Դժվար չէ հանդիպել մեկին, ով առաջին իսկ պահից հաճելի տպավորություն է թողնում։ Սակայն մարդուն ճանաչելու համար առաջին տպավորությունը բավարար չէ։ Նա կարող է լինել հմայիչ, ուշադիր, հետաքրքիր զրուցակից և միշտ գտնել ճիշտ բառերը։ Սակայն ժամանակի ընթացքում երբեմն պարզվում է, որ այդ բարեհամբույր մարդու մեջ թաքնված են եսասիրություն, մեծամտություն կամ ուրիշներին սեփական շահերի համար օգտագործելու սովորություն։
Ինչո՞ւ է այդպես լինում։ Բանն այն է, որ մարդկանց մեծ մասը լավ գիտի՝ ինչպես դրական տպավորություն թողնել շրջապատի վրա։ Մենք հաճախ փորձում ենք ավելի լավը երևալ, քան իրականում կանք։ Հետևում ենք մեր պահվածքին, թաքցնում դժգոհությունը, զսպում զգացմունքները։ Հատկապես երբ ցանկանում ենք որևէ մեկին դուր գալ կամ ինչ-որ օգուտ ստանալ։
Սակայն կա մի պարզ հոգեբանական հնարք, որն օգնում է մարդուն բոլորովին այլ կողմից ճանաչել։ Այն հաճախ վերագրում են Զիգմունդ Ֆրեյդին, թեև հավաստի ապացույցներ չկան, որ այս գաղափարի հեղինակը հենց նա է։
Հնարքը շատ պարզ է․ ուշադրություն դարձրեք, թե մարդն ինչպես է վերաբերվում նրանց, ումից ոչինչ չի ակնկալում։
Խոսքը նրա ղեկավարի, ազդեցիկ ծանոթի կամ այն մարդու մասին չէ, ում համակրանքը կարող է իրեն օգտակար լինել։ Նայեք, թե ինչպես է նա շփվում մատուցողի, հավաքարարի, վաճառողի, պատահական անցորդի կամ պարզապես մեկի հետ, ումից որևէ օգուտ չունի։
Երբ մարդն այլևս կարիք չունի լավ տպավորություն թողնելու, նրա պահվածքը հաճախ ավելի բնական է դառնում։ Հենց այդ փոքրիկ դրվագներում էլ կարելի է նկատել բաներ, որոնց մասին ոչ մի գեղեցիկ խոսք չի պատմի։
1. Նայեք, թե ինչպես է նա վերաբերվում իրենից ցածր դիրք ունեցող մարդկանց
Մարդը կարող է անթերի քաղաքավարի լինել ղեկավարի հետ, չափազանց սիրալիր՝ իրեն պետքական ծանոթների շրջապատում, և անչափ հմայիչ՝ առաջին ժամադրության ժամանակ։ Բայց բավական է գործ ունենա մատուցողի, առաքիչի կամ խանութի աշխատակցի հետ, և նրա խոսելաձևն անմիջապես փոխվում է։
Նա սկսում է հրամայական տոնով խոսել, նյարդայնանում է ամենափոքր ուշացումից, հարկ չի համարում շնորհակալություն հայտնել օգնության համար կամ բացահայտ արհամարհանքով է վերաբերվում դիմացինին։
Այստեղ մի կարևոր բան նկատեք․ նա հարգո՞ւմ է բոլորին, թե՞ միայն նրանց, ումից ինչ-որ բան է ակնկալում։
Իսկական դաստիարակությունը կախված չէ դիմացինի պաշտոնից, եկամուտից կամ հասարակական դիրքից։ Եթե մարդը հարգանքով է վերաբերվում միայն իրենից ազդեցիկ մարդկանց, դա դեռ լավ դաստիարակության նշան չէ։ Ավելի շուտ նա պարզապես գիտի, թե ում հետ ինչպես պետք է վարվել՝ իր ուզածին հասնելու համար։
2. Մի անգամ մերժեք նրան և տեսեք, թե ինչպես կարձագանքի
Սա, թերևս, մարդու բնավորությունը ճանաչելու ամենախոսուն իրավիճակներից մեկն է։ Քանի դեռ համաձայնում եք նրա հետ, աջակցում նրա գաղափարներին և անում այն, ինչ իրեն է հարմար, ձեր հարաբերությունները կարող են հրաշալի թվալ։ Բայց փորձեք մի անգամ «ոչ» ասել։
Հասուն մարդը կարող է նեղվել, չհամաձայնել ձեր որոշման հետ կամ փորձել փոխզիջում գտնել։ Սակայն նա կհարգի ինքնուրույն որոշումներ կայացնելու ձեր իրավունքը։
Բոլորովին այլ կերպ է վարվում նա, ով մերժումն անձնական վիրավորանք է համարում։ Նա կարող է սկսել ձեզ եսասեր անվանել, ցուցադրաբար նեղանալ, փորձել խղճահարություն առաջացնել կամ հիշեցնել այն ամենը, ինչ ժամանակին արել է ձեզ համար։
Հատկապես անհանգստացնող է, երբ մերժումից հետո մարդու վերաբերմունքը կտրուկ փոխվում է։ Երեկ նա ուշադիր ու հոգատար էր, իսկ այսօր սառն է և նույնիսկ թշնամաբար է տրամադրված։
Նման արձագանքից կարելի է հասկանալ, թե որքանով է նրա լավ վերաբերմունքը կախված այն բանից, թե դուք պատրաստ եք կատարել նրա ցանկությունները, թե ոչ։
3. Ուշադրություն դարձրեք՝ կարողանո՞ւմ է նա ուրախանալ ուրիշների հաջողություններով
Պատմեք նրան ձեր կյանքում տեղի ունեցած որևէ ուրախալի իրադարձության մասին։ Օրինակ՝ պաշտոնի բարձրացման, հաջող գնումի, նոր աշխատանքի կամ անձնական ձեռքբերման։ Այս դեպքում կարևոր են ոչ այնքան նրա խոսքերը, որքան առաջին արձագանքը։
Նա անկեղծորեն ուրախանո՞ւմ է ձեզ համար։ Հետաքրքրվո՞ւմ է մանրամասներով, հարցեր տալի՞ս է։ Թե՞ գրեթե անմիջապես սկսում է թերություններ գտնել ձեր հաջողության մեջ։
Որոշ մարդիկ դժվարությամբ են ընդունում ուրիշների ձեռքբերումները։ Նրանք փորձում են նսեմացնել հաջողությունը՝ այն վերագրելով պատահականությանը, ծանոթություններին կամ պարզապես բախտին։ Երբեմն նույնիսկ շնորհավորանքը վերածվում է մրցակցության։ Զրուցակիցն անմիջապես սկսում է պատմել, թե ինքն ինչքան ավելի մեծ հաջողությունների է հասել։
Նման պահվածքի հետևում կարող են լինել նախանձը, սեփական անձն ուրիշների հետ մշտապես համեմատելու սովորությունը կամ բոլորից առավել զգալու ցանկությունը։
Ինքնավստահ մարդն ուրիշի հաջողությունը սպառնալիք չի համարում։ Նա կարիք չունի իրեն ինչ-որ մեկից լավը զգալու կամ ուրիշների հետ համեմատվելու, որպեսզի գիտակցի սեփական արժեքը։
4. Տեսեք, թե ինչպես է նա վարվում, երբ սխալվում է
Բոլորն էլ սխալվում են։ Բայց այն, թե մարդն ինչպես է արձագանքում սեփական սխալներին, շատ բան կարող է պատմել նրա պատասխանատվության զգացման մասին։
Մեկը հանգիստ ընդունում է, որ սխալվել է, փորձում է շտկել իրավիճակն ու հետևություններ անել։ Մյուսը սկսում է մեղավորներ փնտրել, ժխտել ակնհայտ փաստերը, այլ կերպ ներկայացնել կատարվածը կամ ամեն կերպ ապացուցել, որ իրականում մեղավոր են բոլորը, բացի իրենից։
Առավել խոսուն է այն, երբ մարդը երբեք անկեղծորեն ներողություն չի խնդրում։ Պարզ «ներիր, ես սխալ էի» ասելու փոխարեն լսում եք․
«Կներես, եթե նեղացել ես»։
«Դու ինքդ ինձ հասցրիր դրան»։
«Իսկ դու անցյալ անգամ ավելի վատ բան արեցիր»։
Նման խոսքերով մարդը ոչ թե փորձում է հարթել վեճը, այլ խուսափել սեփական արարքների համար պատասխանատվություն կրելուց։
Սխալն ընդունելը թուլության նշան չէ։ Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ մարդն ամեն գնով չի փորձում անսխալական երևալ։
5. Լսեք, թե ինչպես է նա խոսում ուրիշների մասին
Մարդու բնավորությունը ճանաչելու մեկ այլ միջոց է ուշադրություն դարձնելը, թե ինչպես է նա խոսում այն մարդկանց մասին, ովքեր տվյալ պահին ներկա չեն։
