Բլոգերը դա ոչ պաշտոն է, ոչ էլ պատվավոր կոչում

Հայերիս մոտ ընդհանրապես ցուցամոլությունն ու նորաձևության հետևից վազելը վաղուց արդեն դարձել է ապրելակերպի մի մաս:

Հայաստանում հայտնվել է մի նոր նորաձևություն: Դա այն է, որ ում չես հարցնում բլոգեր է, որ լրատվականում նայում ես հարցազրույց այս կամ այն բլոգերի հետ: Երբեմն այնպիսի բլոգերների անուններ ես լսում, որոնց մասին ոչ մեկ մինչ այդ չէր լսել և ինտերնետում չէր տեսել:

Մոտենում է Ազգային ժողովի ընտրությունները և բնականաբար սրվում է հիվանդագին նորաձևությունամոլությունը:

Ինձ համար անչափ ծիծաղելի է երբ բացում ես թվում է թե լուրջ լրատվական կայք ու կարդում վերնագիր ասենք. «Հարցազրույց բլոգեր xxxx-ի հետ. համամասնական ցուցակների մասին» կամ «Հարցազրույց բլոգեր xxxx-ի հետ. ընտրությունների մասին» և այլն: Ու շատ հպարտ տոնով՝ որ բլոգերի նման «խելամիտ ու անփոխարինելի մասնագետ» մարդ են գտել, սկսում են իրենց «լուրջ» հարցազրույցը: Հատկանշականը այն է, որ սովորաբար այդ բլոգերը լինում է բոլորի համար անհայտ մեկը, որի բլոգը (եթե իհարկե կա բլոգ) օրական 1-2 հոգի են այցելում: Բա էլ ի՞նչ հայ, էն էլ ԲԼՈԳԵՐ (հզոր է թնդում չէ՞), որ քաղաքականությունից չհասկանա…

Ուզում եմ բոլորին և հատկապես մեր լրագրողներին ասել, որ բլոգերը դա պաշտոն չէ և ոչ էլ պատվավոր կոչում հարգելիներս: Եվ ամենևին չի նշանակում, որ եթե բլոգեր է, ուրեմն շատ խելացի և պարտադիր քաղաքականությունից հասկացող է:

Հասկացե՛ք վերջապես բլոգեր կարող է դառնալ յուրաքանչյուրը 10-100 տարեկան, խելոք թե անխելք (ինչին իմիջայլոց ականատես ենք լինում ամեն օր՝ օր-օրի աճող աղբ բլոգներով):

Եվ վերջապես հասկացե՛ք. բլոգերը դա ամենագետ, ամենախելոք, սուպեր հերոս, պատգամավոր, լրագրող կամ արտոնյալ անձ չէ: Բլոգերը սովորական, շատ սովորական մի մարդ է, որը ուղղակի սիրում է գրել, ինչպես ասենք կգրեր սովորական տետրում:

Արդեն քիչ է մնում ամաչեմ և վիրավորվեմ, երբ ինձ անվանում են բլոգեր…

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բլոգերը դա ոչ պաշտոն է, ոչ էլ պատվավոր կոչում