fbpx

Իմ մանկական չիրականացած երազանքները

Հիշում եմ, երբ մանուկ էի և երբ բոլոր երեխաները երազում էին տարբեր տեսակի խաղալիքների մասին՝ ես երազում էի լրիվ ուրիշ բաներից: Չեմ հերքում, խաղալիքների մասին նույնպես երազում էի, բայց դա իմ համար ժամանակավոր փոքրիկ երազներ էին: Իսկ այդ ուրիշ երազները ինձ համար շատ կարևոր էին, նրանք իմ կյանքի նպատակն էին: Եվ չի կարելի ասել, որ այդ իմ մանկական երազանքները իրականությունից կտրված կամ հեքիաթային էին:

Հիշում եմ, որ մանուկ ժամանակ չգիտեմ թե ինչու իմ մոտ մի այնպիսի համոզմունք կար, որ ես այս աշխարհ եմ եկել որոշակի առաքելությամբ՝ միսիայով, որ իբր եկել եմ այս աշխարհ որևէ նշանակալից գործի համար, որևէ բան փոխելու, կամ ավելացնելու համար: Երազում էի ու պատկերացնում թե դա ի՞նչ կարող է լինել: Ու այդ համոզմունքը, այդ երազը այնքան հստակ էր ինձ մոտ, որ կասկած չունեի անգամ նրանց իրականանալի լինելու մեջ: Սակայն անցան տարիներ և ես այժմ հասուն մարդ եմ և վաղուց արդեն հասկացել եմ, որ դա ցավոք ընդամենը միամիտ մանկական երազներ էին: Հասկացել եմ, որ ես ոչ մի արտասավոր մարդ էլ չեմ և իմ համար ոչ մի որոշակի առաքելություն պատրաստված չէ այս կյանքում:

Հիշում եմ նաև որ այն տարիներին՝ իսկ դա խորհրդային տարիներն էին, երբ գնում էի տատիկիս տուն, սիրում էի ժամերով թերթել ամսագրերը: Դրանք այն ժամանակ սովորական ամսագրեր չէին և կրպակներում այդպիսի ամսագրեր չէիր գտնի: Դրանք մեր ֆրանսիահայ բարեկամներն էին ուղարկում ֆրանսիայից: Ֆրանսիական գունազարդ, օծանելիքներով և գեղեցիկ կանանցով լի ամսագրեր: Եվ այդ ամսագրերում ես ըստ իմ մանկական պատկերացումների գտել էի իմ իդեալական կնոջ կերպարը: Եվ հենց նրա համար էի անընդհատ թերթում այդ ամսագրերը: Զմայլվում էի նրանով ու երազում, որ տարիներ անց՝ երբ մեծանամ իմ կինն էլ այսպիսի գեղեցկուհի է լինելու, հետո թերթում էի հաջորդ էջը՝ այնտեղ գեղեցիկ սպիտակամաշկ, կապուտաչյա երեխաների նկարներ էին ու ես երազում էի որ ես և իմ գեղեցկուհի կինը այսպիսի երեխաներ ենք ունենալու: Հետո մյուս թերթում գտնում էի գեղեցիկ կահավորված և գեղեցիկ վերանորոգված բնակարանի, կամ տան նկար և երազում, որ ես և իմ կինը մեր երեխաների հետ բնակվելու ենք այսպիսի տանը: Հետո հերթը հասնում էր ավտոմեքենային և այդպես շարունակ: Իսկ հիշեցնեմ, որ այդ ժամանակ ես ընդամենը 4-5 տարեկան երեխա էի:

Բայց անցան տարիներ և ես հասուն մարդ եմ և մինչ այժմ այդպես էլ չի իրականացել նաև այս մի մանկական երազանքս: Ես չամուսնացա ու երեխաներ էլ չունեմ:

Ուզում եմ նորից ետ դառնալ մանկություն և նորից իմ միամիտ և անմեղ մանկական համոզմունքով վստահ լինել, որ ամեն ինչ լավ է լինելու և ամեն ինչ դեռ առջևում է…

Մանկուց մինչ հիմա երազներով եմ ապրում…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag