fbpx

Նազիկ Գասպարյան – Հուշերս չղջիկի պես…

regretwomanԵրբ  բոլոր դռները աղմուկով փակվեցին իմ առաջ, ու չորս պատն ինձ առավ իր իշխանության տակ. Ես լռեցի: Քամին մեղմիկ վարագույրս տարուբերեց, լույսերս հանգան. ես հայացքս կախեցի: Չարագուշակ լռությունը գրկեց ինձ ամուր, և իմ շունչը քիչ մնաց կտրվեր. ես ձեռքերս մոտեցրի իրար: Երբ սենյակիս պատին սկսեցին դողալ տերևների ստվերները. ես ժպտացի ու հայր մերը մրմնջացի՝ քնքուշ ու հավատով: Հայր մերը մրմնջացի ու բարձս ավելի փափուկ թվաց. գլուխս ընկղմվեց բամբակե բարձիս մեջ, ու այդ փափկությունը ինձ ստիպեց մտածել, որ գուցե ավելի լավ կլիներ, եթե գլխիս մեջ էլ բամբակ լիներ, որ ես չզգայի այն, ինչ հիմա եմ զգում: Քունս փախավ, իսկ քո աշխարհի դռները գրկաբաց բացվեցին. ես անկախ ինձնից սլացա այնտեղ: Քո դռները միշտ բաց են իմ առաջ, իսկ ես գալիս եմ, երբ էլ ոչ ոք ինձ չի փնտրում, երբ փակվում են բոլոր դռները, խլանում և կուրանում են բոլորն առ ինձ, երբ հանգում են իմ հույսերը: Ես գալիս եմ գլխահակ, ճերմակած մազերով, կարկամած ու  աչքերս փախցնելով, որ հայացքդ չհանդիպի հայացքիս, որովհետև դեմքիցս հիմա զղջում է կաթում. դա կտեսնես դու, իսկ ես կամաչեմ: Դու կժպտաս թեթև, մի հակառակորդի պես, ով գիտե պայքարի ելքը և իր հակառակորդի խոցելիությունն ու թուլությունը: Ես կգամ, դու բազկաթոռը կառաջարկես, մի գավաթ տաք թեյ ու ծածկոցը կգցես ուսերիս՝ «որ չմրսեմ»: Իսկ ես դողալով կխմեմ թեյն ու կսկսեմ, թեև ինձնից լավ գիտես ինչ եմ ասելու. «Էլի ես մենակ եմ ու ինձ չեն հասկանում, ես պիտի լացեմ, այլապես…»:

Ու նորից ես եկա. զարկեցի դուռդ ու սովորականի պես սպասում եմ, որ բացվեր այն: Բայց չես բացում. դու էլ արդեն փակել ես դռներդ իմ առաջ: Կարծես թե պիտի պոռթկայի, հառաչեի, բայց լռեցի: Նստեցի շեմիդ՝ թիկնելով փակ դռանդ: Ափսոսեցի, բայց աչքերումս մի կաթիլ արցունք չերևաց: Համբերատար լուսացրի բազում գիշերներ քո դռան առաջ՝ լու՜ռ…: Երևի մի օր կբացես դուռդ ու կտեսնես ինձ՝ սառած, կուչ եկած, երևի զղջաս, որ առաջվա պես մի գավաթ թեյն ինչ է, որ չտվեցիր ինձ: Ու այդ մի օրը եկավ՝ իր հետ բերելով տարիների հոգնած վերջակետը: Դուռդ բացվեց: Թեթև ճռինչը քո դռան ինձ ստիպեց դողալ. ու դողաց մի կաթիլ արցունք աչքերումս. կիսահամարձակ ոտքի ելա, շրջվեցի դեպի քեզ ու ինձ թվաց, թե կասես արի ներս: Բայց նայեցիր լուռ. երանի չհասկանայի լռությունդ: Բայց հասկացա. այսօր և այսուհետ ո՛չ տաք թեյ կլինի, որ կազդուրի ինձ, ոչ էլ դուռդ հետայսու կբացվի իմ առաջ: Բազմոցիդ ուրիշն է նստած, ուրիշի ուսերն ես ծածկում, որ չմրսի, տաք թեյ տալիս ու հետը խոսում, հետը լալիս նրա ցավից: Նայեցիր ինձ ու հասկացա՝ պիտի գնամ: Դուշրջվեցիր ու փակեցիր դուռդ. ես էլ գլխիկոր հեռացա քո աշխարհից: Միայն մի պահ շրջվեցի ու տեսա , որ վարագույրդ շարժվեց. դուրս էիր նայում պատուհանիցդ: Կանգ առա, նայեցի պատուհանիդ, մինչև մարեց լույսդ: Ես գնացի, քայլելով հասա իմ տուն. դուռս կիսաբաց, պատուհանս փշուր-փշուր. իսկ քիվիս բազմել էր չղջիկների մի ամբողջ երամ: Ես դուռս ներս հրեցի ու բնազդաբար կքեցի. չղջիկները շառաչով դուրս թռան իմ տնից: Ներս մտա. մտա ու հասկացա, որ ես իսկապես մենակ եմ, հասկացա, որ բախտիս համար ես եմ մեղավոր ու ոչ ոք բացի ինձանից: Մոտեցա աթոռին, նստեցի ու ձեռքս  սահեց դեպի գինու շիշը: Ես հարբում եմ. մի քանի բաժակ առանց մտածելու կուլ տվեցի: Նայում էի շշին, ու կարծես նա հասկանում էր, որ ես շատ բան ունեմ ասելու, ինքն էլ՝ շատ բան լսելու: Շիշը մինչև վերջին կաթիլը դատարկեցի բաժակիս մեջ ու փորձում էի կուլ տալ, բայց, բայց այն դեռ կոկորդումս հանդիպեց հեկեկոցիս, ու նրանք միասին դուրս պոռթկացին՝ ներկելով ճերմակ սփռոցս: Կիսափակ աչքերս լայն բացեցի ու  կատաղությունից սփռոցը վար քաշեցի. աղմուկով փշրեցի շիշն ու բաժակս:Արցունքներս զսպել չկարողացա. նրանք հորդում էին ու հորդում,բիբերս դուրս էին եկել կարծես ու դատարկ թողել ակնախոռոչներս: Գինովցածությունս կարծես չէր էլ եղել. սթափ էի առավել քան երբևէ: Ինձ մնում է հաշտվել սրա հետ էլ ու վերջ. դու էլ այլևս իմը չես, առաջվանը չես, չկաս, էլ կյանքումս չկաս:

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նազիկ Գասպարյան – Հուշերս չղջիկի պես…
Աշխարհի 10 հիասքանչ, հինավուրց քաղաքները