fbpx

ՀԱՅԵՐԵՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ԵՎ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ

Հավաստի հայտնի է, որ Հայաստանի տարածքում դեռևս հինգ հազար տարի առաջ յուրացվել է մետաղների ստացումն ու մշակումը։

Հայտնի մետաղներից հետևյալ մետաղներն ունեն իրենց հայկական անվանումները՝ ոսկի, արծաթ, կապար, երկաթ, անագ, պղինձ, սնդիկ և կապարարծաթ։ (Ռոբերտ Բաղչաջյան- Բնագիտական եզրերը ժամանակակից հայերենում Սուրբ Ղազար միաբանության Բազմավեպ հայագիտական բանասիրական գրական հանդես, 2002թ., N1-4, էջ 82-95)։ Որտեղից են հայտնվել այդ մետաղների անվանումները, ինչու են դրանք հնչում այդպես, ունե՞ն արդյոք ինչ-որ խորը իմաստ։

Նշված մետաղների լատիներեն անվանումները կապված են ստացման վայրի  և հատկությունների հետ։ Օրինակ՝ Cuprum – Կիպրոս կղզու անվանումն է,  որտեղ արդյունահանվել է պղինձը,   Aurum–դեղին,  Argentum–սպիտակ, փայլուն։ ԵՎ նշված անուններն ոչ մի տեղեկություն չեն տալիս մետաղի մասին։     Հետաքրքիր վարկած է առաջարկվել Էդուարդ Այանյանի  կողմից Ереван ամսագրում տպագրված հոդվածում (Эдуард Айанян–С металом в голосе , Ереван, 2007, сентябр,стр.110), որտեղ վերը նշված մետաղների շարքից չորս մետաղների ամվանումները (ոսկի, արծաթ, կապար, անագ) հեղինակը կապում է հայկական այբուբենի տառերի թվային արժեքների հետ։ Հայտնի է, որ հայկական տառերն օգտագործվել են նաև  որպես թվեր 2 համակարգով՝ 36 տառերն ըստ հերթականության նշանակել են 1-36թվերը, իսկ այլ համակարգով 1-9000 թվերը։

Այժմ անդրադառնանք Էդուարդ Այանյանի հոդվածում արծածվող վարկածին։  Նա՝ ոսկի, արծաթ, կապար և անագ մետաղների անվանումները դիտարկել է անսովոր տեսանկյունից և ստացել է ցնցող արդյունքներ։

Ոսկի բառի յուրաքանչյուր տառի տակ գրենք հայկական այբուբենում նրա կարգաթիվն ու գումարենք, ստացվում է 79, որը ոսկու կարգաթիվն է։

Ո      Ս     Կ      Ի          Au79

24 + 29 + 15 + 11 =79

      Հայտնի է որ ատոմի միջուկի լիցքը համընկնում է քիմիական տարրերի Դ.Ի. Մենդելեևի պարբերական համակարգում տարրի կարգաթվի հետ և կոչվում է տարրի ատոմային համար։ Արդյոք դա զուտ պատահականություն է։

Արծաթ  մետաղի անվանման աթ-ը վերջածանցն է

Ա      Ր      Ծ             Ag47

 1 + 32 + 14 = 47

Հաջորդը կապար մետաղն է, որը հայոց լեզվի բարբառներում ժողովրդի կողմից օգտագործվում է որպես արճիճ։

Ա      Ր     Ճ      Ի     Ճ     Pb82

1 + 32 + 19 + 11 + 19 = 82

Ինչպես  երևում է այս թվերն ևս համընկնում են այդ տարրի կարգաթվի հետ։

Անագ մետաղին Հրաչյա Աճառյանի հայերեն արմատական բառարանում(Երևան 1986թ.) տրված է նաև հայերեն կլայեկ բառը, որը    մինչ այժմ Հայաստանի տարբեր շրջաններում օգտագործվում է որպես անագի անվանում։ Կլայեկ բառը չի համապատասխանում  նշված հիպոթեզին, և հեղինակը ցույց է տվել, որ կլայեկ բառի արմատը կալայ բառն է։ Այդ բառն օգտագործվում է վրացական, օսեթական, սերբական, ուզբեկակն, տաջիկական և այլ լեզուներում և կալայ բառի օգտագործման տարածքի կենտրոնը Հայաստանն է։ Գրենք կալայ բառը։

Կ       Ա       Լ     Ա    Յ          Sn50

15 +  1  +  12  + 1 + 21 = 50

Հիմք ընդունելով մետաղի անվանման բառարմատ – կարգաթիվ կապի վարկածը, ստորև կներկայացվի մեր կողմից ստացված որոշ մետաղների հին հայկական բառարմատները։

Այժմ քննարկենք երկաթ բառը։  Ժողովրդական լեզվով երկաթ բառը բացատրվում է երկնքից կաթող, այն կապելով երկաթ պարունակող երկնաքարերի հետ։ Ինչպես արծաթ բառում  երկաթ բառում ևս աթ-ը վերջածանց է, իսկ բառարմատը երկ-ն է։ Հայոց լեզվում ե-է-ա հնչյունափոխությունը հաշվի առնելով օրինակ՝ Երևան-Էրիվան, Արմենիա-Էրմենիա, երկիր-էրգիր, կարող ենք գրել  երկաթը – արկաթ, որը այժմ էլ  օգտագործվում է հայերեն բարբառներում օրինակ՝ Արցախում։

Հաշվի առնելով գ-ք-կ ի հնչյունափոխությունը երկաթ-երգաթ արկաթ-արգաթ, ձևերը կարող ենք գրել արգաթ։ Ընդունելով ր-լ նաև լ-ն հնչյունափոխությունները, օրինակ՝ անալի-ալանի, ենթադրում ենք որ երկաթ բառր արմատը անգ-ն է։

ԵՐԿ- ԷՐԿ- ԱՐԿ, ԱՐԳ – ԱԼԳ – ԱՆԳ

Ա     Ն     Գ       Fe26

1 + 22 + 3 = 26

Հովհանես Բարսեղյանի հայերեն ուղղագրական ուղղախոսական տերմինաբանական բառարանից (Երևան 1973) դուրս ենք  գրել  անգ արմատով որոշ բառեր որոնք կարծես թե ցույց են տալիս, թվարկում են երկաթի ֆիզիկական,մեխանիկական և քիմիական հատկությունները։

Խ Ա Ն ԳԱՐ     –   դիմադրել

Մ Ա Ն Գ ԱՂ     –   կտրել

Ա Ն Գ Ա       –   չծռվող, չխոնարհվող

Ա Ն Գ Ղ       –   ճանկող գիշատիչ թռչյուն

Չ Ա Ն Գ           –   ճանկ, ձգել, բռնել

Դ Ա Ն Գ          –   ծանրության չափ

Թ Ա Ն Գ          –   հազվագյուտ

Ռ Ա Ն Գ           –   գույն

Կ Ա Ն Գ           –   դադար, զսպել

Զ Ա Ն Գ           –   կաղապար, ձայն

Ժ Ա Ն Գ           –   օքսիդացած

Հ Ա Ն Գ           –   կարգ

Ց Ա Ն Գ           –   զսպախցակ

Գ Ա Ն Գ           –   պատյան, պինդ

Ի դեպ, շատ լեզուներում երկաթ և գլուխ բառերի արմատները նույն են, օրինակ Բասկերեն լեզվում  Երկաթ նշանակում է  Բուրնի, իսկ գլուխ Բուրու (Վահան Սարգսյան, Բասկերենի համառոտ քերականություն,Երևան 2000,էջ 256)։

Վերջում նշենք որ անգ արմատով ունենք Տորք Անգեղ հերոսի անուն։

Հիշենք մեծ բանաստեղծի խոսքերը` Տորքը չեր նման հասարակ մարդու, այլ մի աժդահա  և շատ ահարկու …

Անգեղ բառը ստուգաբանվում է երկու ձևով, առաջին որպես ան-առանց, գեղ-գյուղ այսինքն  անգյուղ, հայրենիք չունեցող, ինչպես նաև ան-առանց, գեղ-գեղեցիկ այսինքն ոչ գեղեցիկ, տգեղ։ Ինչպես կարելի է ընդունել որ վերը նշված որակներով անձնավորությունը՝ հսկա, մեծ ուժի տեր Հայաստանում ապրող հայ հերոսը լինի անհայրենիք, տգեղ։ Եթե ընդունենք անգ արմատը և եղ վերջավորությունը, որը ցույց է տալիս հատկանիշ։ Օրինակ՝ համ-համեղ, գույն-գունեղ, ցանց – ցանցեղ, ապա անգեղ բառը կնշանակի երկաթյա, ուժեղ։  Ինչպես ասում ենք Աշոտ Երկաթ, ևս  Տորք Անգեղ-Տորք Երկաթ։

Պետք է նշել,որ անգեղոս-անգել-հրեշտակ  բառերի արմատը  և իմաստը ևս կապված է երկաթ բառի հետ։

Հաջորդը սնդիկ բառն է։ Սնդիկի անվանումը  տարբեր լեզուներում կապված է հեղուկի, շարժման, թրթռոցի, հոսման հետ։ Այսպես. Հրաչյա Աճառյանի հայերենի  արմատական բառարանում սնդիկ բառի համարժեք է բերվում կենդանի բառը։ Գրենք կենդանի բառը։ Հաշվի առնելով  կ-ց-ս տառադարձությունը և ե ձայնավորի սղումը, ինչպես նաև   անի-ենի-իկ անցումը,օրինակ նազանի-նազենի-նազիկ, մենք ենթադրում ենք, որ կենդանի բառից առաջացել է սնդիկ բառը։

Ս    Ն   Դ    Ի   Կ

Կ    Ե    Ն    Դ    Ա    Ն    Ի          Hg80

15+ 5 + 22 +4 + 1 +22+11 = 80

Անդրադառնանք պղինձ բառին։ Հրաչյա  Աճառյանը և Հովհանես Բարսեղյանը պղինձ բառի համարժեք նշում են բրինձ բառը։ Պղինձը առաջացել է պ-բ և ր-ղ հնչյունափոխության հետևանքով՝ բրինձ բառից։ Իսկ բրինձ բառն առաջացել է բրոնզ բառից։ Պետք է նշել որ պղնձի հանքերում միշտ պարունակվում է անագ և սկզբում բրոնզ է անվանվել այն պղինձը, որը պարունակել է նույնիսկ շատ չնչին քանակությամբ անագ։ Նշվածից հետևում է որ բրոնզ-բրինձ-պղինձ անվանումը չի բնութագրել մաքուր պղինձ մետաղը, այլ ստացված պղինձ նյութին։

Հրաչյա Աճառյանի բառարանում պղինձ բառի համարժեք բերվում է նաև խալկ-խալգ բառը, որը հունարեն լեզվում ևս նշանակում է պղինձ։

Օրինակ՝ խալկոգեն են կոչվում 7րդ խմբի էլեմենտները, որը նշանակում է պղնձի հետ աղ առաջացնող։Գրենք Խալգ բառը.

Խ     Ա     Լ     Գ           Cu29

13  +  1 + 12 + 3 = 29

Վերջում խոսենք ևս մեկ մետաղի` մոլիբդենի մասին։ Մոլիբդենի համար հայերենում օգտագործվում է կապարարծաթ անվանումը։ Հայաստանում մոլիբդեն արդյունահանվում է Սյունիքի մազում՝ Կապան կենտրոնով։ Կապան բառը նշանակում է կիրճ, լեռնային անցք, բարբառային-երիզ, ժապավեն նաև ճանապարհներ կապող տեղ։

Կապան բառի  ան վերջավորությունը նշանակում է տեղ, օրինակ՝ իջևան-իջևանի տեղ։ Այսինքն կապան կարող ենք ասել կապի տեղ, վայր, որտեղ գտնվում է կապ-ը, եթե այդ տեղը կապենք մետաղի հետ և գրենք կապ բառը.

