Չխնամված ձեռագրով կամ անսանր մտքերով ես պառկած եմ քո երազանքի մակերևույթին: Նույն անտարբերությամբ, ինչպես լվանում եմ տանս ափսեները, ես հետևում եմ չհատվող համբերությանդ: Դու կատվային նազանքով փափուկ մորթիդ հրամցնում ես ինձ, որ շոյեմ քեզ՝ հպարտությանդ: Բաց ես պառկած եմ. ես արդյոք ալարում եմ ձեռքս պարզել քեզ, թե չեմ կարողանում, թե չեմ կամենում: Դու ավելի շուտ կմրափես, քան ես կթողնեմ տաք բույնս:
Քո մուգ, մուգ շագանակագույն մոլորակները, որ աչքերի են նմանվում, ինձ կողպել են, որ ես սիրով նայեմ քեզ, սիրով սովորեմ ամեն քայլքդ, սիրով… սիրով: Գժվելու աստիճան գժվել, սպառվել եղունգներդ հասնող, ծորացող կարոտից: Լցվել, զսպվել համբերություն քարոզող սիրուդ շշուկներց ու դառնալ, վերադառնալ քեզ նորից… Ենթարկվել, ստվել, սպանել, բայց մեծանալ քեզնով…
Քեզնից ուժի հոտ է գալիս, ես կխաբվեմ քո տաքությանը: Ձգվում եմ առաջ, կիսով չափ դուրս եմ գալիս երազանքիդ մակերևույթից. մինչև գոտկատեղս մերկացած եմ… Էլ չեմ կարող, ոտքերս չկան, ծանրացած են, առաջ չեն թողնում… Ես ձգվում եմ, դու ասես դիտավորյալ, ինձ պատժելու համար մի քայլ հետ ես գնում… Ես էլի եմ ձգվում, հիմա ոտքերս, սիրտս կպայթեն այս ծանրությունից, ես ցավի ճիչ եմ արձակում… Ես ուզում եմ հասնել քեզ… մի՛, մի՛ խաղա ինձ հետ: Դու թունավոր անտարբերությամբ, որով ես լվացքս եմ չորացնում, շարժում ես պոչդ, մի փոքր էլ ու ես կդիպչեմ թանկարժեք մորթուդ… Դու երևի խղճում ես ինձ՝ լացակումած աչքերս տեսնելով կամ նվաղած ձայնս լսելով, չգիտեմ, բայց մոտենում ես այնքան, որ մատներս խրվեն մորթուդ մեջ… Աստված իմ, միթե տիեզերքը չի խնայել քո աստվածային փափկության անեզրությունը: Մատներս գրկում են մորթիդ, վազում խորը, աներևակայելի խորը, հասնում մարմնիդ: Ես ունեմ քեզ, մարմինդ ունեմ: Դու երևի իմ հանդգնությունից հաճույք ես ստանում կամ վախենում: Մաշկիդ փոքր-փոքր գնդիկներ են հայտնվում. ես հրճվում եմ, որովհետև սիրո լավագույն ապացույցը փշաքաղությունն է: Ես փշաքաղությունդ ունեմ: Դու թուլացել ես արդեն, կորցրել զգոնությունդ, ես կարծես թե վարժեցրել եմ քեզ: Վայրկյաններ անց չգիտեմ՝ ինչ է կատարվում հետդ, դու զարթնում ես, ընկրկում…
Էլեկտրահարվածի պես ետ ես թռչում ու լկտի չարությամբ նայում հիասթափությունից անկենդան աչքերիս: Մի՛, մի՛ խաղա հետս, սատանա…
Դու սիրում ես ինձ, գիտեմ: Ես վերջին փորձ եմ անում՝ նետվելու առաջ, թերևս թվում է, թե նետվում եմ, իրականում նույն տեղում եմ, միայն մարմինս ռետինի պես ձգվելով, քիչ է մնում անջատվի ոտքերիցս: Ես գոռում եմ, օգնություն խնդրում կամ անիծում քեզ քո ցանկահարույց, բայց սառը դաժանության համար: Նույն հաճույքով, որով ես նարինջս եմ վայելում, դու սիրում ես ինձ այդպես տապալված, այդպես անդամալույծ: Ես հոգնում եմ, մերկ մարմինս (ինձ անգամ մերկությունս չի ամոթահարում), ետ քաշում նորից երազանքիդ մակերևույթի տակ, որտեղ ժամեր առաջ պառկած էի, ու շենքի վերջին պատուհանին մարող վերջին էլեկտրական լամպի պես հանգելով՝ կիսաբորբոս կոպերիս տակից նայում… Թե ինչպես կատվային սերդ ներծծվում է զգայարաններս, բայց դու ընկած ես թողնում ինձ սավանների, քարե սավանների տակ…
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]