Պատահում է՝ կինը հիանալի տեսք ունի, հաջողությունների է հասնում աշխատանքում, հասցնում է կատարել առօրյա գործերն ու հոգ տանել հարազատների մասին, բայց ժամանակի ընթացքում դադարում է իրեն գրավիչ ու կենսուրախ զգալ։ Կարծես աննկատ կորցնում է կանացի էներգիան։ Կորչում է առանց հատուկ առիթի գեղեցիկ հագնվելու, մանրուքներով ուրախանալու, սիրախաղ անելու և նոր բաներ փորձելու ցանկությունը։ Հաճույքի ու ուրախության փոխարեն ավելի հաճախ զգում է հոգնածություն, դյուրագրգռություն և կարծես ապրում է միայն պարտականությունները կատարելու համար։
Հանրամատչելի հոգեբանության մեջ այս վիճակը հաճախ անվանում են կանացի էներգիայի կորուստ։ Սակայն այստեղ խոսքը ոչ թե ինչ-որ խորհրդավոր ուժի կամ կանացիության ընդունված չափանիշներին համապատասխանելու մասին է, այլ սեփական ցանկությունները հասկանալու, հոգեկան հավասարակշռությունը պահպանելու և կյանքից հաճույք ստանալու կարողության։ Կարևոր է նաև ուրիշների մասին հոգ տանելիս չմոռանալ սեփական կարիքները։
Որոշ սովորություններ աստիճանաբար խլում են կյանքից հաճույք ստանալու այդ զգացումը։ Ընդ որում, դրանցից շատերն առաջին հայացքից միանգամայն սովորական, խելամիտ և նույնիսկ օգտակար են թվում։
1. Դուք միշտ ուրիշների կարիքներն ավելի կարևոր եք համարում, քան սեփականը
Սկզբում թվում է, թե պարզապես հոգ եք տանում հարազատների մասին։ Հաշվի եք առնում նրանց ցանկությունները, հարմարվում տարբեր իրավիճակներին, հետաձգում սեփական ծրագրերը, որովհետև ինչ-որ մեկին ձեր օգնությունը կամ ուշադրությունն է պետք։ Սակայն ժամանակի ընթացքում ուրիշների մասին հոգ տանելն այնքան սովորական է դառնում, որ սեփական կարիքները մղվում են վերջին պլան։
Եվ գալիս է մի պահ, երբ դժվարանում եք պատասխանել ամենապարզ հարցին՝ իսկ ի՞նչ եք ուզում հենց Դուք։ Հանգստանա՞լ, հանդիպե՞լ ընկերուհիներին, գեղեցիկ իր գնե՞լ, մի փոքր մենա՞կ մնալ, թե՞ պարզապես ոչինչ չանել։
Սեփական ցանկությունները մշտապես զոհաբերելը կնոջը չի դարձնում ավելի սիրող կամ ավելի արժեքավոր։ Ընդհակառակը, դա կարող է հանգեցնել հուզական հյուծման։ Սեփական անձի մասին հոգ տանելը եսասիրություն չէ, այլ հոգեկան առողջությունն ու ներքին հավասարակշռությունը պահպանելու կարևոր պայման։
2. Դուք փորձում եք ամեն ինչ վերահսկել
Աշխատանքը, տունը, հարաբերությունները, հանգստյան օրերի ծրագրերը․ ամեն ինչ պետք է նախապես մտածված ու կազմակերպված լինի։ Դուք սովոր եք հույսը դնել միայն ձեզ վրա, ստուգել ուրիշների կատարած աշխատանքը և պատասխանատվություն վերցնել նույնիսկ այն գործերի համար, որոնք հանգիստ կարող էիք վստահել մեկ ուրիշին։
Շրջապատի աչքում Դուք կազմակերպված ու ինքնուրույն մարդ եք։ Սակայն ամեն ինչ վերահսկելու ցանկության հետևում հաճախ անհանգստությունն է թաքնված։ Վախենում եք, որ եթե անձամբ չհետևեք ամեն ինչին, ինչ-որ բան անպայման սխալ կընթանա։
Արդյունքում դժվարանում եք հանգստանալ, օգնություն խնդրել կամ պարզապես թույլ տալ, որ իրադարձություններն իրենց բնական հունով ընթանան։ Կյանքը վերածվում է անվերջ աշխատանքի, որտեղ Դուք միաժամանակ և՛ ղեկավարն եք, և՛ կատարողը, և՛ վերահսկողը։
Երբեմն արժե պարզապես թուլացնել վերահսկողությունը։ Ամեն հարց չէ, որ ձեր միջամտության կարիքն ունի, և եթե ինչ-որ բան ձեր պատկերացրածի պես չի ստացվել, դա դեռ աղետ չէ։
3. Դուք անընդհատ համեմատում եք ձեզ այլ կանանց հետ
Ուրիշ կանանց արտաքինը, հարաբերությունները, ճանապարհորդությունները, աշխատանքային հաջողությունները, հագուստն ու նույնիսկ տարիքը համեմատության առիթ են դառնում։ Սոցիալական ցանցերն էլ ավելի են ուժեղացնում այն տպավորությունը, թե բոլորն ավելի հետաքրքիր կյանքով են ապրում, ավելի երիտասարդ, հաջողակ ու երջանիկ են։
Աստիճանաբար սկսում եք թերագնահատել սեփական ձեռքբերումները։ Փոխանակ ուրախանալու նրանով, ինչ ունեք, ավելի շատ մտածում եք այն ամենի մասին, ինչը ձեզ պակասում է։
Այս սովորությունն աննկատ թուլացնում է ինքնավստահությունն ու խանգարում վայելել սեփական կյանքը։ Ի վերջո, որքանո՞վ է արդարացի ձեր սովորական առօրյան համեմատել ուրիշների կյանքի ամենագեղեցիկ ու խնամքով ընտրված պահերի հետ, որոնք նրանք ցուցադրում են սոցիալական ցանցերում։
Փորձեք ավելի հաճախ մտածել ոչ թե այն մասին, թե որքանով եք համապատասխանում ուրիշների պատկերացումներին հաջողության ու գրավչության մասին, այլ ինքներդ ձեզ հարցրեք՝ գո՞հ եք արդյոք ձեր սեփական կյանքից։
4. Դուք ձեզ թույլ չեք տալիս թույլ լինել
«Ես ինքս գլուխ կհանեմ», «Ոչինչ, սարսափելի բան չկա», «Բողոքելու պատճառ չունեմ»։ Եթե դժվարությունների հանդիպելիս սովորաբար այսպես եք արձագանքում, հնարավոր է՝ չափազանց երկար ժամանակ ինքներդ ձեզ ստիպել եք ուժեղ լինել։
Դուք ձեզ թույլ չեք տալիս հոգնել, տխրել, օգնություն խնդրել կամ ընդունել, որ որոշ իրավիճակներ պարզապես ձեր ուժերից վեր են։ Նույնիսկ երբ աջակցության կարիք ունեք, նախընտրում եք ամեն ինչ ինքնուրույն հաղթահարել։
Սակայն հոգեպես ուժեղ լինելը չի նշանակում երբեք թուլություն չցուցաբերել։ Սեփական զգացմունքներն ընդունելը, կարիքների մասին բաց խոսելն ու ուրիշների օգնությունն ընդունելը նույնպես ներքին ուժի դրսևորումներ են։
Պարտադիր չէ միշտ լինել հավաքված, գործունյա ու ինքնավստահ։ Երբեմն կարելի է պարզապես ընդունել, որ դժվար շրջան եք ապրում, և հիմա ձեզ համար հեշտ չէ։
5. Դուք հաճույքն անընդհատ հետաձգում եք
Նախ պետք է ավարտել աշխատանքը, հետո զբաղվել տան գործերով, կարգավորել փաստաթղթերի հետ կապված հարցերը, օգնել հարազատներին, տունը մաքրել։ Եվ միայն դրանից հետո, եթե ժամանակ ու ուժ մնա, կարելի է մտածել նաև սեփական ցանկությունների մասին։
