Մի արևելյան տիրակալ երազ է տեսնում, որում թափվում են նրա բոլոր ատամները: Երազից սարսափած և անհանգստացած նա կանչում է իր պալատական երազներ մեկնաբանողին և պատմում իր տեսած երազը: Երազներ մեկնաբանողը շատ ուշադիր լսում է տիրակալին և ասում.
– Իմ արքա, ես քեզ վատ լուր պիտի ասեմ: Ինչպես երազում դու կորցրել ես բոլոր ատամներդ, այդպես էլ իրականում կկորցնես բոլոր հարազատներիդ՝ մեկը մյուսի ետևից:
Այս մեկնաբանումը բարկացնում և էլ ավելի է անհանգստացնում արքային և նա հրամայում է բանտ նետել երազներ մեկնաբանողին:
Հետո արքան հրամայում է կանչել մեկ ուրիշ երազներ մեկնաբանողի: Այս երազներ մեկնաբանողը ուշադիր լսում է արքայից երազի պատմությունը և ասում.
– Իմ արքա, ես ուրախ լուր ունեմ քեզ համար: Դու ապրելու ես շատ երկար՝ շատ ավելի երկար քան ընտանիքիդ մնացած անդամները:
Արքան ուրախանում է և ճոխ նվերներով պարգևատրում է երազներ մեկնաբանողին:
Պալատականները զարմացած հարցնում են երազահանին.
– Քո խոսքերը գրեթե չէին տարբերվում նախորդ երազներ մեկնաբանողի խոսքերից: Այդ դեպքում ինչո՞ւ նա պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր:
Հաջողակ երազներ մեկնաբանողը պատասխանում է.
– Դուք ճիշտ եք, մենք երկուսս էլ երազը մեկնաբանեցինք նույն իմաստով: Սակայն պետք է ոչ միայն իմանալ թե ինչ ասել, այլ նաև թե ինչպես դա ասել: