Ծեր, իմաստուն կատուն պառկած էր խոտերի մեջ և տաքանում էր արևի տակ: Հանկարծ նրա կողքով վազելով անցնում է փոքրիկ ու ճարպիկ կատվի ձագուկը: Նա գլուխկոնծի տալով գլորվում է կատվի կողքով, հետո նորից վեր կենում և նորից շրջանաձև վազում:
– Ի՞նչ ես անում, – ալարկոտ հարցնում է կատուն:
– Ես փորձում եմ որսալ իմ պոչը, – պատասխանում է ձագուկը:
– Բայց ինչո՞ւ, – ծիծաղում է կատուն:
– Ինձ ասել են, որ պոչը իմ երջանկությունն է: Եթե ես կարողանամ որսալ պոչս, ապա կվորսամ նաև երջանկությունս: Ահա արդեն երրորդ օրն է վազում եմ պոչիս ետևից, բայց նա ամեն անգամ խույս է տալիս ընձնից:
Ծեր կատուն ժպտում է այնպես, ինչպես կարողանում են ժպտալ միայն ծեր ու իմաստուն կատուները և ասում.
– Երբ ես երիտասարդ էի, ինձ նույնպես ասացին, որ պոչումս է իմ երջանկությունը: Ես բազում օրեր վազում էի պոչիս ետևից ու փորձում էի որսալ նրան: Ես օրերով չէի ուտում և չէի սնվում, այլ միայն վազում էի պոչի ետևից: Ես ուժասպառ ընկնում էի, վեր էի կենում ու նորից փորձում որսալ պոչը: Մի ժամանակ եկավ, երբ ես հիասթափություն ապրեցի ու հուսահատվեցի: Եվ ուղղակի գնացի այնտեղ ուր աչքերս էին կտրում: Եվ գիտե՞ս հանկարծ ինչ նկատեցի…
– Ի՞նչ, – զարմացած հարցնում է ձագուկը:
– Ես նկատեցի, որ ուր էլ գնայի՝ պոչս ամեն տեղ իմ ետևից էր գալիս: Երջանկության ետևից պետք չէ վազել: Պետք է ընտրել ճիշտ ճանապարհ և երջանկությունը ինքը կքայլի քո հետ միասին: