fbpx

Բերմուդյան եռանկյունի

Աշխարհի  այս առեղծվածային պատմության մասին լսել են գրեթե բոլորը:  «Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց`այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. հաճախ անհետանում են նավեր ու օդանավեր` առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու:

Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր: Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն:

«Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492 թ.-ին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը:

Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք` համարժեք խորհրդավոր անհետացման: «Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է: Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ` իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ: Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին: Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած` իր հետ տանելով նավերը:

Bermuda-Triangle01

Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների: Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները` ստեղծելով անհետացման պատրանք: Իսկ ինչ վերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանով լարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում:

Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները: Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ: Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են:

06747663

Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում: Բացի այդ` օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ:

Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության: Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ:

Դեռևս շարունակում է խորհրդավոր մնալ «Բերմուդյան եռանկյան» առեղծվածը:

Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag