fbpx

Գրում են ընթերցողները: Նազիկ Գասպարյան – Դաշնակահարուհու օրագրից

Ինձ շատ են ծափահարել… բուռն ու հոտնկայս: Ջահել էի` ոգևորվում էի, տհասի պես հուզվում էի փառքից: Խոնարհվում էի բեմից, օդային երախտագետ համբույրներ շռայլում դահլիճով մեկ, բարձրախոսով «սիրելիներս» էի ճչում:

Տգետ էի, չէի գիտակցում, որ փառքը մահկանացուի խելքի բանը չէ, չգիտեի, որ մարդիկ ինձ ծափահարում են, որովհետև իրենցից հինգ ոտնաճափ վեր եմ կանգնած, ջահել եմ ու գեղեցիկ… ունակ չէի հասկանալու, որ «սիրելիներս» բառ գոյություն չունի. կա «սիրելիս» միայն, ու դա կյանքում պիտի շշնջալ մեկի ականջին, ու ոչ թե բարձրախոսով հազարներով լեցուն սրահի բեմից:

Խարտյաշ էի… ամսագրերի շապիկներին էի… շեկլիկ, կարմիր շրթներկով դաշնակահարը… մաշկս թարմ էր, ժպիտս բազմահազար տղամարդկանց թուլությունը, փոստարկղս լեցուն էր միշտ. Ես նույնիսկ չէի բացում նամակներս: Ամեն առավոտ անհասցե ու հասցեավոր ծաղիկներ կային դռանս առաջ,իսկ ես դրանց վրա կանգնելով էի փակում դուռը…ես միշտ շտապում էի…

Փողոցում բոլորը ժպտում էին ինձ. Ես քչերին էի ժպտում` չէի հասցնում մկաններս շարժել ժպտալու համար…. շատ գործեր ունեի: Բոլորը ճանաչում էին ինձ, ձգտում էին նմանվել… Աստղ էի` տգետ ու շա՜տ ջահել աստղ: Ինձ թվում էր, թե միշտ այդպես կլինի… ախր անփորձ շեկլիկի մեկն էի… ինձնից օծանելիքի հոտ էր գալիս ու ոչ թե փորձի ու իմաստնության:

Այնքա՜ն էի շտապում… միշտ, ամեն րոպե, ամեն վայրկյան զբաղված էի… ու… ու ուշացա: Շտապելով ուշացա, չհասցրի ամենակարևորը` կանգ առնել. Իսկ ժամանակը արգելակներ չունի:

Էլ շեկլիկ չեմ… ճեփ-ճերմակ են մազերն իմ… ժամանակը մի բուռ պեպեն է ցփնել դեմքիս… ու կնճիռներ… էլ այլևս չհարթվող կնճիռներ… Խունացած ամսագրեր ունեմ ու ինձ նման լարթափ մի դաշնամուր:

Ինքս քայլող թույլությունն եմ ու ոչմեկի թուլությունը չեմ, ծաղիկները, նամակներն ու ժպիտները մնացել են շեկլիկ օրերիս արանքում… ու ինձանից հիմա ոչ թե օծանելիքի, այլ փորձի ու իմաստնության հոտ է գալիս… թերևս ինչիս է պետք…

Ինձ էլ չեն ծափահարում, չէ որ իրենցից թեկուզ հինգ ոտնաչափ վեր չեմ կանգնած…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները: Նազիկ Գասպարյան – Դաշնակահարուհու օրագրից
Գեղեցկությունն ու անկատարության ուժը