediamag-ը բացում է նոր սյունակ, որտեղ կլինեն հարցազրույցներ հայ հայտնի մարդկանց (դերասան, դերասանուհիներ, երգիչ, երգչուհիներ և այլն) հետ: Եվ առաջինը Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց գեղեցկուհի դերասանուհի Էլեն Ասատրյանի հետ:

Բարև Էլեն: Ըստ իս, Դուք մեր ամենագեղեցիկ, յուրահատուկ շարմ ունեցող դերասանուհիներից մեկն եք: Մի փոքր կպատմե՞ք, ինչպե՞ս դարձաք դերասանուհի, ունե՞ք արդյոք դերասանի մասնագիտություն:

Դերասանի կրթություն չունեմ, առաջարկը ստացել եմ, մասնակցել եմ քասթինգին և անցել եմ արդար ձևով։ Աշխատանքն էլ ուսում ստանալու մեկ այլ տարբերակ է, երբ քեզ հետ աշխատում են վաստակավոր դերասաններ, որոնց հետ ամեն տեսարանը՝ ԴՊՐՈՑ է։ Առաջին նախագծում ես ունեցել եմ հիանալի ռեժիսոր, ով բացի, նաև դերասան է, խոսքս Գուրգեն Սարգսյանի մասին է։ Հենց նրան եմ համարում իմ ուսուցիչն ու ինչ-որ տեսարան խաղալիս զգաստանում եմ, երբ հիշում եմ, որ նա դիտելու է։ Ես անպայման մի օր կարժանանամ նրա բարձր գնահատականին։

Ինչպես ասացի, Դուք շատ գեղեցիկ եք՝ հավանաբար հակառակ սեռի երկրպագուների պակաս էլ չունեք: Շա՞տ են նրանք Ձեզ անհանգստացնում:

Իհարկե ուշադրության կենտրոնում լինելը կարծում եմ յուրաքանչյուր աղջկա համար էլ հաճելի է, բայց երբեմն չափն անցնում են։ Աշխատում եմ ոչ ոքի չնեղացնել, բայց և այնպես շփում էլ չունենալ։

Նախորդ հարցից բխում է այս հարցը՝ Ձեր սիրտը ազա՞տ է: Եվ եթե ազատ է, կասե՞ք, սիրե՞լ եք երբևէ: Եվ ի՞նչ է սերը Ձեզ համար առհասարակ:

Սիրտս ազատ է։ Այո, սիրել եմ։ Սերն այն է, երբ մի սրտով երկու հոգու համար ես ապրում, երբեմն մոռանալով սեփականիդ մասին։ Ես սիրել եմ իմ սերը, այն երբեմն ապրեցրել, երբեմն էլ սպանել է ինձ։ Կարծում եմ բոլորի գլխով էլ դա անցել է։

Շա՞տ ընկերներ ունեք: Եվ հաճա՞խ եք նրանց հետ հանդիպում և ժամանակ անցկացնում:

Կան մարդիկ, որոնց հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, բայց ընկերս մեկն է։ Հիմնականում ողջ ժամանակս նրան եմ տրամադրում, երբ մենք միասին ենք, ուրիշների կարիքը չկա։

Էլեն, մենք նկատել ենք, որ սոցիալական ցանցերից նախապատվությունը տալիս եք instagram-ին: Այնտեղ բավական ակտիվ եք: Իսկ ահա Facebook-ում կարծես թե ոչ այնքան: Կասե՞ք, ինչո՞ւ է Ձեզ ավելի շատ գրավել instagram-ը, այլ ոչ թե Facebook-ը:

Ինստագրամում ակտիվությունս պայմանավորված է նրանով, որ այստեղ ես կարող եմ հետևել նրանց, ում ուզում եմ, իսկ Facebook-ում ընդունում եմ բոլոր ընկերության հայտերը, որ ոչ ոքի չնեղացնեմ։ Հետևաբար Facebook-ն ինձ համար ավելորդ ինֆորմացիա է, ողողված անծանոթ մարդկանց լուսանկարներով ու անթիվ նամակներով։

Որքանով, որ ես եմ տեղյակ՝ «Առաջնորդները» հեռուստասերիալը վերջին նախագիծն էր, որին մասնակցում էիք: Իսկ ի՞նչ նորություններ սպասեն երկրպագուները: Ի՞նչ նոր նախագծեր են սպասվում: Եվ արդյո՞ք այդ նախագծերից մեկում կտեսնենք Էլեն Ասատրյանին գլխավոր դերերից մեկում:

Ներկա պահին կա նախագիծ որտեղ աշխատում եմ, մնացածի մասին խոսել չեմ ցանկանա։ Աստված առաջ, ամեն բան իմ սրտով է լինելու։

Ի՞նչ կցանկանաք ասել՝ միգուցե խորհուրդ, միգուցե բարեմաղթանք մեր կայքի ընթերցողներին, որոնց մեջ, համոզված ենք, քիչ չեն Ձեր երկրպագուները:

Սիրեք ինքներդ ձեզ, վայելեք կյանքը, բարի գործեր արեք, որ արժանանաք այն հրաշքին, որին սպասում եք սրտի անկյունում։ Մի կորցրեք սերը, ժամանակը, իրար գրկելու հնարավորությունը։ Եվ մի դադարեք գոհանալ Աստծուց ամեն օր ու ժամ, քանի որ նրա պլանները ձեր կյանքի հետ կապված շատ գեղեցիկ են։

Սիրելի Էլեն, շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր հացազրույցի համար: Mediamag-ը իր ողջ անձնակազմով ցանկանում է Ձեզ մեծ հաջողություններ և մեծ բարձրունքներ: Մենք մեծ հաճույքով կսպասենք և կհետևենք Ձեր նոր դերերին: Շնորհակալություն:

©Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դերասանուհի Էլեն Ասատրյան «Ես սիրել եմ իմ սերը, այն երբեմն ապրեցրել, երբեմն էլ սպանել է ինձ»
Անչափ հուզիչ պատմություն մարդկանց շնորհիվ կետի փրկվելու և նրա շնորհակալության մասին (տեսանյութ)