Բայց խնդիրն այն է, որ այդ «հետո»-ն անընդհատ հետաձգվում է։ Գեղեցիկ զգեստը սպասում է հատուկ առիթի, թատրոն գնալը՝ ազատ երեկոյի, արձակուրդը՝ հարմար պահի, իսկ սիրելի զբաղմունքը՝ այն օրվան, երբ վերջապես բոլոր գործերն ավարտված կլինեն։
Սակայն լիարժեք ապրելու համար պարտադիր չէ նախ ավարտել բոլոր պարտականությունները։ Եթե ուրախությունն անընդհատ հետաձգեք, մի օր կարող եք նկատել, որ ձեր կյանքում գրեթե ոչինչ չի մնացել՝ բացի աշխատանքից ու առօրյա հոգսերից։
Պարտադիր չէ տոնի սպասել՝ ձեզ համար ծաղիկներ գնելու, գեղեցիկ հագնվելու, ռեստորան գնալու կամ պարզապես հաճելի երեկո անցկացնելու համար։ Հաճույքը չպետք է լինի պարգև, որին արժանանում եք միայն բոլոր գործերն անթերի կատարելուց հետո։
6. Դուք դադարել եք ուշադրություն դարձնել սեփական ցանկություններին
Սա թերևս ամենադժվար նկատելի սովորությունն է։ Երբ կինը երկար ժամանակ ապրում է միայն պարտականություններով ու հոգսերով, աստիճանաբար մոռանում է, թե իրականում ինչն է իրեն ուրախացնում և հաճույք պատճառում։
Նա ընտրում է ոչ թե այն, ինչ իրեն դուր է գալիս, այլ այն, ինչ հարմար է։ Անում է ոչ թե այն, ինչ ուզում է, այլ այն, ինչ ճիշտ է համարվում։ Զբաղվում է ոչ թե իրեն հետաքրքրող, այլ անհրաժեշտ գործերով։
Ժամանակի ընթացքում նույնիսկ ազատ ժամանակ ունենալը կարող է շփոթության մեջ գցել։ Ինչո՞վ զբաղվել, ո՞ւր գնալ, ի՞նչ անել։ Թվում է՝ վերջապես կարող եք ինքներդ որոշել, թե ինչպես անցկացնել օրը, բայց այլևս չեք հասկանում, թե իրականում ինչ եք ցանկանում։
Ինքներդ ձեզ վերագտնելու համար երբեմն բավական է սկսել մի քանի պարզ հարցից։
- Ի՞նչն է ինձ ուրախացնում։
- Ի՞նչն է իսկապես հետաքրքրում ինձ։
- Ի՞նչ եմ վաղուց ուզում անել, բայց անընդհատ հետաձգում եմ։
Պարտադիր չէ միանգամից փոխել ամբողջ կյանքը։ Սկզբի համար բավական է պարզապես նորից ուշադրություն դարձնել սեփական ցանկություններին։
Կանացի էներգիա ունենալ չի նշանակում միշտ կատարյալ լինել
Կանացի լինելը չի նշանակում անընդհատ ժպտալ, անթերի տեսք ունենալ, միշտ հանգիստ լինել ու ոգեշնչել շրջապատին։ Կինն իրավունք ունի հոգնելու, զայրանալու, մեծ նպատակներ ունենալու, մերժելու, փոխելու իր որոշումները և չարդարացնելու ուրիշների սպասելիքները։
Հնարավոր է՝ կանացի էներգիայի իրական կորուստը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ դադարում եք համապատասխանել կանացիության մասին ընդունված պատկերացումներին, այլ երբ չափազանց երկար ժամանակ ապրում եք ոչ այնպես, ինչպես ինքներդ կցանկանայիք։
Եվ այդ էներգիան վերականգնելու համար պետք չէ հետևել հերթական կանոններին։ Շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ինքներդ ձեզ, հաշվի առնել սեփական ցանկությունները, պաշտպանել անձնական սահմաններն ու չմոռանալ այն ամենի մասին, ինչն իսկապես երջանկացնում է ձեզ։








