fbpx

Գրում են ընթերցողները. Մարգարիտա Գասպարյան – Ծաղրածուն

image964Օրն անձրևում էր: Երկինքը պատվել էր ամպերի սև կուտակումներով: Այնքան խոժոռված էին ամպերը, որ թվում էր` կռվի էին բռնվել կապույտի հետ ու կապույտն անզորությունից անձրևում էր:

Կեսօր էր, բայց օրն այնպես էր մթնել, որ թվում էր գիշերը բոլորից թաքուն իջել ու գողացել է օրվա լույսը:

Չնայած անձրևոտ եղանակին` կրկեսում ուրախ տրամադրություն էր: Երեխաները ուրախությունից թրթռացող սրտերով սպասում էին կրկեսային զվարճալի համարներին ու իրենց ամենասիրելի, ամենաուրախ, ամենահնարամիտ Ծաղրածուին:

Իսկական տոն էր Կրկեսում:

Դահլիճը թնդաց ուրախ բացականչություններից. սկսվեց ուրախ խլրտոց: Բեմում հայտնվեց փոքրիկների սիրելի Ծաղրածուն: Իրենից ոչ պակաս զվարճալի ու գույների հրավառությամբ զարդարված զգեստով մի փոքրիկ կապիկ էր ուղեկցում նրան: Իր զվարճալի աշխուժությամբ կապիկը կատարում էր Ծաղրածուի բոլոր հրահանգները, ճարպկորեն ցատկում կրակե օղակի միջով, օդում պտույտներ գործում, աչքերը փակ ընտրություն կատարում բանանի և խաղալիքի միջև, գտնում Ծաղրածուի կողմից թաքցրած իրը, ընթացքի մեջ գտնվող հեծանիվի վրա բարդ ու զվարճալի վարժություններ կատարում: Կապիկը հրաշքներ էր գործում բեմում, դահլիճը ուրախությունից ցնծում էր, իսկ Ծաղրածուն հիանում էր իր վարժեցրած կապիկով:

Համարի ողջ ընթացքում կապիկը անսովոր ժիր էր. նա փորձում էր շատ ավելին անել, քան սովորեցրել էր իրեն իր տերը, կարծես ուրախ այդ համարները կատարում էր միայն իր տիրոջ համար:

Համարի ցուցադրման ողջ ընթացքում կապիկը ոչ ամենօրյա ուշադրությամբ հետևում էր տիրոջ ամեն մի հայացքին:

Չնայած Ծաղրածուի դեմքը ժպտում էր գրիմից, բայց գրիմի տակից թախծում էին աչքերը, իսկ շուրթերի վրա ժպիտի փոխարեն գծագրվում էր արտասովոր քմծիծաղ: Տխուր էր Ծաղրածուն. չնայած ժպտացող գրիմին` կապիկը զգում էր տիրոջ թախիծը:

Վաղ առավոտյան հնչած զանգից հետո այլևս չժպտաց տերը: Մի քանի րոպե լսափողը ձեռքին արձանացած կանգնած մնաց հեռախոսի մոտ: Հետո սթափվեց կայծակի ուժեղ պայթյունից, նայեց ժամացույցին, արագ հագցրեց իրեն Կրկեսի շորերն ու դուրս վազեցին տանից: Ողջ ճանապարհին նա ոչինչ չխոսեց: Դա նման չէր իրեն: Սովորաբար, մինչև Կրկես հասնելը տերը խոսում էր իր հետ, պատրաստում համարի ցուցադրմանը, վարժեցրած համարներից հատվածներ կատարել տալիս: Բայց այսօր ոչ մի փորձ չկատարեց իր հետ ու կապիկն էլ իրեն զուսպ պահեց ճանապարհին: Զգում էր որ առավոտյան ինչ-որ տխուր բան ասացին իր տիրոջը :

Ամբողջ ճանապարհին այդպես էլ չդադարեց անձրևը: Լուռ, հստակ ու արագ քայլերով գնում էին կապիկն ու Ծաղրածուն: Ճանապարհին առաջացած ջրափոսերը կարծես չէր էր նկատում Ծաղրածուն. անփութորեն անցնում էր նրանց միջով, կապիկն էլ իր հետ միասին: Անձրևի կաթիլները թրջել էին երկուսին էլ: Բայց Ծաղրածուի դեմքից հոսող ջրի կաթիլները միայն երկնքի արցունքները չէին…

Նախորդ օրվա արևոտ եղանակին հաջորդեց այս տխուր ու թախծոտ օրը: Գուցե երկինքն էլ մթնեց Ծաղրածուի հոգու անտերունչ վիճակից: Կապիկը կիսում էր իր տիրոջ հոգու տխրությունը: Այն օրվանից, երբ տխուր պատահականությամբ մարդիկ սպանեցին իր մորը, կապիկը մնաց Ծաղրածուի հոգածության ներքո: Մայրացավ Ծաղրածուն կապիկի համար…
Վերջապես հասան Կրկեսի դռների մոտ: Ներսից լսվում էին երեխաների ուրախ, մանկական պարզ ու անկեղծ ձայններն ու ծիծաղները: Ծաղրածուն առանձնացավ իր սենյակում: Հայելու առջև նստած` սկսեց դեմքին ժպիտ նկարել: Չստացվեց. արցունքի կաթիլը հոսեց գրիմի վրայով ու մաքրեց ժպիտը:

Ժամը 11:00-ն էր: Համարի ներկայացման իր ժամանակն էր: Սենյակից դուրս եկավ ժպտացող Ծաղրածուն, իսկ նրա հետևից կապիկը, որը ողջ այդ ընթացքում լուռ հետևում էր տիրոջը:

Ետնահարթակը հանդիսատեսից բաժանող վարագույրի ետևից Ծաղրածուն նայում էր դահլիճին: Նրանք սպասում էին մշտապես իրենց ուրախացնող ծաղրածուին: Դահլիճն անհաղորդ էր մնացել Ծաղրածուի ներաշխարհին: Ծափահարությունները սաստկացան.

-Ծաղրածո՜ւ, ծաղրածո՜ւ, ծաղրածո՜ւ…,-դահլիճը պահանջում էր Ծաղրածուին, պահանջում էր ուրախացնել իրեն:

Ու ահա հարթակում հայտնվեցին ուրախ ու հնարամիտ, զվարճասեր Ծաղրածուն ու կապիկը:

Ելույթն ավարտվեց փառահեղ ներկայացմամբ: Հաջողված ելույթի համար Ծաղրածուն շնորհակալ մնաց իր կապիկին, որը իր խենթ ու խելառ համարներով թույլ չտվեց` հանդիսատեսը զգա, որ իր տիրոջ հոգում ինչ-որ բան է փլուզվել…

129_186Հաջորդ օրը լրագրերի շապիկների առաջին էջերում դրվեցին Ծաղրածուի ու կապիկի նկարները և «Ուրախ Ծաղրածուն ու հնարամիտ կապիկը» վերտառությամբ փառահեղ մի հոդված: Այդ ներկայացումից հետո Ծաղրածուն ունեցավ բազմաթիվ հրավերներ տարբեր քաղաքներից, շրջաններից ու նույնիսկ արտերկրից: Ծաղրածուի համար բացվեց փառքի մի նոր ճանապարհ:

Եղան աշխարհի տարբեր երկրներում Ծաղրածուն ու կապիկը, շատ ու շատ դահլիճներ ոտնկայս ծափահարեցին նրանց, «Ուրախ ու Հնարամիտ» մականունը Ծաղրածուի ողջ կյանքում ուղեկից դարձավ, բայց այդպես էլ կապիկը իր տիրոջ աչքերում ժպիտ չտեսավ:

Տարիներ հետո գրախանութներում հայտնվեց մի վեպ-ինքնակենսագրական` «Ծաղրածուն» վերտառությամբ:

Շատ ու շատ սկսնակ ծաղրածուներ կարդում էին արդեն հռչակ ձեռք բերած Ծաղրածուի նոթերը, սովորում բազում նրբություններ, որոնց պետք է տիրապետեր իսկական ծաղրածուն:
Մի օր այցի էի գնացել ընկերոջս տուն: Ռեժիսոր էր: Հետաքրքրվում էր ծաղրածուների բարդ ու գեղեցիկ աշխարհով և պատրաստում էր նրանց մասին ֆիլմ նկարահանել: Հարուստ գրականություն ուներ ընկերս: Հերթական գիրքը թերթելիս նկատեցի «Ծաղրածուն» վերտառությամբ գիրքը: Ու քանի որ ինքս էլ անտարբեր չէի ծաղրածուների «աշխարհով», խնդրեցի ընկերոջս մի քանի օրով գիրքն ինձ տալ: Ընկերս, իհարկե, չառարկեց:

Գիրքը կարդացի` հուզմունքս թաքցնել չկարողանալով. չափազանց բարդ ու նուրբ է ծաղրածուների աշխարհը ու արժանի խորին ակնածանքի. մեզ զվարճացնող, միշտ ուրախ, միշտ կենսախիդ, ծիծաղկոտ ու կայտառ ծաղրածուներն էլ են թախծում հոգու խորքերում: Չէ որ նրանք էլ են մարդիկ և կյանքի խորդուբորդ ճանապարհներն անմասն չեն մնում իրենցից: Բայց նրանց արվեստի մեծությունն հենց այնն է, որ այդ ուժեղ անհատակնությունները անսահման ուժեղ ու բարի հոգի ունեն և կարողանում են դժբախտության պահերին անգամ խաղաղեցնել հոգու փոթորիկը, «ծիծաղել» ու ծիծաղեցնել մարդկանց:

Գիրքը լի էր հուզառատ պահերով, սակայն արցունքներս զսպել չկարողացա, երբ կարդացի հետևյալ տողերը. «… լսափողից այն կողմ լսվեց մի անծանոթ կնոջ ձայն. հեռվից էր լսվում ձայնը, ուրիշ քաղաքից էր զագը՝ Հիվանդանոցից է. Ձեր մայրը րոպեներ առաջ մահացավ: Խնդրեց փոխանցեմ, որ սիրում է Ձեզ :

Լսափողը դրեցի: Վազեցի Կրկես. դահլիճը սպասում էր իրեն ուրախացնող Ծաղրածուին… »:

Գիրքը փակեցի: Ներքին մի ամոթանք շառագունեց դեմքս: Տարիներ առաջ ես այն նույն Կրկեսի դահլիճում էի, երբ թնդում էր ծիծաղից դահլիճը. Ծաղրածուն ու Կապիկը հերթական համարներն էին ցուցադրում: Մենք հիանում ու զվարճանում էինք մեզ ուրախացնող ծաղրածուով:

Ինչ իմանայինք, որ այն պահին, երբ նա հերթական ուրախ համարն էր ցուցադրում ու մեզ ուրախություն պարգևում, հոգին աղեկտուր լալիս էր ցավից…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]

ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՆԱԵՎ «ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՎ ԹԱԽԻԾԸ»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Մարգարիտա Գասպարյան – Ծաղրածուն
Բլոգի նորույթը. Կազմակերպեք Ձեր ժամանցը մեր բլոգում