Ոռնում է գիշերը պատուհանիս տակ և ողբահնչյուն հառաչը նրա հասնում է լուսնին, որի անքնությունից ուռած կոպերը ծանր թարթում են ճնշող խավարում թևածող ցնորք-տեսիլքների ստվերները վհատ, սարսափ հողմերի թևերին օրորում կորած դրախտի մորմոք մեղեդու մաղձը թախծախեղդ … Ես բացում եմ կիսափակ պատուհանս և դեռ մեղմասահ հողմի սանձարձակ ձեռքերը դիպչում են թափանցիկ զգեստիս եթերային փեշերին, որ քնքուշ պարում են նրա օրոցքից, շոյում վարսերս՝ կորչելով դրանց մութ անտառներում, նրբին համբուրում դողն իմ մարմնի, ողջ ուժով լցնում թոքերն իմ անմեղության բույրով՝ շնչակտուր լինելով ագահ տարերքից և լիովին տիրելու այրող ցանկությունից: Սառը հոսանքը, որ թափանցում է երակներիս մեջ և պղտորում արյունս՝ անզարկ թողնելով լռած սիրտս, պաղություն է ներարկում անզուսպ պոռթկումներիս և մղում իր անհայտ ճանապարհներով՝ կանգնեցնելով ժամանակն այն տարածության մեջ, ուր ես թողել եմ հարազատ մի բան՝ լինելով օտար այդ ժամանակին, բայց գտնվելով մոտ հեռուներին…
Մոլեգնում է հողմը, ողբում դառնորեն, ես սառած ափերով փակում եմ աչքերս՝ հեռացնելու համար ցուրտն իմ տեսողության դաշտից, սակայն դողում է մարմինս իր մեջ ներծծված պաղության շնչից, մրսում են դատարկված հոգուս խունացած պատերը … Դանդաղ բացում եմ հոգնած կոպերս և վայրենի մի ճիչ կույր չղջիկի պես իր սուր ճանկերով մխրճվում է հոգուս մեջ՝ դառնալով արձագանքվող աղաղակ՝ պոկված չապրած օրերիս չորացած կոկորդից, որ խեղդում է ինձ դեղին հուշերիս մոխրահոտ ծխով … Շնչահեղձ լինելով այդ ծխի անթափանց մշուշից՝ ես ողջ ուժով վազում եմ մրրիկի միջով մի անհայտ կանչով, բոբիկ են ոտքերս, արյուն է կաթում ամեն մի հետքիս՝ դառնալով անցյալ դեռ չապրած ներկայում, արցունք դառնալով օվկիանում ցավի…
Իմ կորած դրա՛խտ, բացի՛ր դռները քո եդեմական հրաշքի, լուսավորի՛ր իմ արնոտ ճամփան խավարի գրկում, տեսնու՞մ ես վիրավոր են ոտքերս, հիվանդ է հոգիս, բայց ես վազում եմ, սլանում քեզ մոտ՝ ևս մեկ անգամ գրկելու համար մերկությունդ կույս, մի վերջին անգամ փարվելու համար սփոփանքիդ անուշ և համբուրելու երանելի մոռացումդ …
Հողմում է քամին, ոռնում տենդագին, աշխարհն օրորում դժոխքից պոկված կլանչոցներով ու քրքիջներով դիվային, գեհենի հոտով է բուրում գիշերում խեղդվող իմ կարոտը կեզ, լուսնի բիբերում լկտի հռհռոցներով չմշկում են սատանաներ՝ ինքնամոռաց պտտվելով կրակի մոգական պարում, տիրաբար կուլ տալով համեղ պատառ դարձած աշխարհի՝ վերքերից բորբոսնած սիրտը, խլացնելով ամեն տեսակի լռության ձայներ, չարախնդալով խեղճ Աստծո վրա … Դժոխքի հողմն ինձ է որոնում, իմ սիրտն է ուզում ափերից հանել ու հայտարարել որպես նոր գեհեն, անհատակ ցավի մի անսպառ աղբյուր, տառապանքների մի բանտ ատելի, անելք փակուղի, մարդակործանիչ, զգայազուրկ անդունդ՝ դառնությունների կրքերով լեցուն, անառակության տարփանքներով լի … Լսու՞մ ես, արև՛, սատանաները լափում են իմ արթուն խիղճը, որի շուրթերին սառել է ապաշխարանքի մրմունջը խեղված, լուսե քավության զորությունը սուրբ, տեսնու՞մ ես, արև՛, ես խավարել եմ առանց քո լույսի, դարձել եմ մի բուռ մթություն, խավարի հայելի, ուր արտացոլվում է մթին գիշերի ուրվագիծը մերկ …
Ցնցվում է դժոխքը մեղքերի բեռից, ողբասուգ քրքիջ է շուրջբոլորն ասես ու դեռ չմեռած՝ աշխարհը տարվել է մի խորը քնով, ասես արթուն է, սակայն երազում … Դժոխքի հողմե՛ր, մենությանս դուռը փակ է Ձեր առաջ, եթե հողմում եք՝ իմ դռնից այն կողմ, իսկ դրա ներսում դրախտն է կորած՝ իմ լույս փրկության երազ-հանգրվանը վերջին, որը կորցրել եմ յոթ արև այն կողմ ու չեմ գտնելու դեռ հազա՜ր տարի …
Ազատե՛ք հոգիս Ձեր կապանքներից ու եթե գերի է այն, ապա լոկ թռիչքի լուրթ երկինքներին, եթե ծառա է՝ սուրբ լույսին միայն …
Անառակ կյա՛նք, ունայնությա՛ն որջ, մեղքերիդ բեռից ծնկել է սիրտդ, բիբերդ պատվել են ստի, չարիքի սարդոստայններով, և մարդկությունը՝ միշտ թշվառական, հավերժ մեղանչող, հավիտյան ու հար այդ գաղջ դժոխքից պոկված քո թափառական հողմն է լինելու, որ մերթ գժվելու է ու մոլեգնելու, մերթ փոթորկելու է անտարբերությամբ սառը հոսանքի, համակերպումի ցավով բթացած …
Լափե՛ք իմ սիրտը, դժոխքի հողմե՛ր, չափազանց խորն է հատակը նրա, ու երբ խարխափեք այդ նույ հատակում օրերից մի օր, երբ հանկարծակի կուրանաք իմ երազների հարության լույսից՝ ծնկաչոք խնդրե՛ք գթության մի շող այդ լույսից գերսուրբ և ողորմություն կորած դրախտից, որ երբ աշխարհս սուզվի դեպի տարտարոս, սարսափի գեհեն՝ գոնե Դուք գուժեք վախճանը դարի, գոնե Դուք հողմեք համամարդկային մի բուռ կարեկցանք …
Հոգու ամրոցները փլվում են դրախտի քաղցից և դժոխային հողմերի թևով թափառում անէ՝ հավերժ անմարմին, ընդմիշտ մոռացված, հավիտյան լքված…
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]