Եթե գրեթե ամեն զրույց վերածվում է ուրիշների թերությունները քննարկելու, եթե մարդը հաճույքով բացահայտում է ծանոթների գաղտնիքները, ծաղրում նրանց արտաքինը, եկամուտները կամ անձնական կյանքը, արժե մտածել։
Այսօր նա նույն հաճույքով քննարկում է գործընկերոջը կամ ընդհանուր ծանոթին, իսկ վաղը այդ խոսակցությունների թեման կարող եք դառնալ դուք։
Իհարկե, երբեմն բոլորս էլ ցանկանում ենք ինչ-որ մեկի հետ կիսվել մեր ապրումներով, պատմել վեճի մասին կամ խորհուրդ հարցնել։ Դա միանգամայն բնական է։ Սակայն մեծ տարբերություն կա խնդիրը հասկանալու փորձի և ուրիշների թերություններն ու թույլ կողմերը քննարկելուց հաճույք ստանալու միջև։
Ուշադրություն դարձրեք նաև, թե որքանով է նա կարողանում գաղտնիք պահել։ Եթե մարդը պարբերաբար ձեզ պատմում է այնպիսի բաներ, որոնք ուրիշներն իրեն վստահել են գաղտնի պահելու պայմանով, դժվար թե կարողանաք վստահ լինել, որ ձեր անձնական պատմությունները նույնպես գաղտնի կմնան։
6. Համեմատեք նրա խոսքերն ու գործերը
Կան մարդիկ, ովքեր կարողանում են չափազանց համոզիչ խոսել։ Նրանք խոստանում են օգնել, աջակցել, գալ, զանգահարել, լուծել ցանկացած խնդիր։ Ծանոթության սկզբում կարող է թվալ, թե վերջապես հանդիպել եք մեկին, ում վրա միշտ կարելի է հույս դնել։
Բայց ժամանակ է անցնում, և պարզվում է, որ խոստումներն ու իրականությունը բոլորովին տարբեր բաներ են։
Նա մոռանում է պայմանավորվածությունները, հայտնվում է միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան է պետք, չի կատարում խոստումները և ամեն անգամ համոզիչ արդարացում է գտնում։
Իհարկե, մեկ մոռացված զանգը կամ չկայացած հանդիպումը դեռ ոչինչ չեն ասում մարդու բնավորության մասին։ Բոլորիս կյանքում էլ անկանխատեսելի իրավիճակներ են լինում։ Բայց եթե մարդն անընդհատ խախտում է պայմանավորվածությունները և չի կատարում խոստումները, նրա գեղեցիկ խոսքերն աստիճանաբար կորցնում են իրենց արժեքը։
Վստահությունը ձևավորվում է ոչ թե խոստումներից, այլ գործերից։ Եվ որքան երկար եք ճանաչում մարդուն, այնքան ավելի լավ եք հասկանում՝ կարելի՞ է հույս դնել նրա խոսքի վրա։
7. Հետևեք, թե ինչպես է նա իրեն պահում վեճերի ժամանակ
Հանգիստ պայմաններում գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է հաճելի զրուցակից լինել։ Բայց երբ տարաձայնություններ են առաջանում, ինքնատիրապետումը երբեմն թուլանում է։ Հենց այդ ժամանակ էլ կարող են ի հայտ գալ բնավորության այնպիսի գծեր, որոնք նախկինում չէիք նկատել։
Կարո՞ղ է նա քննարկել խնդիրը՝ առանց անձնական վիրավորանքների անցնելու։ Կարողանո՞ւմ է լսել հակառակ կարծիքը։ Չի՞ փորձում նվաստացնել զրուցակցին, հիշեցնել նրա անցյալի սխալները կամ նրա դեմ օգտագործել այն գաղտնիքները, որոնք ժամանակին վստահվել են իրեն։
Հատկապես մտահոգիչ է, երբ մարդը յուրաքանչյուր վեճում ձգտում է անպայման հաղթել։ Նրան հետաքրքրում է ոչ թե խնդիրը լուծելը, այլ սեփական առավելությունն ապացուցելը։
Նման մարդու հետ վիճելուց հետո երբեմն նույնիսկ մոռանում եք, թե ինչից սկսվեց խոսակցությունը։ Փոխարենը ձեզ մեղավոր ու շփոթված եք զգում և անընդհատ արդարանալու կարիք եք ունենում։
Վիճելու ընթացքում հարաբերությունները չփչացնելու կարողությունը հուզական հասունության կարևոր նշաններից է։
8. Տեսեք, թե ինչպես է նա վարվում, երբ իրեն ոչ ոք չի տեսնում
Սա, թերևս, ամենահետաքրքիր դիտարկումն է։ Որոշ մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն հասարակության մեջ։ Նրանք քաղաքավարի են, ուշադիր և հոգատար, հատկապես երբ շրջապատում կան մարդիկ, ովքեր կարող են գնահատել իրենց պահվածքը։
Բայց արդյո՞ք նրանք նույն կերպ են վարվում, երբ իրենց ոչ ոք չի տեսնում։
Վերադարձնո՞ւմ են ուրիշի իրերը։ Պահո՞ւմ են իրենց խոսքը։ Ընդունո՞ւմ են մեղքը, երբ ոչ ոք չի կարող պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Կարո՞ղ են բարի գործ անել՝ առանց շնորհակալության կամ գովասանքի սպասելու։
Եթե մարդու համար ազնիվ ու պարկեշտ լինելը պարզապես լավ համբավ ունենալու միջոց է, ապա նրա համար ավելի կարևոր է լավ մարդ երևալը, քան իրականում այդպիսին լինելը։
Ահա թե ինչու առօրյա փոքրիկ արարքները երբեմն մարդու մասին ավելի շատ բան են պատմում, քան մեծ ու տպավորիչ քայլերը կամ գեղեցիկ հայտարարությունները։
Ինչո՞ւ ենք այդքան հաճախ սխալվում մարդկանց հարցում
Պատճառներից մեկն այն է, որ մենք հաճախ մարդկանց մեջ տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք տեսնել։ Եթե ինչ-որ մեկը մեզ դուր է գալիս, հակված ենք արդարացնել նրա թերությունները։ Մտածում ենք, որ նա պարզապես հոգնած է, դժվար շրջան է ապրում կամ վատ օր է ունեցել։
Եթե նա ուշադիր է մեր հանդեպ, ուզում ենք հավատալ, որ դա անկեղծ կապվածության նշան է։ Եթե գեղեցիկ է խոսում ազնվությունից, սկսում ենք հավատալ, որ ինքն էլ ազնիվ մարդ է։
Հոգեբանության մեջ կա մի երևույթ, որը կոչվում է լուսապսակի էֆեկտ։ Դա այն է, երբ մարդու որևէ դրական հատկանիշի ազդեցությամբ սկսում ենք նրան նաև այլ լավ հատկություններ վերագրել։ Օրինակ՝ հմայիչ մարդուն կարող ենք ինքնաբերաբար համարել բարի, վստահելի և ազնիվ, թեև իրականում դեռ բավարար հիմքեր չունենք այդպես մտածելու։
Ահա թե ինչու չարժե շտապել եզրակացություններ անել։ Պետք չէ ամեն նոր ծանոթի կասկածանքով վերաբերվել, փորձել բացահայտել նրա թաքնված կողմերը կամ հատուկ փորձությունների ենթարկել նրան։ Պարզապես պետք է ուշադրություն դարձնել, երբ նրա խոսքերն ու գործերը շարունակաբար հակասում են իրար։
Մարդուն ճանաչելու ամենապարզ միջոցը
Մի՛ դատեք մարդուն միայն այն տպավորությամբ, որ նա թողնում է ձեզ վրա, կամ նրանով, թե որքան լավ է վերաբերվում անձամբ ձեզ։ Փորձեք ավելի լայն նայել նրա պահվածքին։ Տեսեք, թե ինչպես է շփվում ուրիշների հետ, ինչպես է արձագանքում նրանց հաջողություններին, ընդունում մերժումը, խոստովանում սեփական սխալներն ու կատարում խոստումները։
Եվ հիշեք՝ մեկ սխալ արարքով չի կարելի դատել մարդու ամբողջ բնավորության մասին։ Կարևոր է հասկանալ՝ որքան հաճախ է կրկնվում այդ վարքը, ինչ հանգամանքներում է դա տեղի ունենում և արդյոք մարդը պատրաստ է ընդունել ու ուղղել իր սխալները։
Մարդը կարող է անվերջ խոսել իր բարության, ազնվության և ուրիշների հանդեպ հարգանքի մասին։ Բայց վաղ թե ուշ նրա առօրյա պահվածքը ցույց կտա, թե որքանով են այդ խոսքերը համապատասխանում իրականությանը։








