fbpx

Միքայել Աթասունց – Չկա ոչինչ…

x_2992702cՈւ ես այդպես էլ կարոտ կմնամ քո խենթ հայացքին…

Ես որոշել եմ սև բծեր ցփնել գժանոցի պատերին…

Ես կփորձեմ ուրվական դառնալ, սողոսկել քո մեջ, թաքնվել քո ներսում, ուր ոչինչ չկա, որ կտանի դեպի վախ, մոլորություն ու անդորր…

Ես կթափառեմ արևոտ այգիներում՝ լուռ ու միայնակ, իսկ սև ու սպիտակ ստեղններս կփնտրեն քեզ պատերի արանքում, կանաչ արահետներում, օվկիանոսի մեղմ ու խաղաղ ջրերում…

Դանդաղ մթնեց օրը… Հեռացան ճիչերը վերջին… Գոլորշի մնաց միայն, մի օդ, որը թռավ քո հոգու սարդոստայնապատ անկյուններից… Հորդ անձրև է տեղում այժմ… Անձև, անգույն ու անկապ մի անձրև… Ոչինչ այլևս չի վերադարձնի ոչինչ, քանի որ արդեն չկա ոչինչ…

Իմ պատմությունը գաղտնի է, քողարկված մոխրակալած ու փոշոտ շղարշով, հեռու քամուց, դեղնած տերևներից ու ջերմ արևից անգամ…

Խորը մի փոս կար հեռու-հեռվում՝ օվկիանոսից այն կողմ, սպիտակ ու մշուշապատ լեռների մեջ, ուր ապրում էին կարոտն ու ունայնությունը մտատանջող… Ես սովորեցի վախից չդողալ, թեև քեզ չեմ փնտրել տաճարների մեջ… Ես քեզ այդպես էլ չգտա… Ոչ մեկի մեջ ու ոչ մի տեղ… Միայն մի կայծակ մխրճվեց այն փոսի մեջ…

Ու ես միակն եմ, ով տեսավ դա… Ու ինչքան էլ դողան ոսկորդներս ցրտից, ամառն իմ ներսում է, իմ երազներում… Կգաս իմ երազում…

Թող որ դուրս կորչեն բոլոր չարքերն իմ ու քո ներսից, թող որ Հրաշք լինի… Հրաշք՝ անհասանելի, սպասված ու տառապանքից զուրկ…

Շուտով գիշեր կգա… Կախարդական գիշեր… Աստղերն ու մշուշը կխառնվեն իրար ու իմ կերպարանքով դուռդ կթակեն…

Ես կգամ ձյունի պես թեթև, հանդարտ, ժպտադեմ, կիսամոլոր…

Ու պատուհանիդ արև կնկարեմ…

Սառցե երկնքից արևի մի կտոր շողաց մեռած քաղաքի վրա… Ու գոլորշի բարձրացավ մեր փայտացած կոկորդներից, երբ խելառ քամին բուն էր դրել ու ծվատում էր մեր գարուն կարոտող հոգիները գիշերային… Գիշերային… Սառն է գիշերը, սառել են մատները քո, շուրթերն իմ, մի մենակություն է նկարած պատուհանիս, մորմոքներս ջերմություն են տենչում, իսկ արահետներն անանցանելի են կրկին, հեռու են բոլոր աղաղակները…

Տաք գինի, մի բուռ հող… Չէ, անկարող ենք մենք բոլոր հողմերի ու փոթորիկների դիմաց, ջրհեղեղ է լցվել կոկորդս, խեղդում են աղմուկները…

Երբ դուռը բացվի, արևի ճառագայթներն իսկույն կխտղտան դեմքիս՝ լայն տարածվելով խորշոմած ու կիսաչոր ճակատիս վրա… Իսկույն մարմնիդ ջերմությունը կբխի դեմքիս ու հոտդ՝ սուր, տանջող, հոգի մաշող…

Երբ լայն բացեմ թևերս՝ մի բուռ մաքուր օդ շնչելու համար, պատկերդ կհառնի իմ դիմաց, կհոխորտան երազներս, օվկիանոսները կբերեն մեղքերս կաթող, ծխահոտ սպիներս, վերքերս դողացող…

Ոչինչ չի փոխարինի ոչինչ…

Երբ մի քիչ արևի կարոտ լինեմ, կսպասեմ, որ գիշերը մոտենա ու թակի պատուհանս, կբացեմ այն ու անթարթ լուսնին կնայեմ, չէ՞ որ միայն լուսինն է, որ հասանելի է՝ սպիտակ, կլոր, լի ցանկություններով ու փոթորիկներով՝ անտանելի, ցուրտ, արցունք քամող փոթորիկներով…

Ես դեռ փնտրում եմ քեզ տաճարներում, իմ աղոթքներում, երազներում իմ հուսախաբ, հավատանքով լի խոսքերում…

Ինքս էլ չգիտեմ՝ ինչի համար է ամենն այս, ինչու են բառերը վազում ինձնից առաջ, չէ՞ որ միևնույն է… միևնույն է… միևնույն է…

Տուր լվանամ դեմքդ արցունքներից, ոտքերդ՝ սպիներից, տուր համբուրեմ նվաղած աչքերդ, շուրթերդ պառաված, ես ուզում եմ, որ քանդվեն բոլոր պատերը, ես ուզում եմ, որ հավքերն ազատ ճախրեն օդում, մի կտոր արև ու մի բուռ մաքուր օդ եմ ուզում…

Հեռու են գնացել բոլորը… Ու՞ր եք, ինչու՞ եք լուռ…

Պատուհաններս բաց են, կարոտ լուսնին, ու մի խելառ քամի ոստոստում է գիշերային իմ աղոտ սենյակում…

Թող որ քամիները հարվածներ տեղան դեմքիս, մաքրեն աղբն իմ աչքերից, քանի որ ես ատում եմ այն, ինչն ինքդ այդպես էլ սիրել չսովորեցիր…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Միքայել Աթասունց – Չկա ոչինչ…
ԹԵՍՏ. Հանրահայտ կտավներ և հանրահայտ նկարիչներ