✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Ինչո՞ւ են տղամարդիկ երբեմն ավելի ծանր տանում վիրուսային վարակները. գիտնականները հնարավոր բացատրություն են գտել

Ինչո՞ւ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ արձագանքում նույն վիրուսին։ Գիտնականների նոր բացահայտումը կարող է օգնել հասկանալու «տղամարդկային գրիպի» երևույթը։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Կանադայի Մաքմասթերի համալսարանի գիտնականները վիրուսային վարակները, մասնավորապես՝ Զիկա վիրուսն ուսումնասիրելիս, մի հետաքրքիր օրինաչափություն են նկատել։ Վարակված մկներից մի քանիսի մոտ նյարդաբանական լուրջ խանգարումներ էին առաջացել. նրանց հետին վերջույթները թուլացել էին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կաթված էր զարգացել։ Սակայն փորձարկման խմբերից մեկում նման ախտանշաններ գրեթե չէին նկատվել։

Telegram

Միացեք մեզ Telegram-ում
Նոր հոդվածներ, թեստեր և հետաքրքիր բացահայտումներ։

Միանալ ալիքին →

Պատճառն անսպասելի էր. այդ խմբում ընդգրկված բոլոր մկներն էգ էին։ Երբ գիտնականները փորձարկման մեջ կրկին արու մկներ ընդգրկեցին, ծանր ախտանշանները նորից ի հայտ եկան։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ խնդիրը կարող է լինել ոչ թե վիրուսը, այլ այն, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր կերպ են արձագանքում վարակին։ Այս բացահայտումը կարող է նաև օգնել հասկանալու, թե ինչով է պայմանավորված այսպես կոչված «տղամարդկային գրիպը»։

Նույն վիրուսը՝ տարբեր հետևանքներ

«Տղամարդկային գրիպ» են կատակով անվանում այն դեպքերը, երբ տղամարդիկ նույնիսկ թեթև մրսածությունն ավելի ծանր են տանում, քան կանայք։ Սակայն տղամարդկանց և կանանց իմունային համակարգերի աշխատանքի տարբերությունները միանգամայն իրական են։ Գիտնականները վաղուց են փորձում հասկանալ, թե ինչու են որոշ վարակներ տղամարդկանց և կանանց մոտ տարբեր ընթացք ունենում։

Այս հարցը պարզելու համար հետազոտող Ալեքսա Մանսուրի և իմունաբան Ալի Աշքարի գլխավորած գիտական խումբը նույն տարիքի արու և էգ մկներին վարակել է Զիկա վիրուսով։ Բոլոր մկները ստացել են վիրուսի միևնույն չափաբաժինը։

Ընդամենը մեկ շաբաթ անց տարբերությունն արդեն ակնհայտ էր։ Արու մկներից շատերի հետին վերջույթները թուլացել էին կամ կաթվածահար եղել։ Էգ մկների մեծ մասի մոտ, մինչդեռ, նյարդաբանական լուրջ բարդություններ չէին առաջացել։ Միայն մի քանիսի մոտ էր թեթև թուլություն նկատվել։

Հետաքրքիր է, որ երկու խմբերի մկները գրեթե նույն չափով էին կորցրել քաշը։ Արյան և գլխուղեղի հյուսվածքների հետազոտությունը նույնպես ցույց էր տվել, որ երկու խմբերում վիրուսի քանակն էականորեն չէր տարբերվում։

Այսինքն՝ էգ մկների օրգանիզմն ավելի արագ չէր հաղթահարում վարակը։ Տարբերությունն այն էր, թե ինչպես էր նրանց օրգանիզմն արձագանքում վարակին։

Երբ իմունային համակարգն ինքն է վնասում օրգանիզմին

Վարակի ժամանակ օրգանիզմին կարող է վնասել ոչ միայն հիվանդության հարուցիչը, այլև հենց իմունային համակարգը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ բորբոքային գործընթացը չափազանց ուժեղ է լինում։ Նման բորբոքումը հատկապես վտանգավոր է գլխուղեղի համար, քանի որ կարող է խաթարել նյարդային հյուսվածքների աշխատանքը։

Գիտնականները պարզել են, որ երկու խմբերի մկների գլխուղեղ ներթափանցած իմունային բջիջների ընդհանուր քանակը գրեթե նույնն էր։ Տարբերությունը բջիջների տեսակների հարաբերակցության մեջ էր։

Էգ մկների մոտ ավելի շատ էին իմունային պատասխանը կարգավորող CD4 T-լիմֆոցիտները և ավելի քիչ՝ CD8 T-լիմֆոցիտները, որոնց գործառույթներից մեկը վարակված ու վնասված բջիջների ոչնչացումն է։

Գիտնականների ուշադրությունը հատկապես գրավել են NKG2D ընկալիչ ունեցող CD8 T-լիմֆոցիտները։ Այս բջիջները կարող են վնասել օրգանիզմի սեփական հյուսվածքները՝ նույնիսկ առանց վիրուսի հակածինները ճանաչելու։ Էգ մկների մոտ նման բջիջներն ավելի քիչ էին, իսկ արու մկների գլխուղեղում բորբոքային գործընթացներն ավելի արտահայտված էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ են անում դաջվածքները մեր իմունիտետի հետ. սա դժվար թե ձեզ դուր գա

Ինչպե՞ս է դաջվածքի ներկն ազդում իմունային բջիջների աշխատանքի վրա, և ի՞նչ են բացահայտել գիտնականները բորբոքային գործընթացների մասին։

Կարդալ հոդվածը →

Ստացվում է, որ արու մկների մոտ հենց իմունային համակարգի չափազանց ակտիվ աշխատանքը կարող էր ավելի մեծ վնաս հասցնել նյարդային համակարգին և ծանրացնել հիվանդության ընթացքը։

Այս եզրահանգումը համընկնում է նույն գիտական խմբի՝ 2024 թվականին անցկացրած հետազոտության արդյունքների հետ։ Դեռ այն ժամանակ գիտնականները պարզել էին, որ NKG2D ընկալիչի աշխատանքի արգելափակումը կամ CD8 T-լիմֆոցիտների հեռացումն օգնում է կանխել Զիկա վիրուսով վարակված մկների կաթվածը։

Արդյո՞ք «տղամարդկային գրիպն» իսկապես գոյություն ունի

Քանի որ փորձարկումն անցկացվել է մկների վրա, դրա արդյունքները դեռևս չի կարելի տարածել մարդկանց վրա։ Այնուամենայնիվ, կան նաև այլ դիտարկումներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր կերպ են արձագանքում Զիկա վիրուսին։

28%

Յոթ երկրներում Զիկա վիրուսի տարածման ժամանակ գիտնականները նկատել են, որ Գիյեն-Բարեի համախտանիշը՝ հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն, որը կարող է հանգեցնել կաթվածի, տղամարդկանց շրջանում 28 տոկոսով ավելի հաճախ է հանդիպել, քան կանանց շրջանում։

Այլ հետազոտությունների տվյալները նույնպես վկայում են, որ մարդու կենսաբանական սեռը կարող է ազդել որոշ վիրուսային հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19-ի և գրիպի ծանրության վրա։ Սակայն սա ամենևին չի նշանակում, որ տղամարդիկ միշտ ավելի ծանր են հիվանդանում, քան կանայք։ Տարբեր հիվանդությունների դեպքում իմունային համակարգի այդ առանձնահատկությունները կարող են տարբեր կերպ դրսևորվել։

Դեռ վաղ է ասել, թե արդյոք նոր հետազոտությունը բացատրում է «տղամարդկային գրիպի» երևույթը։ Սակայն այն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վարակներն ուսումնասիրելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն վիրուսին, այլև նրան, թե որքան ուժեղ բորբոքային արձագանք է այն առաջացնում օրգանիզմում։

Գիտնականների կարծիքով՝ սուր վիրուսային վարակներով հիվանդ տղամարդկանց բուժելիս բժիշկներին արժե ավելի մեծ ուշադրություն դարձնել բորբոքային գործընթացներին։ Չէ՞ որ երբեմն լուրջ բարդությունների պատճառը ոչ թե միայն հիվանդության հարուցիչն է, այլև օրգանիզմի պաշտպանական համակարգի չափազանց ակտիվ աշխատանքը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Ինչո՞ւ են տղամարդիկ երբեմն ավելի ծանր տանում վիրուսային վարակները. գիտնականները հնարավոր բացատրություն են գտել
«Առյուծ արքա»։ Սիրելի հերոսները վերադառնում են մեծ էկրաններ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց