[em]Tert.am-ը գրում է.[/em]
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը համաժողովի շրջանակում ներկայացրել է միանգամից մի քանի նորույթ, որոնց թվում են Android N օպերացիոն համակարգը, Allo «խելացի» մեսենջերը, Google Home տնային օգնականը, ինչպես նաև վիրտուալ իրականության նոր պլատֆորմը:
Ընկերության գլխավոր գործադիր նախագահ Սունդար Պիչայը նորույթներից ամեն մեկի մասին խոսել է առանձին-առանձին:
Android N
Նոր Android N օպերացիոն համակարգն ավելի կատարելագործված է արդյունավետության ու անվտանգության տեսանկյունից: Բացի այդ, JIT Compiler տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ նոր հավելվածների ներբեռնման տևողությունը կկրճատվի 75 տոկոսով: Թարմացվել է նաև ինտերֆեյսը: Նոր օպերացիոն համակարգի բետա թեստավորմանը, որը մեկնարկել է մայիսի 18-ից, կարող են մասնակցել Nexus 6, Nexus 9, Nexus 5X, Nexus 6P, Nexus Player, Pixel С, Android One սմարթֆոններ ունեցողները:
Allo
Ինչ վերաբերում է Allo հաղորդակցային հավելվածին, ապա այն համալրված է Smart Reply (թարգ.` խելացի պատասխան) գործառույթով։ Օրինակ` եթե ինչ-որ մեկը ձեզ շան լուսանկար է ուղարկում, մեսենջերը վերլուծում է նկարն ու ավտոմատ կերպով ուղարկում հետևյալ պատասխանը` «Ինչ լավ շուն է»: Բացի այդ, տվյալ մեսենջերի մեջ կարելի է ցանկացած թեմային առնչվող որոնում իրականացնել` առանց չաթից դուրս գալու:
Հետաքրքրական է, որ Allo-ում առցանց զրույցի ավարտից հետո ամբողջ խոսակցությունն ավտոմատ կերպով ջնջվում է: Allo-ն համալրված է նաև Duo տեսահավելվածով, որը հնարավորություն է տալիս շփվել նույնիսկ ինտերնետ կապի շատ ցածր որակի դեպքում, ինչպես նաև տեսնել ձեզ զանգահարողին` նախքան տեսազրույցի սկսվելը:
Google Home
Այն իրենից ներկայացնում է փոքր չափերի սարք, որը հասկանում է ձայնային հրահանգներն ու կարողանում է պատասխանել դրանց: Ի դեպ, առաջադրանքների շրջանակը, որը կարող է իրագործել Google Home-ը, շատ լայն է: Ձայնային հրահանգի միջոցով կարելի է զարթուցիչ դնել, տաքսի կանչել, ընթրիք պատվիրել և այլն:
Daydream
Ընկերությունը ներկայացրել է նաև վիրտուալ իրականության նոր պլատֆորմը, որը, սակայն, դեռևս կատարելագործման փուլում է: Ըստ մասնագետների՝ դրանից կարող են օգտվել միայն շատ հզոր բջջային սարքերը: Նշվում է, որ Google-ը ներկայացրել է դեռևս միայն կոնցեպտը, իսկ օգտագործման համար նախատեսված առաջին սարքը պատրաստ կլինի աշնանը: