fbpx

Րաֆֆի «Խենթը», մեջբերումներ գրքից: ՄԱՍ 3

Ձեզ ենք ներկայացնում ևս մի քանի խորիմաստ մեջբերումներ Րաֆֆու «Խենթ»-ից, որոնք Ձեզ մտորելու առիթ կտան։

Ազատասիրության հայրը բռնությունն է, իսկ մայրը` անիրավությունը, բռնակալը ինքն է պատրաստում իր համար թշնամիներ…

Պետք է փառք տալ Աստծուն, երբ վնասը հասնում է մարդու ապրանքին և ոչ կյանքին:

Լինում են րոպեններ, երբ մարդը թշվառության, վտանգի և դառը պատահմունքների ամենասաստիկ հարվածների տակ ավելի քաջանում է, ավելի տոկուն, անխորտակելի սիրտ է ստանում և ավելի հանգստանում է: Նա սկսում է այնուհետև արհամարհել չար բախտի հարվածները, երբ նրանք հասնում են մի հայտնի աստիճանի, որից ավելին սպասել չէր կարելի:

Ինչու թողնել ընդհանուրը և մասնավորի ետևից ընկնել…

Ուր կտեսնեք Հայրենիքը և ազգը օտարի ձեռքը մատնելը՝ այնտեղ խառն է եղել հայի մատը: Ուր կտեսնեք հայ թագավորի գահընկեցությունը և նրա գավազանը օտարի ձեռքը հանձնելը ՝ այնտեղ խառն է եղել հայի մատը: Ուր կտեսնեք հայ թագավորի դեպի աքսոր մատնություն և նրա մայրաքաղաքի դռները թշնամու առջև բաց անելը՝ այնտեղ խառն է եղել հայի մատը: Ուր կտեսնեք հայրենի հողը հայի արյունով ներկված, նրա բնակությունները կրակով ոչնչացրած և նրա զավակները գերի տարված՝ այնտեղ խառն է եղել հայի մատը: Որ կտեսնեք կրոնի, ազգության և սուրբ եկեղեցու դավաճանություն՝ այնտեղ խառն է եղել հայի մատը: Մի խոսքով ամեն թշվառությունների մեջ, ամեն հալածանքների մեջ, և մեր թշնամիներից կրած ամեն տեսակ եղեռնագործությունների և բարբարոսությունների մեջ միշտ գործել է հայի տապարը:

Ամբոխը ուրիշ բան է, ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է:

Երբ մարդիկ կդադարեն չար լինելուց, երբ խաղաղությունը և եղբայրասիրությունը կթագավորեն աշխարհի վրա, ես պատրաստ եմ լինել ամենաբարին և համբուրվել իմ թշնամիների հետ…

Երբ Աստված պատուհաս է ուղարկում մարդկանց պատժելու համար, արդար երեխային մեղավոր ծերի հետ գերեզման է տանում, չարն ու բարի խառնվում են միմյանց հետ:

Ամբողջ տիեզերքի մեջ չկա մի բան, որ այնպես խոնարհեցներ մարդկանց, որպես սերը: Մարդկության ամենասարսափելի հրեշները, որ դղրդում են աշխարհները, որ ներկում են արյունով երկիրները, որ ահուդողի մեջ են պահում ազգերը՝ խոնարհվում են, ծունկ են չոքում սիրած կնոջ առջև. այստեղ միայն նրանք մարդ են և հանդիսանում են մարդկային բոլոր թերություններով:

Դևը, երբ սիրում է հրեշտակ է դառնում:

Փոթորկալից և խավար գիշերին հաջորդում է լուսապայծառ առավոտը, կգա մի օր, որ դու կրկին կգտնես քո ուրախությունը:

Արդարությունը ծիծեռնակի կաթ է դարձել, ոչ մի տեղ չես գտնի:

Գինին ավելի է բորբոքում այրված սրտի տանջանքը, որպես յուղ, որ ածվում է բոցավառ սրտի վրա:

Պատերազմը միշտ կորստաբեր հետևանքներ է ունենում մեր երկրի համար, թեև նա ունենում է իր առանձին օգուտները…

Հրապարակման ներկայացրեց՝ էլ Սմբաթյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հեղինակ.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Րաֆֆի «Խենթը», մեջբերումներ գրքից: ՄԱՍ 3
Գունավորենք աշխարհը (հոլովակ)