                   Կ    Ա    Պ               Mo42

15 +1 + 26=42

Այսինքն կարող ենք ասել, որ կապան նշանակում է մոլիբդենի տեղ` վայր, որտեղ կա մոլիբդեն։

Ստացված արդյունքն ուղակի ցնցող է։ Հայերեն լեզվում մետաղների անվանումները ցույց են տալիս նրանց կարգաթիվը։ Այդ զարմանալի փաստը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Մենք ինչի հետ գործ ունենք, ով է ստեղծել այդ բառերը, ով է մտածել մետաղների անվանումները, որոնք իրենց մեջ թաքցնում են դրանց հիմնական բնութագիրը։ Եվ ընդհանրապես, արդյոք դա մարդկային ձեռքի գործ է։ Եթե այո, ապա, ստացվում է, որ մեր նախնիների գիտելիքների մակարդակը եղել է անհավանական բարձր։ Չէ որ միայն 20-րդ դարի սկզբին հայտնաբերվեց ատոմի բարդ կառուցվածքը և որոշվեց ատոմի միջուկի լիցքը։ Եթե ընդունենք որ այդ բառերը մեզ տրված են վերևից, ապա կարելի է միայն հիանալ լուծման հանճարեղությամբ։ Չէ որ լեզուն գիտելիքների, ինֆորմացիայի պահպանման ամենա հուսալի եղանակն է։ Հայոց այբուբենը ստեղծվել է ավելի ճիշտ վերահաստատվել է 405-406թթ. Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Բայց հայոց այբուբենի ստեղծումը դա հայերեն լեզվի ստեղծումը չէ։

Շատ հետազոտողների կողմից ցույց է տրված, որ հայկական այբուբենը տրամաբանորեն կուռ և իմաստալից մի ամբողջական համակարգ է։ Վերադառնալով Մեսրոպ Մաշտոցին նշենք, ինչու էր պետք Մեսրոպ Մաշտոցին տարիներով նստել հին աշխարհի գրադարաններում, խորհրդակցել Հռոփանոսի հետ, ինչ էր նա փնտրում, ինչ էր նա խնդրում իր աղոթքներում և ինչ ստացավ արդյունքում։ Չէ որ ըստ Խորենացու հայկական գրերը  Մաշտոցին նվիրել են Բարձրագույնի հաճությամբ։

-Եվ տեսավ նա ոչ գիշերային երազ, ոչ էլ արթմնի տեսիլք, այլ իր տրոփող սրտում հոգու աչքերը բացող քարի վրա գրող ձեռք։ Քարը ձյան նման իր մեջ պահպանում էր գծերի հետքերը։

Դ.Մ.Մենդելեևը ևս քիմիական տարրերի պարբերական համակարգը տեսել է երազում։

Հեղինակներ՝  Ռ.Խ.Ադամյան, Գ.Ս.Սիմոնյան, Ա.Գ.Սիմոնյան

Աղբյուրը՝ Ռ.Ադամյան, Գ.Սիմոնյան, Ա.Սիմոնյան- Հայերեն այբուբենը և մետաղների հայկական անվանակարգումը, Բնագետ 2008,  N 5, էջ48-50


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.75 из 5 )
MediaMag
ՀԱՅԵՐԵՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ԵՎ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ
ԹԵՍՏ «Աշխարհագրական պրակտիկում» բոլոր նրանց համար, ովքեր սիրում են քայլ առ քայլ ուսումնասիրել մեր մոլորակը